Թուրքիայի Իմաստունների խորհուրդը 3 ամսում կպատրաստի «Քրդական հարցի» լուծման մասին իր զեկույցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Իմաստունների խորհուրդը, որում ներկայացված են հասարակական կազմակերպությունների, ակադեմիական ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչները երեք ամսվա ընթացքում կառավարության համար զեկույց են պատրաստելու «Քրդական հարցի» լուծման մասին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վաղը Ստամբուլում հանդիպելու է 49 մարդուց բաղկացած այդ խորհրդի ներկայացուցիչների հետ և ներկայացնելու է «Քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նշվում է, որ Էրդողանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է հատուկ ծառայությունների ղեկավարության, Արդարադատության նախարարի ու երկու փոխվարչապետների՝ Բեշիր Աթալայի ու Բեքիր Բոզդաղի հետ և քննարկել է «Քրդական հարցում» կառավարության ռազմավարությունը:
Հիշեցնենք, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը սրանից առաջ հայտարարել էր, որ Իմաստունների խորհրդում պետք է ներգրավվեն նաև ազգային բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև հայերը: