«Ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին»

Ասում է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը

 
– Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ սկսվեցին: Արդյոք սահմանադրական իրավունքը վերականգնելու միակ ճանապարհը երկխոսությո՞ւնն է: 
– Երկխոսության գաղափարը, դեռևս 2011 թվականին, ՀԱԿ-ն էր մշակել ու փորձել կիրառել այն: Սակայն այն ժամանակ, ինչպես գիտենք, դա չստացվեց: Հիմա լրիվ այլ, իր նախորդից ամեն ինչով տարբեր, լեգիտիմ նախագահը կրկին դիմում է երկխոսության: Կրկնությունը դա հաստատում է, ուրեմն օբյեկտիվորեն դա միակ ճիշտ ու հնարավոր ուղին է: Այն, թե ինչպե՞ս է երկխոսությունն իրականացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ` անում է այնպես, ինչպես հնարավոր է, առանձնապես բացթողումներ, ձախողումներ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ես չեմ տեսնում:
Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու երեք ձև կա` ընտրություն, երկխոսություն և ապստամբություն (խաղաղ կամ ոչ), ընտրությունը կեղծվում է, ձախողվում, ուրեմն` օրակարգում այժմ երկխոսությունն է: Թեպետև իշխանությունը ընթացիկ երկխոսության ընթացքում ոչ ադեկվատ պատասխաններ է տալիս, բայց ընթացքը շարունակվում է, օրակարգի մեջ է, դրա կրկին ձախողման ողջ պատասխանատվությունը ու հետևանքներն ընկնելու են իշխանության վրա:
– ՀԱԿ-ի օրինակով կարող ենք փաստել, որ երկխոսություն նույն իշխանության հետ չստացվեց: Ի՞նչն է փոխվել այս անգամ, որ արդարացված եք համարում երկխոսության ճանապարհը:
– Հուսադրողից առաջ անդրադառնամ մտահոգիչ կողմին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անպատասխանատու հասարակության զգալի մասը չի հասկանում երկխոսության իմաստը, ու մեղադրում է կողմերին, ինչպես ժամանակին ՀԱԿ-ին էր մեղադրում: Բայց նույն մեղադրող հասարակությունն ընդունակ չէ առաջարկել այլ տարբերակ` եթե ոչ երկխոսություն, ապա` ի՞նչ: Ապստամբության կոչի պատասխանատվությունն այդ մարդիկ իրենց վրա չեն վերցնում: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանից, իր թիմը շատ է տարբերվում Կոնգրեսից, բայց ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել Սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին: Հուսադրողը երևի թե այն է, որ, ենթադրում եմ, հասարակության ավելի լայն շերտն է հիմա գիտակցում ու հավանության արժանացնում երկխոսությունը, քան նախկինում:
– Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների շրջանակներում, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երկխոսել, չափազանցված չե՞ն այդ պահանջները:
– Սերժ Սարգսյանն` անձամբ չգիտեմ, բայց իշխանությունն ամբողջությամբ արդեն երկրորդ անգամ պարտվում է նախագահական ընտրություններում, ինչից հետո տեղի է ունենում ժողովրդական բողոք, առաջարկվում է երկխոսելու քաղաքակիրթ մեթոդը` հարցը լուծելու համար: Երկրորդ անգամ դիմելով երկխոսությանը, իշխանությունը երկրորդ անգամն է հաստատում, որ նա լեգիտիմ չէ, ընդունում է իր լեգիտիմության հետ կապված խնդրի գոյությունը: Իսկ կրկնությունը դա հաստատում է: Տարիներ գոյատևելով սեփական անլիարժեքության գիտակցության մթնոլորտում, իշխանական որոշ օղակները սկսում են զգալ, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, այսպես չի կարելի: Իսկ հենց բռնակալ իշխանությունն իրականացնում է փոքր, բայց, ըստ էության, շեշտակի փոփոխություն, դրան անխուսափելիորեն հաջորդում է երկրորդ քայլը, երրորդը, չորորդըգ Փոփոխությունների ընթացքն էլ կհանգեցնի բռնապետական բուրգի քայքայմանը, որովհետև բուրգին հարկավոր է լինել անփոփոխ, ստաբիլ: Իրենց պատկերացմամբ, ստաբիլությունն անփոփոխություն է, անգամ անձերի մակարդակով:
– Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, կարծում եք, ուղղվա՞ծ են Ձեր նշած ստաբիլությունը կոտրելուն:
– Կարծում եմ` այո: Կարելի է անգամ համարձակ եզրակացություն անել, որ երկխոսությունների արդյունքում, որոնց վերջնական նպատակը փոփոխությունն է, կքաղաքականացվի հենց ՀՀԿ-ն: Կուսակցության ներսում քննարկումներ կսկսվեն, խոսակցություններ, գոնե իրենց գոյությունը հիմնավորելու անհրաժեշտությունից: Իսկ երբ սկսվում է խոսակցություն, արդեն առողջ պրոցես է ազդարարվում` ի տարբերություն լռության, ստաբիլացման: Իշխանության որոշ հատվածներ սկսում են մտածել, թե ինչպե՞ս կարելի է պահպանել իրենց անձնական դիրքերն անգամ իշխանափոխության դեպքում, սկսում է ներքին պառակտում: Կարևորն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները զգացում են առաջացնում իշխանության առաջ, որ ինչ-որ բան պետք է զիջել: Հենց ինչ-որ բան զիջեցիր` զիջելու պահանջներն ավելանում են: Այս տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ, թե ի՞նչ պահանջներ են դրվում, կարևորն այն է, որ դրանք բարդ են:
– Պարոն Նեդոլյան, Ձեզ համար հասկանալի՞ էր, թե ինչու այդպես էլ փետրվարի 18-ից հետո ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չհամախմբվեցին այն գաղափարի շուրջ, ինչի համար հինգ տարի շարունակ պայքարեց Կոնգրեսն, ու հիմա էլ պայքարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: 
– Սա հասարակության մեջ համար մեկ խնդիրն է, որն այդպես էլ մնաց անպատասխան: Ես կարծում եմ, որ Սահմանադրական իրավունքի արժեքը չի ընկալվում մարդկանց կողմից: Ինչպես առաջ չէր ընկալվում, որ ՀԱԿ-ն է իրենից ներկայացնում Սահմանադրական իրավունքի իրականացնողը, այնպես էլ հիմա չի ընկալվում, որ 2013 թվականից Սահմանադրական իրավունքի իրականացնողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ ձևակերպեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է 2013 թվականի ընտրված նախագահը, բայց քաղաքական շրջանակներում այն արժեքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է Սահմանադրական իրավունքի կրողը, չի ընկալվում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա հիմա ինքնադրսևորվում է: Երբ կատարվում է ինքնադրսևորման գործընթացը, սկզբից արվում է հակառակման ձևով: Երբ մեկն ուզում է ապացուցել, որ ինքը կա, գոյություն ունի, ձեռք է բերում հակառակվելու, տարբերվելու էմոցիա, ցանկություն, որպեսզի հաստատվի` որպես քաղաքական առանձին միավոր, սահմանում է իրեն` իբրև առանձին քաղաքական հանրություն: Դա կտրուկ տարբերվում է Կոնգրեսի նախկին դիրքորոշումից, երբ նա իրեն սահմանում էր իբրև միասնություն, որը միավորում է կամ ձգտում է միավորել այն ամենն, ինչն իշխանություն չէ: Ինչ վերաբերում է դա գնահատելուն` ապա այժմ արդեն պետք է գնահատել այդ` երկրորդ տեսանկյունից, ոչ թե իբրև համընդհանրություն ստեղծելուն, այլ առանձնահատկություն ստեղծելուն ուղղված փորձ: Ափսոս միայն, որ այդքան անհարմար ժամանակ գտավ դա անելու: Մեզանում քաղաքական առանձին միավորները, քաղաքական ինքնուրույն դիմագիծ ունեցողները շատ չեն` ՀՅԴ-ն է, որը, լավ կամ վատ, բայց ունի իր դիմագիծը, կար ՀՌԱԿ-ը, որը գրեթե զրոյացավ, նույնն էլ Կոմկուսը, իսկ ՀԱԿ-ը ու Դաշնակցությունը հավանաբար այն երկուսն են լինելու, ով կկարողանա ապրել քաղաքական կյանքով` չլինելով իշխանություն: Իսկ, օրինակ, ՀՀԿ-ի դիմագիծը կերևա իշխանափոխությունից հետո` կա՛մ այդ կուսակցությունը կմնա քաղաքականությունում, չլինելով իշխանավոր, կա՛մ` ոչ:
– Նշեցիք, որ ՀԱԿ-ն ինքնադրսևորման համար անհարմար ժամանակ է ընտրել: Ի՞նչն է հիմա խանգարում ինքնահաստատվել: 
– Հասարակության համար լեգիտիմ թեկնածուի սատարումը, լեգիտիմության հաստատումն այս փուլում, կարծում եմ, ավելի կարևոր է: Կամ այդ երկուսի համադրումը` այս օրերին հրապարակում գտնվելը, կարծում եմ, ՀԱԿ-ի համար նաև ինքնասահմանվելու ավելի հաջող տարբերակ կարող էր լինել:
– Այդ դեպքում չհամախմբվելը, ինչպես ասացիք, Սահմանադրական իրավունքի այսօրվա կրողի շուրջ, ստվեր չի՞ գցի ՀԱԿ-ի հետագա գործունեության վրա: 
– Ինչպես ՀԱԿ-ը հիմա չի մոռանում Րաֆֆի Հովհաննիսյանին, որը 2008 թվականին չաջակցեց ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, իբրև ընտրված նախագահի, այնպես էլ տարիներ հետո ՀԱԿ-ինը չեն մոռանալու: Սա փակ շղթա է, որը կարող է բացվել միայն կուսակցություններից մեկի խիզախ ու վեհանձն քայլի հետևանքով, որը պետք է բխի ոչ թե սեփական շահերից, առանձնանալու ցանկությունից, այլ հասարակական պահանջից: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բավական տգեղ ձևով է դրսևորվում, երբ ասում է, թե մենք առաջին, խաղաղ, սահմանադրական շարժումն ենք: Կարծելով, որ դրանով վիրավորում է Տեր-Պետրոսյանին, նա իրականում վիրավորում է այն հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր դուրս են եկել հրապարակ` իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանելու, որոնցից շատերն այժմ էլ կանգնած են հրապարակում: Սա փոխադարձ լեգիտիմությունը չընդունելու հետևանք է: Հիմա, քանի որ այժմ պատասխանատվությունը հիմնականում Րաֆֆի Հովհաննիսյանի վրա է, ով հասարակության մեծամասնության անունից է խոսում, կարծում եմ, նա կարող է ստանձնել արատավոր շղթայի բացման դերը: Այնպես է ստացվել, որ ընդդիմության ձայները երկու մասի են բաժանվել` Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ-ի ձայներ: Երրորդ ձայնի` հենց կուսակցություններով ու առաջնորդներով չուղղորդված հասարակության ձայնի պակասությունը կամ թուլությունը հանգեցրել է նրան, որ կուսակցությունները մոռացել են, որ իրենք, ինչպես ասել է առաջին նախագահը, գործիք են մարդկանց համար` հասնելու Սահմանադրական իրավունքի վերականգնմանը: Մինչև այս երրորդ ձայնը չառաջանա, այս խնդիրը լինելու է, անկախ նրանից, թե ովքե՞ր են անձինք:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին ու դրա դադարեցմանը:
– Րաֆֆիի և՛ առաջին հացադուլին, և՛ երկրորդին, և՛ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, վատ եմ վերաբերվում: Մեջբերեմ Իզաբելլա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. նա ասում է, որ դրանք արժեզրկում են հացադուլը, որն առաջ պայքարի բացառիկ, ծայրահեղ, մահացու միջոց էր, որովհետև բռնակալները գիտեին, որ դրան կարող են հետևել մահ և ապստամբություն, ու սարսափում էին անգամ սովետական դասական բռնատիրության պայմաններում: Բայց, միևնույն ժամանակ, խիստ չէի դատապարտի ոչ Րաֆֆիին, ոչ Անդրիասին, մեր քաղաքական փորձը դեռ 25 տարվա է, նշանակում է` մենք քաղաքականության մեջ ունենք դեռևս ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ էնտուզիաստներ: Այդ առումով Անդրեասն էլ, Րաֆֆին էլ բարեխիղճ են, տրվող են, անում են` ինչ կարող են, ինչքան որ հնարավոր է: Պրոֆեսիոնալի կերպարը ամենաշատը մարմնավորում է Տեր-Պետրոսյանը, և շատ ափսոս, որ այժմ նա հրապարակում չէ: Այ, եթե լիներ նրա կոնցեպտուալ, գիտակցության լույսով թափանցված կեցվածքը, դրան գումարած` Րաֆֆիի էմոցիոնալությունը, նախաձեռնողականությունը, ջերմությունը, դինամիզմը, որոնք հենց քաղաքական կարևոր հատկություններ են, դրան էլ գումարեինք Բագրատյանի` ապագա երկրի, պետության տեսլականին հասնելու առարկայական պատկերացումները` կլիներ հենց այն հրապարակը, որը մեզ` քաղաքացիներիս, հարկավոր է: Եվ կրկնեմ` մենք պետք է ձև գտնենք կարողանալու` մեր ցանկությունը, մեր շահը ձևակերպել իբրև պահանջ, որովհետև մենք ենք սահմանադրական իշխանության աղբյուրը և գերագույն կրողը:
– Հետընտրական այս գործընթացներում ԲՀԿ-ի դիրքորոշումը Ձեզ համար հասկանալի՞ է:
– ԲՀԿ-ն դիրքորոշում չի հայտնում: Իր հիմնական շանսն այս ուժը կորցրեց, երբ չմասնակցեց նախագահական ընտրություններին: ԲՀԿ-ն պոտենցիալ ուժ էր, որը կարող էր ինչ-որ պահի իրեն գցել նժարի այս կամ այն կողմը: Չանելով դա, մնալով հավերժ պոտենցիալ ու երբեք ոչ ակտուալ` «Բարգավաճ Հայաստանն» աստիճանաբար փոքրանում է, կորցնում է իր ուժը ու ապագայում դեր ստանձնելու հնարավորությունը:
– Դուք և՞ս այն կարծիքին եք, որ երկխոսության հանգուցալուծումը պետք է կայանա մինչև ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը: 
– Հասարակության համար ապրիլի 9-ը կարևորվում է նրանով, որ ինչ-որ սիմվոլիկ արարողության ձևով Րաֆֆի Հովհաննիսյանը կհաստատի, որ ընտրված նախագահ է, չի հրաժարվի դրանից: Մեզ չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի երդվելը Սահմանադրության վրա, որովհետև նա ընտրված նախագահ չէ: Չեմ կարծում, թե երկխոսությունը դրանից հետո չի կարող շարունակվել: Կոնգրեսի երկխոսության առաջարկը հիշո՞ւմ եք, միայն երեք տարի հետո արվեց` 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Այնպես որ, այս ժամկետը ճակատագրական նշանակություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս