Նանոմասնիկների օգնությամբ հնարավոր է քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստանալ
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վարդան Գասպարյանի հետ
– Ձեր ղեկավարած լաբորատորիան ստեղծվել է մոտ 1-1.5 տարի առաջ, իսկ մինչ այդ մի խումբ գիտնականներով էիք աշխատում նանոտեխնոլոգիաների ուղղությամբ, կպատմե՞ք այդ մասին:
– Խումբը և լաբորատորիան ունեն մոտավորապես նույն կազմը: Հիմնականում փորձում ենք նանոտեխնոլոգիական մեթոդները կիրառել բժշկական ախտորոշման մեջ, հետագայում, եթե մի քիչ հաջող ստացվի այս մոտեցումները, կարող են օգտագործվել թերապիայի մեջ, դեղերի` թիրախային տեղ հասցնելու համար: Նանոմասնիկը կարող ես կապել անհրաժեշտ դեղամիջոցը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ` կապել այնպիսի մոլեկուլի հետ, որը կուղղորդի դեղամիջոցը` դեպի համապատասխան թիրախ: Ներկայում, երբ դեղը տալիս են հիվանդին, օրինակ` հակաբիոտիկը, այն սկսում է տարածվել ամբողջ օրգանիզմով, ինչը այդքան էլ արդյունավետ չէ, և այդ պատճառով դեղի թերապևտիկ դոզաները պետք է լինեն բավականին բարձր: Ներկայում մենք ուսումնասիրում ենք նանոտեխնոլոգիաների հնարավորությունները բժշկական ախտորոշման մեջ: Նանոտեխնոլոգիաները թույլ են տալիս փոխել ավանդական իմունոֆերմենտային անալիզների եղանակները, որոնք բազմաէտապ են, և կախված անալիզից` կարող են արդյունքները փոխվել: Իսկ այդ ամենը միատարրություն չի ապահովում, մինչդեռ նանոտեխնոլոգիաները սկզբունքորեն թույլ են տալիս մի էտապով անել այդ ամենը: Իսկ որքան էտապները քիչ են, այնքան դրանց ճշգրտությունը մեծ է: Բացի այդ, նանոմասնիկները կարելի է օգտագործել որպես «լրտես»` բջջային նուրբ պրոցեսները ուսումնասիրելու համար:
– Որոշ օրինակներ կբերե՞ք:
– Կարելի է, օրինակ, ստանալ մագնիսական նանոմասնիկներ, օգտագործել դրանք քաղցկեղային բջիջները ստանալու համար և օգտագործել այդ հիվանդության նկատմամբ պատվաստանյութ ստանալու համար: Մեկ այլ տիպի նանոմասնիկները կարող են «տեսանելի» դարձնել քաղցկեղային բջիջները հյուսվածքներում:
– Ձեզ հաջողվել է ոսկու և արծաթի տարբեր չափերի նանոմասնիկներն օգտագործել ախտորոշման մեջ:
– Այո, այդ նանոմասնիկները մեզ հաջողվել է օգտագործել ախտորոշման մեջ, որոշակի հայտնի ախտորոշական ցուցանիշներ (մարկերներ) չափելու համար, օրինակ` բորբոքման ցուցանիշը, ինֆարկտի ցուցանիշը: Բացի այդ, օգտագործելով արծաթի նանոմասնիկները` կապված որոշակի սպիտակուցի հետ, հնարավոր է դարձել չափել տարբեր բակտերիաների քանակը պարզ ֆոտոմետրիկ եղանակով: Դա այնքանով է ակտուալ, որ շատ դեպքերում գիտես` ինչ-որ ինֆեկցիա կա մարդու օրգանիզմում, բայց բուն ինֆեկցիան բացահայտելը բավականին դժվար է, իսկ սրա միջոցով առաջին փուլում ընդհանուր «սկրինինգ» ենք անում (նկարում.- Լ.Մ.) և տեսնում ենք, թե, օրինակ, 100 մարդկանցից քանիսի մոտ ինֆեկցիա կա, իսկ հետո նոր արդեն, ում մոտ հայտնաբերվել է այն, այդ մարդուն սկսում ենք ուսումնասիրել` պարզելու համար, թե կոնկրետ որ ինֆեկցիան է առկա նրա օրգանիզմում: Նույն կերպ կարելի է, օրինակ, նաև գնահատել խմելու ջրի, սննդամթերքի պիտանելիությունը:
– Այսինքն` ձեր այդ արծաթի նանոմասնիկների միջոցով կարելի՞ է որոշել մանրէների քանակը տարբեր միջավայրերում:
– Սկզբունքորեն` այո, և ոչ միայն: Այս եղանակով կարելի է որոշել գրեթե ցանկացած միացություն: Տարբեր հիվանդությունների ժամանակ ինչ-որ սպիտակուցների քանակը բարձրանում կամ իջնում է, և այս մեթոդի միջոցով կարելի է դա չափել: Օրինակ, կարող ես տրոպոնիկը` ինֆարկտի մարկերը, չափել և այլն, և արագ տարբերակել` ինֆա՞րկտ է դա, թե՞ ոչ:
– Ձեր ստեղծած ախտորոշման հնարավորությունների հավանականության մասին ի՞նչ կասեք:
– Դժվար խնդիր եք բարձրաձայնում: Կիրառելու համար մի քանի փուլ է պետք անցնել, նախևառաջ իրականում շատ դժվար է ինքնուրույն կիրառելը այստեղ, երբ ներկայում ամբողջ աշխարհում իմունոֆերմենտային հետազոտություն են իրականացնում: Նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունները շատ հզոր են, և դրանց շուկայից դուրս մղել, ինչ-որ շատ ծիծաղելի է: Գուցե անցնի մի ինչ-որ ժամանակ, և իրենց միջոցով կարողանանք այս ամենը կիրառել, չգիտեմ: Ինքնուրույն կիրառությունը լուրջ չի, օրինակ` եթե Հայաստանում դու ցանկանում ես կիրառել, քեզ պարզապես ասում են, սա է ընդունված ձևը, և վերջ:
– Այսինքն` մեզ մոտ ավանդական եղանակները դժվա՞ր է փոխարինել նոր մեթոդներով:
– Իրականում նրանց հասկանալ կարելի է, նրանք տարիներով այլ կերպ են աշխատել, իսկ սա բոլորովին նոր մեթոդ է: Հիմնականում ասում են, հետո երբ համոզվենք, որ դա նոր բան է և լավ է, ձեր մեթոդն էլ կկիրառենք:
– Իսկ ինչո՞ւ հենց ոսկի և արծաթ եք կիրառում ձեր առաջարկած ախտորոշման մեթոդում:
– Ոսկին և արծաթի նանոմասնիկներն այնքանով են լավ, որ իրենց այդ ռեզոնանսը տեսանելի է, դուք իրենց գույնը տեսնում եք: Դա կարող էր լինել այլ նյութ` նիկել, պղինձ և այլն, բայց դրանք գույն չունեն, իսկ արծաթի և ոսկու նանոմասնիկների գույնը լույսի տակ միանգամից տեսնում եք: Օրինակ` հղիության թեստի պարագայում կիրառվում են ոսկու նանոմասնիկներ, կրկին հակամարմինների հետ կապված, որը չափում է հատուկ սպիտակուցը, որն առաջանում է հղի կանանց մոտ: Այսինքն` այն կիրառություն ունի ստրիպների ձևով` որակական անալիզների համար, բայց քանակական չափումների համար այն նոր է սկսում կիրառվել:
– Պահանջարկի մասին խոսենք, որքանո՞վ է ձեր աշխատանքը պահանջված, օրինակ` Հայաստանում:
– Հայաստանո՞ւմ, ինչո՞ւ, Հայաստանում որևէ բանի պահանջա՞րկ կա: Հայաստանում պահանջարկ ընդհանրապես չկա:
– Իսկ արտերկրո՞ւմ:
– Դրսում կա, իհարկե, պահանջարկ, բայց արտասահմանյան շուկա մտնելը բավականին դժվար է, դրա համար բավականին շատ խնդիրներ պետք է լուծել: Բացի այդ, դրսում, եթե գերմանացին ամերիկացուն ասում է` մենք այսպիսի բան ենք արտադրում, այլ է, իսկ եթե նույնը Հայաստանն է ասում, ասում են` դե գնացեք էլի, մեզ մի խանգարեք: Բայց դե, ամեն դեպքում հեռանկար կա, եթե մի քիչ շատ ջանք թափենք, գուցե ինչ-որ բան ստացվի:
– Այդուամենայնիվ, հետաքրքիր է, Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը և ապագան ինչպե՞ս եք տեսնում:
– Հայաստանում, անկեղծ ասած, զարգացում չեմ տեսնում ընդհանրապես: Այստեղ ամեն ինչ արվում է արյան գնով և նյարդերի հաշվին: Այստեղ ամեն ինչ շատ մեծ դժվարությամբ ես կարողանում անել: Բացի այդ, այստեղ կրթական համակարգը շատ վատ վիճակում է գտնվում, օրինակ` մեզ մոտ գալիս են լավ սովորող ուսանողներ, որոնք, ցավոք, գիտելիք չեն ստացել, և ամբողջովին ամեն ինչ պետք է նորից սովորեցնես: Ես շատ վատատես եմ ապագայի նկատմամբ: Այստեղ ապագա չեմ տեսնում, էնտուզիազմի հաշվին որքան դիմանանք` դիմանանք, չէ` չէ:
– Իսկ գիտնականներին խրախուսման և այլն, նման բաների մասին ի՞նչ կասեք:
– Չգիտեմ: Օրինակ, Կոորդիսի ծրագրին էի դիմել, որի համար գործընկերներ էի գտել եվրոպական երկրներից, նրանց մեր աշխատանքները հետաքրքիր են, սակայն հիմնական խնդիրը նույնն է, որ թող գոնե 10 հազ. դոլար էլ ձեր պետությունը տրամադրի, մենք պատրաստ ենք աջակցել: Այստեղ ո՞ւմ գնաս ասես` դու ինձ 10 հազ. դոլար տուր, դրսից էլ կօգնեն:
– Այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական Ձեր ուսումնասիրությունները, աշխատանքներըգ Հիմա այսպես դեպի ո՞ւր եք գնում:
– Դե, մեր ուսումնասիրություններով գնում ենք դեպի կոմերցիալիզացիա, որպեսզի ինչ-որ պրոդուկտներ արտադրենք: Նանոտեխնոլոգիաների գծով գուցե այդքան իրատեսական չէ, բայց մենք կողքից ուրիշ տիպի պրոդուկտներ ենք անում, որոնք բավականին իրատեսական են, եթե ինչ-որ բան հաջողվի առևտրականացնել, ես հույս ունեմ, որ մեր հիմնարար գիտությունը կիրառականի միջոցով հնարավոր կլինի սնուցել: Բայց այդ կիրառականին հասնելու համար բազմաթիվ խնդիրներ պետք է լուծես:
– Այսինքն` ստացվում է, որ դուք անընդհատ աշխատում եք, բայց արդյունքում` դրանից գումար վաստակել, օգուտներ քաղել և այլն, փաստորեն հնարավոր չէ՞:
– Դե ոչ, բայց հույս ունենք, իհարկե, հույսը մի քիչ հիմար բան է: Ուղղակի պրոբլեմների մեծ մասն էլ կախված է նրանից, որ ընդհանուր առմամբ մի հոգով և մենեջմենթ, և մարքետինգ ես անում, և արտադրելու համար ես աշխատանքներ ձեռնարկում: Հնարավոր է, դու սխալ բաներ ես անում, քանի որ դու մասնագիտացած չես, սակայն մյուս կողմից` այդքան գումար չունես, որպեսզի վարձես ինչ-որ գրագետ մարդու, ով պրոֆեսիոնալ ձևով մարքետինգ կանի: Սակայն այս կերպ էլ, կարծում եմ, մի օր այս ամենը արդյունք կտա:
– Օրինակ, եթե Առողջապահության նախարարությունը հետաքրքրված լինի Ձեր աշխատանքով, դուք կկարողանա՞ք ձեր աշխատանքների և ուսումնասիրությունների կիրառությունն ապահովել:
– Նանոմասնիկները կարող ենք անել արդեն ավելի ուշ փուլում: Բայց այն ստանդարտ լրակազմերը, որ ունենք, որոնք դրսից են բերվում, գների առումով ձեռնտու կլինի կլինիկաների համար: Դրանք ավելի էժան կլինեն առնվազն 50%-ով: Տեխնիկապես, կարծում եմ` կարելի է հնարավորություններ գտնել, իսկ ինչ վերաբերում է մասնագետներին, ապա այստեղ այսպես է, երիտասարդները գալիս են, և նրանց պետք է զրոյից սովորեցնես, և մենք հենց այսպես էլ վարվում ենք: Ժամանակին դիմում էինք ինչ-որ տեղեր, սակայն, Հայաստանում առանձնապես հետաքրքրություն չկա, իսկ դրսում կա որոշակի հետաքրքրություն, բայց դա բավարար չէ: Հայաստանում գիտության հետ կապված առանձնապես հույսեր չկան: