Բաժիններ՝

«Մենք ոչինչ չենք արել. Երևանը վաղուց պետք է հզոր անտառային շերտի մեջ լիներ»

Հայաստանի քաղաքներում մթնոլորտային օդն աղտոտող հիմնական նյութերը 3-ն են` օզոնը, ազոտի երկօքսիդը և փոշին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտաարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանը: «Ալավերդիում աղտոտիչներից է նաև ծծմբի երկօքսիդը, որն ուղղակիորեն առնչվում է պղնձաձուլական կոմբինատի հետ: Տարեկան 25 հազար տոննա ծծմբի երկօքսիդ արտանետվում է մթնոլորտ: Եթե հաշվի առնենք, որ այդ կոմբինատը ձորի մեջ է, բնականաբար, դրա ահագին մասը նորից նստում էր քաղաքի վրա: Երբ արտանետման խողովակը ձորի միջից բարձրացվել է սարի բավական բարձր հատված, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան  նվազել է 1,5-2 անգամ: Այնուամենայնիվ, դրա կոնցենտրացիան շարունակում է մնալ բարձր: Երևանում, Գյումրիում ռեալ խնդիրը փոշին է: Մնացած վայրերում, որպես այդպիսին, իմ կարծիքով, լուրջ խնդիր չկա: Պոտենցիալ խնդիրներ կան, որոնցով կարելի է զբաղվել, որ խնդիրներ չդառնան»,- ասաց նա:

Սեյրան Մինասյանի խոսքով՝ Երևանում մթնոլորտային օդն աղտոտող նյութերից մեկը ազոտի երկօքսիդն է, որն, ըստ էության, այրման պրոցեսների արգասիք է՝ ջեռուցում, ավտոտրանսպորտ. «Այն սերտորեն առնչվում է նաև բուսական և կենդանական մնացորդների քայքայման հետ: Երևանում ուրիշ խնդիր, որպես այդպիսին, չկա: Փոշին Երևանում բարձր է: Փոշու հարցը մի փոքր բարդ է: Հարցը նրանում է, որ Երևանը գտնվում է կիսաանապատային և կիսատափաստանային գոտիների եզրին: Քաղաքի հարավային մասն, ըստ էության, կիսաանապատային գոտի է, հյուսիսային մասը՝ կիսատափաստանային: Երևանը միշտ փոշոտ է եղել: 1805-ին էր, որ ցարական Ռուսաստանն առաջին անգամ փորձ արեց գրավել Երևանը: Մինչ այդ հետախույզներ էին ուղարկվել Երևան: Ես կարդացել եմ հետախույզներից մեկի հաշվետվությունը, որն ասում էր, որ ժամը 5-ին փոշին բարձրանում էր, բոլորի կոպերը կարմրած էին, աչքերը՝ աղտոտված, այսինքն՝ այն ժամանակվանից ոչինչ չի փոխվել: Զարգացած հասարակություններում շրջապատն անտառապատվել է, որոշակի դրական ազդեցություն է գործվել՝ այս խնդիրը մեղմելու համար: Մենք ոչինչ չենք արել. Երևանը վաղուց պետք է հզոր անտառային շերտի մեջ լիներ: Չենք արել, հիմա էլ չենք անում: Հասարակությունն էլ չի անում, պետությունն էլ: Լավ է՝ գոնե սկսել են խոսել դրա մասին: Այդ փոշին որևէ արդյունաբերական ձեռնարկության արտանետում չէ, բնական է այդ փոշին, բայց մենք դա կարող ենք նվազեցնել: Դժվար խնդիր չէ, ցանկության հարց է»:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտաարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանն ասաց նաև, որ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների նորմատիվների խնդիրներ ևս կան: «Խորհրդային շրջանից մինչև այսօր ֆիքսված է որոշակի թիվ, և ասվում է, որ դրանից բարձրը վատ է, ցածրը՝ ընդունելի: Հարցը նրանում է, որ այդ թվերը շատ վիճելի են նաև գիտական առումով: Կախված նրանից, թե ո՞ր երկրում, ո՞ր քաղաքում, ինչպիսի՞ նորմատիվներ են ընտրված, նույն կոնցենտրացիան կարելի է համարել աղտոտում կամ նորմալ վիճակ: Դրանց գիտական հիմնավորվածությունը հաճախ վիճելի է:  Այս առումով դեռ շատ անելիքներ կան: Իմ մոտեցմամբ՝ լավ է այն, ինչ մոտ է բնական վիճակին: Օրինակ՝ խորհրդային տարիներին գետնամերձ շերտի օզոնի համար ընդունված է եղել 40 միկրոգրամ/մետր3 կոնցենտրացիան: Մենք դրանով ենք աշխատում: Եթե այդ կոնցենտրացիայից բարձր է լինում, մենք ասում ենք, որ մթնոլորտն աղտոտված է: Երևանում ամառվա ամիսներին նման խնդիր ունենում ենք, ձմռանը կոնցենտրացիան ցածր է: Բայց մենք մի փորձ ենք արել: Ամբերդում 2100 մ բարձրության վրա միջազգային կայան կա, որը բոլոր բնակավայրերից բարձր է, աղտոտում չկա: Օզոնի կոնցենտրացիան մեզ մոտ ընդունված նորմի համեմատ՝ 2,5-3 անգամ մշտապես բարձ է: Երբ քննարկեցինք այն ինստիտուտների հետ, որոնք զբաղվում են այդ հարցերով, պարզվեց, որ մեր աշխարհագրական լայնության համար դա է նորմալ: Խորհրդային տարիներին ընդունված նորմատիվները հյուսիսային աշխարհագրական լայնության համար են նորմալ, օրինակ, Սանկտ Պետերբուրգի համար: Բնական է, որ արևի ռադիացիան Հայաստանում և մեկ այլ բնակավայրում այնքան տարբեր են իրարից, որ չի կարող Լենինգրադի և Սանկտ Պետերբուրգի արևի ինտենսիվությունը համեմատվել Երևանում արևի ինտենսիվության հետ, իսկ  օզոնի կոնցենտրացիան ուղղակիորեն կապված է արևի ճառագայթման հզորության կամ ինտենսիվության հետ: Այսպիսի բազմաթիվ խնդիրներ կան»:

Սեյրան Մինասյանի խոսքով՝ նման պայմաններում առաջանում են, այսպես կոչված, կեղծ էկոլոգիական խնդիրներ: Նրա կարծիքով՝ սա պակաս կարևոր խնդիր չէ, քան որևէ գետի մի հատվածի աղտոտումը: Ըստ էության, այն իրական խնդրներից շեղող ինֆորմացիա է, որը պայքարը շեղում է կեղծ թիրախների վրա, և էկոլոգիական ավելի բարվոք իրավիճակի համար տարվող պայքարի ընդհանուր արդյունավետությունն, ըստ մասնագետի, թուլանում է: Ըստ Սեյրան Մինասյանի՝ նման պայմաններում հաճախ շատերը շահարկում են այդ հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս