«Հայաստանում մարդը պաշտպանված է պաշտոնով և իր ֆինանսական միջոցներով »
Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
– Պարոն Իշխանյան, հունվարի 31-ի գիշերը ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը տեղի է տվել որոշակի զարգացումների։ Ո՞ւմ էր ձեռնտու ընտրապայքարից մեկուսացնել Պարույր Հայրիկյանին։
– Քաղաքական գործիչների նկատմամբ ահաբեկության դեպքերում հիմնականում կասկածի թիրախ են դառնում իշխանությունները։ Վստահ եմ, որ այս ծանր միջադեպը ձեռնտու չէր առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանին։ Բայց արդյո՞ք իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն է։ Արդյո՞ք ինչ-ինչ ուժերի ձեռնտու չէր ստատուս-քվոն փոխել, անկայունություն և անորոշություն մտցնել։ Ես չեմ տիրապետում քաղաքական ուժերի (իշխանական և ընդդիմադիր) ներքին խմբավորումներին, նրանց շահերին, որ ավելի կոնկրետ եզրակացություններ անեմ։
– ՀՀ գործող նախագահը խոսում է «Ապահով Հայաստան» ստեղծելու մասին, մինչդեռ Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարվածն այլ բան է վկայում։ Ի՞նչ զարգացումների պատկեր կլինի առաջիկայում։ Արդյո՞ք այդ դեպքը բավարար հիմք է ընտրությունների հետաձգման համար։
– Նախ՝ Նախագահը խոսում է Ապահով Հայաստան ստեղծելու մասին, փաստորեն, ընդունելով, որ այսօրվա Հայաստանն ապահով չէ։ Այս համակարգի պայմաններում հնարավո՞ր է արդյոք ապահով Հայաստանի ստեղծումը, ես շատ կասկածում եմ։ Ինչ վերաբերում է ընտրություններըի հետաձգելուն, այն կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից և նրա ցանկությունից։
– Ինչպե՞ս կդիտարկեք նախընտրական քարոզարշավը, եթե այդ համատեքստից հանենք Պ. Հայրիկյանի հետ կատարված դեպքը։
– Տպավորությունն այնպիսին է, որ, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, այս անգամ հասարակությունը հետաքրքրված չէ ընտրություններով։ Իսկ պատճառը, կարծում եմ, այն է, որ հասարակությունը, ի տարբերություն նախկինի, այս անգամ սպասելիքներ չունի։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնական քաղաքական ուժերն ընտրություններին չեն մասնակցում։ Հայաստանում բոլոր տիպի ընտրությունները շատ խնդրահարույց են, և միայն այն փաստը, որ իշխանություն չի փոխվել ընտրությունների միջոցով, կարող էր նշանակել 2 հարց. մի կողմից՝ այն, որ 1991թ.-ից մինչ օրս իշխանություններն այնքան լավն են եղել, որ ժողովուրդը ձայն է տվել գործող իշխանություններին, կամ այն, որ ընտրությունները միշտ կեղծվել են։ Չեմ ուզում անդրադառնալ տեղական և միջազգային կառույցների՝ ընտրություններին արված տարբեր գնահատականներին, ուղղակի կարելի է շատ հետաքրքիր եզրահանգումներ անել՝ վերլուծելով հիմնական փաստերը։ Ինչպես, օրինակ, այն, որ Հայաստանում հիմնական իշխանափոխություն եղել է 1998թ., որից հետո 1999թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Եվ այն ուժը, որ 95-96թթ. պաշտոնական տվյալներով հաղթել էր, 99թ. խորհրդարանական ընտրություններին չհաղթահարեց 5%-ի արգելքը։ Եվ այն քաղաքական ուժը, որ խորհրդարանում ներկայացված էր 3 հոգով, ձեռք բերելով իշխանական լծակներ, վերցրեց իշխանությունը և արդեն 15 տարի՝ իշխանության է։ Այդպիսի շատ փաստեր կարելի է բերել։
– Իշխափոխություն ասելով՝ նկատի ունեք քրեաօլիգարխիկ համակարգի անցո՞ւմը։
– Ոչ, ես այդպիսի գնահատական չէի տա։ Սա սովորական ներքին անհամաձայնություններով պայմանավորված, իշխանության համար, պալատական հեղաշրջում էր։ Իսկ օլիգարխիկ համակարգի ծիլերն արդեն կային դեռևս 90-ական թվականներին, և հետագայում դա ավելի ամրապնդվեց։
– Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ համակարգի «հա՞յրն էր»։
– Իհարկե, այդ ժամանակ մենաշնորհներն արդեն կային և գործում էին իշխանության հովանու տակ։ Ուղղակի այդ ժամանակ տնտեսությունը դեռ զարգացած չէր, համաշխարհային տնտեսական զարգացում չկար, և նոր էր սկսվում կապիտալի բաժանումը։ Իսկ հետո դա ավելի ամրապնդվեց։ Սա՝ որպես նախաբան։ Իսկ մեր ժողովուրդը միշտ հույսը կապում է նախագահական ընտրությունների հետ, և Հայաստանում ամենամեծ խնդիրը նախագահական ընտրություններից հետո առաջացող հետընտրական ծանր վիճակն է, ինչն ամեն անգամ կարող է լինել բռնություններով, քաղաքական բանտարկյալներով, և միշտ դրամատիկ է լինում։ 2008թ. այդ դրամատիզմը փոխվեց ողբերգության, որն ավարտվեց 10 զոհերով։ Խնդիրն այն է, որ ամեն նախագահական ընտրություններից հետո Հայաստանում առաջանում է միջազգային կազմակերպությունների ուժեղ ճնշում։ Իշխանությունները, ի տարբերություն նախորդ շրջանի, խորհրդարանական ընտրություններին ամեն ինչ արեցին, որպեսզի այնպիսի իրավիճակ ստեղծվի Հայաստանում, որ հետընտրական ճգնաժամ չլինի։ Իսկ ինչպե՞ս սկսվեց դա։ Ի վերջո, Խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, այսպես ասած՝ նախագահական ընտրությունների «գլխացավանքն» իշխանությունների համար։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վարդան Օսկանյանի նկատմամբ սկսեց քաղաքական հետապնդումը։ Դրանով մի կողմից՝ նրան՝ որպես ազդեցիկ գործիչներից մեկին խաղից հանելու հարցն էր դրված, մյուս կողմից՝ ԲՀԿ-ին վարկաբեկելու հարցը։ Ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի բանակցություններում և իշխանությունների հետ պայմանավորվածություններում՝ ես ձեռնպահ եմ ասելուց, համենայն դեպս, այդ ոչ թափանցիկ պայմանավորվածությունների արդյունքում հանկարծ մեկը մյուսի հետևից հրաժարվեցին մասնակցել։ Փաստորեն, նրանց՝ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելուց հետո ունեցանք այնպիսի իրավիճակ, որ «ընտրություն» կոչվածը վերածվեց քվեարկության։ Մինչդեռ ընտրությունն ավելի մեծ հասկացություն է։ Ես հարգանքով եմ վերաբերվում առաջադրված բոլոր թեկնածուներին, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նրանք չունեն այնքան ռեսուրսներ, որ գոնե կարողանան վերահսկել ընտրական գործընթացը։
– Հասարակության անտարբերությունը պայմանավորված է այլընտրանք չունենալո՞ւ հանգամանքով։ Մինչդեռ առաջադրված 8 թեկնածուները գոնե քանակական տեսանկյունից որոշակի բազմազանության իմիտիացիա են ստեղծում։
– Ելնելով ձևական տեսակետից՝ կարող ենք ասել, որ բազմազանություն կա, բայց իրական մրցակցություն գոյություն չունի։ Իրական մրցակցություն կարող էր լինել ազդեցիկ խորհրդարանական ուժերի ընտրություններին մասնակցության ժամանակ։ Եվ երկրորդ, ինչպես նշեցի, առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չունի այնքան մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, որ ողջ հանրապետությունում ապահովի գոնե ընտրությունների ընթացքը՝ նկատի ունեմ և վստահված անձանց քանակը, և ընտրական հենակետեր, և հանձնաժողովի անդամներ։ Վստահ եմ, որ այդ մարդիկ նման ռեսուրսներ չունեն։
– Եվ դա՞ է ներշնչում նախագահին՝ դիտարկելով քարոզարշավի վերջին մի քանի օրերի նախընտրական հանդիպումներից, որ ինքը մրցակից չի տեսնում։
– Տպավորությունն այնպիսին է, որ իշխող ուժը, չնայած մրցակցության բացակայությանը, ձևական տեսակետից գրագետ քարոզչություն է իրականացնում։ Բայց պարզ է բոլորի համար, որ բոլոր հարցերը լուծված են։ Իսկ այստեղ միակ խնդիրը՝ անտարբերության մթնոլորտում ընտրողների գոնե 50%-ի մասնակցությունն է։ Եվ եթե իշխանությունները վարչական ռեսուրսներ չկիրառեն, չեմ կարծում, թե ընտրողների, այսպես ասած՝ հավուր պատշաճ մասնակցություն կապահովի։ Այս ամբողջ իրավիճակը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական ճգնաժամը։ Բացարձակապես հասկանալի չէ ընդդիմադիր կուսակցությունների պահվածքը, որոնք որևէ պարզ, թափանցիկ բացատրություն չտվեցին, թե ինչո՞ւ չեն մասնակցել ընտրություններին։ Երկրորդը՝ Հայաստանում կան քաղաքական և տնտեսական բավական լուրջ խնդիրներ։ Արդյո՞ք այդ քաղաքական ուժերն անհանգստություն չունեին, որ ընտրություններին մասնակցեին և բարձրացնեին այդ բոլոր հարցերը։ Եթե նրանք գիտակցում էին, որ այս ընտրությունների ժամանակ, միևնույն է, որևէ հաղթանակի, հաջողության չեն հասնի, քանի որ ընտրությունները կեղծվելու են, ապա նույնիսկ այդ բացատրության ժամանակ հաջորդ հարցը կլիներ հետևյալը. եթե հույս չունեք ընտրություններով իշխանափոխություն տեսնելու, ապա ինչի՞ համար է ձեր գոյությունը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։ Գուցե նրանց չմասնակցությունը պայմանավորված էր մի շարք այլ հարցերով. Արդյո՞ք նրանց չմասնակցությունը պայմանավորված էր խորհրդարանական ընտրություններում որոշակի մանդատներ ստանալու պայմանավորվածություններով, արդյո՞ք նախկին սուր ընդդիմության ներկայացուցիչների՝ապագայում իշխանության մեջ հայտնվելով, և այլն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունի հասարակությունը, և գո՞ւցե մտքում կասկածում է։
– Հասարակությունը միայնա՞կ է մնացել։
– Շատերի կողմից ընդդիմադիր հիմնական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը դիտարկվում է՝ որպես ընտրողների իրավունքի խախտում։ Ես կասեի՝ այդ ուժերի կողմից սա արհամարհանք է իրենց համակիրների նկատմամբ։
– Իսկ քաղաքական ճգնաժամի՞, քաղաքական մշակույթի բացակայությա՞ն հետևանքով է, որ նախընտրական քարոզարշավին թեկնածուներից ոմանք անցել են անձնական վիրավորանքների սահմանը։
– Աշխարհում ցանկացած երկրում, երբ լինում են ընտրություններ, երբեմն բանավեճն անցնում է վիրավորանքի սահմանը։ Եվ որևէ մեկը, ով մտել է քաղաքական պայքարի մեջ, պետք է պատրաստ լինի վիրավորանքներ ընդունելու։
– Ըստ Ձեզ՝ հետընտրական դեպրեսիա կլինի՞, հասարակական անտարբերությունն ավելի՞ կխորանա։
– Այս անգամ դժվար թե լինի այնպիսի քաղաքական ճգնաժամ և դեպրեսիա, ինչ որ եղել է նախորդ նախագահական ընտրություններից հետո։ Բայց դժվար է ասել, թե ո՞ր վիճակն է ավելի լավ. պայմանական ասած՝ հետընտրական դեպրեսիվ վիճա՞կը, թե՞ այսօր ստեղծված վիճակը, համատարած անտարբերությունը։ Եվ գո՞ւցե անտարբերությունն ամենամեծ չարիքն է, որովհետև դեպրեսիայից մարդ կարող է դուրս գալ նոր ոգևորությամբ, իսկ այս անտարբեր վիճակից ո՞նց պետք է դուրս գա։ Գուցե քաղաքական ճգնաժամը կարող է բերել զրոյական կետից նոր քաղաքական ուժերի առաջացման։
– Որքանո՞վ է մարդը պաշտպանված մեր երկրում։
– Հայաստանում մարդը պաշտպանված է պաշտոնով և իր ֆինանսական միջոցներով։ Մարդը պաշտպանված չէ օրենքով և իրավունքով։
– Ինչո՞ւ։
– Այդ «ինչո՞ւ»-ն հենց այն հիմնահարցն է, որը բերել է այս քաղաքական կոլապսին։ Մարդու իրավունքները խախտում է իշխանությունը, բացարձակ իշխանությունը բացարձակ է խախտում մարդու իրավունքները։ Երբ որևէ տեղ իշխանությունը սահմանափակված չէ, մարդու իրավունքների վիճակը շատ ծանր է լինում։
– Եվ ո՞վ է քաղաքացին իշխանության համար։
– Հայաստանում քաղաքացին ոչ թե սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ։ Տպավորությունս այնպիսին է, որ իշխանություններն իրենց կյանքով են ապրում, քաղաքացիներն՝ իրենց։ Եվ չկա իշխանություն-քաղաքացի փոխադարձ կապը, համոզված եմ, որ այն, ինչ իշխանություններն ասում են իրենց անփոխարինելիության, իրենց աշխատանքի և այլնի մասին, կարծում եմ, որ հավատում են դրան, որովհետև իշխանությունների ողջ շրջապատը, բացի նրանց գովելուց, քծնելուց՝ իրականությունը չի ներկայացնում։
Այստեղ այլ խնդիր ևս կա. արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն իրենց քաղաքացի են զգում, թե՞ զգում են իրենց՝ որպես հպատակներ։ Մեր հասարակության շատ փոքր մասն է, որ իրենց զգում է՝ որպես քաղաքացի, իսկ մնացածն իրենց զգում է հպատակ։ Եվ հպատակի հոգեբանությամբ՝ ընտրություն կատարում են, որպեսզի մեկն իրենց «լավ» նայի։ Հպատակի հոգեբանություն ունեն նաև քաղաքական գործիչները։ Անցյալ տարի մի առիթով Ազգային ժողովում էի, և շատ հետաքրքիր բան նկատեցի. ամեն մի խմբակցության անդամի սենյակում փակցված էր իրենց ղեկավարի լուսանկարը։ Այդ կուսակցության ներկայացուցիչներն՝ անկախ իշխող կամ ընդդիմադիր լինելուց, արդեն հպատակ են իրենց ղեկավարի առջև։