
Վենեսուելայում մեկնարկում է նախընտրական կամպանիան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում արտահերթ նախագահական ընտրություններից առաջ մեկնարկում է նախընտրական կամպանիան: Այդ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ծագեց մարտի 5-ին նախագահ Ուգո Չավեսի մահանալուց հետո:
Ազգային ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 14-ը, իսկ նախընտրական կամպանիայի համար սահմանել է չափազանց սեղմ ժամկետ՝ ապրիլի 2-11-ը:
Վենեսուելայում իշխող Միասնական սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն:
Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր բլոկի միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսն է, ով նախորդ տարվա հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում արդեն իսկ պայքարել է պետական բարձրագույն պաշտոնի համար: Այն ժամանակ նա հավաքել էր քվեների 44 տոկոսը և զիջել էր գործող նախագահ Ուգո Չավեսին՝ 55 տոկոս:
Հարցախույզները վկայում են, որ Մադուրոյին պատրաստ է աջակցել ընտրողների մոտ կեսը: Միևնույն ժամանակ Կապրիլեսին աջակցում է վենեսուելացիների մոտ 35 տոկոսը: Կապրիլեսը հեռուստաբանավեճի է կանչել Մադուրոյին: