Ալեքսանդր Արզումանյանն ընտրել է Հրանտ Բագրատյանին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցութան անդամ Ալեքսանդր Արզումանյանը քիչ առաջ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ: 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ արդեն մասնակցել է քվեարկության՝ թիվ 10/20 ընտրատեղամասում:
«Մեր կուսակցությունը հայտարարել է, որ հորդորում ենք մեր համակիրներին ՝ քվեարկել որևէ ընդդիմադիր թեկնածուի օգտին և ոչ մի դեպքում իշխող ռեժիմի օգտին չքվեարկել: Ես էլ, ի կատարումն մեր կուսակցության որոշման, քվեարկել եմ ընդդիմադիր գործիչներից ինձ ավելի հոգեհարազատ Հրանտ Բագրատյանի օգտին»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշեց, որ դեռ վաղ է այդ ժամի դրությամբ գնահատական տալ, բայց տեղյակ է, որ կան ընտրախախտումներ: «Ընտրակաշառքների մասին շատ-շատ խոսվում է, բայց դեռևս հստակ բան չկա, և տպավորությունն այնպիսին է, որ համատարած չէ, ինչպես նախորդ ընտրություններից ժամանակ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա ասաց, որ նախընտրական փուլն, ընդհանուր առմամբ, նորմալ էր կազմակերպված, թեկնածուների հնարավորությունններ և պայմանները հավասար էին, սակայն գլխավոր խնդիրը, որը կապված էր ընտրացուցակների հետ, մնաց չլուծված:
«Հարցերի հարցը մնում է ընտրացուցակների պրոբլեմը, որն այդպես էլ լուծում չստացավ, ընդդիմության կողմից որևէ առաջարկ հաշվի չառնվեց: Գիտեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության մի մեծ փաթեթ կար, որն ԱԺ մեծամասնությունը մերժեց: Այդ առումով որևէ փոփոխություն չկար»,- ասաց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը: