Ուրացումը խրախուսվում է, դավաճանությունը՝ վարձատրվում․ Պետության կողմից

«Լեգիտիմությունն» ամենայնից վեր հռչակած Հայաստանի իշխանությունը բոլոր հարցերում առաջնորդվում է պեդանտիզմի աստիճանի ֆորմալացման պաշտամունքով՝ թքած ունենալով երևույթների ներքին բովանդակության, անտեսանելի շերտերի վրա։ Արցախի հանձնումն այդպես ներկայացվեց՝ որպես «լեգիտիմության» հաղթանակ, Հայաստանի տարածքները հեշտությամբ տրվեցին Ադրբեջանին՝ կրկին «քարտեզային լեգիտիմության» դեմագոգիկ հիմնավորմամբ։

Նիկոլ Փաշինյանի համար նշանակություն չունեցավ, որ այդ «լեգիտիմության» տակ թաքնված էր ավելի քան երեքհազարամյա հայկական հող, դրա համար մի քանի պատերազմներում զոհված հազարավոր կյանքեր, նա թքած ունեցավ, երբ քարտեզը ձեռքն առած՝ միլիմետրի ճշտությամբ վերականգնում էր «Ադրբեջանի լեգիտիմությունը»՝ հայերի համար հայրենիք հանդիսացող սահմանային հողերը հանձնելով։ Հայաստանի կառավարումը նրա համար վերածվել է կանխամտածված ինքնասպանության ակտի, պարզապես նա ամեն ինչ անում է, որ պետականության կործանումը նույնպես դրվի «լեգիտիմ հիմքերի վրա»։

Սա պոպուլիստներին բնորոշ գործելաոճ է՝ կառչել օրենքի ֆորմալ, մակերեսային շերտից՝ «օրինականության» շղարշի տակ այլասերելով օրենքները, արժեքները, մարդկանց, հասարակությունը, պետությունը։

Ճիշտ նույն սկզբունքով Նիկոլ Փաշինյանը փորձում է սպառնալ/սիրաշահել խայտառակ շինծու մեղադրանքով կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի աշխատակիցներին։

Կարդացեք նաև

Այսօր` հուլիսի 4-ին, ի պաշտպանություն Ս Կարապետյանի՝ նրա աջակիցները նախաձեռնել են խաղաղ երթ, որին ենթադրաբար մասնակցելու են գործարարին պատկանող բազմաթիվ ընկերությունների, ըստ ամենայնի, նաև ՀԷՑ-ի աշխատակիցները։

Մասնակցելու են ոչ թե՝ որովհետև նրանց պարտադրելու են, այլ՝ որովհետև դա է պահանջում ամենապարզ մարդկային բարոյականությունն ու նույնքան անբարդ բանականությունը։ Հազարավոր մարդիկ տարիներ շարունակ աշխատում են Կարապետյանի կողմից կատարված ներդրումների արդյունքում ստեղծված կազմակերպություններում։ Եվ պարզագույն պարկեշտությունը թելադրում է, որ հանիրավի ազատազրկված գործչին պատկանող ընկերության աշխատակիցները՝ առաջին հերթին ներքին մղումով, սովորական երախտիքի բերումով պետք է մասնակցեն ի պաշտպանություն նրա կազմակերպվող երթին։

Իսկ բանականությունը զուգահեռաբար հուշում է, որ դրան պետք է մասնակցեն ոչ միայն Կարապետյանին պատկանող կազմակերպությունների աշխատակիցները, այլ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր գիտակցում են՝ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ։

Այս պայմաններում Փաշինյանը՝ առաջնորդվելով «ամեն մեկը դատում է սեփական փչացածությանը համապատասխան» սկզբունքով, առանց որևէ փաստի ենթադրում է, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպելու են մասնակցել այդ երթին, և մարդկանց սպառնում է հեռացնել աշխատանքից, խոստանալով  խրախուսել չմասնակցության համար։

Այսինքն՝ պետության դե ֆակտո ղեկավարը՝ առաջնորդվելով իրենց ձեռնտու ենթադրությամբ, կառչելով օրենքի ձևական կողմից, մարդկանց դրդում է երախտամոռության, դավաճանության ու խոստանում առավել աչքի ընկնող ապերախտներին խրախուսել։

Ճիշտ սեփական անձի հանգույն։ Արդեն հինգ տարի հասարակության մեծամասնության կողմից դավաճանության մեջ մեղադրվողի համար ցանկալի է ունենալ իր նման «դավաճաններ», ընդ որում՝ որքան շատ՝ այնքան լավ։ Նա պարզ առաջարկում է իր օրինակով ուրանալ հացը, թքել շնորհակալ լինելու պարկեշտության կանոնի վրա ու վարձատրվել՝ որպես դավաճան։

Իսկ նման դեպքերում անհրաժեշտ պաշտոնական ձևակերպումներ ու օրենքներին կատարվող հղումներ միշտ էլ կգտնվեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս