Հակակառուպցիոն հ/կ-ն հրապարակելու է անուններ. լինի դա նախագահ, նախկին նախագահ, վարչապետ կամ նախարար

Հարցազրույց ՀԱԿ անդամ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության և «Հակակոռուպցիոն» հ/կ-ի ղեկավար Գառնիկ Մարգարյանի հետ

– Դուք դեկտեմբերին հրավիրված ասուլիսում հայտարարեցիք, որ «եվրոպական կառույցների օգնությամբ կկարողանաք հաղթահարել, և ոչ միայն հաղթահարել, այլև պատասխանատվության կանչել այն բոլոր «օլիգարխներին», ովքեր դեռ երեկ շարքային միլիցիոներից դարձել են միլիարդատեր, կամ պահեստի բանվորի աստիճանից բարձրացել են մինչև ԱԺ պատգամավոր և նորից միլիարդատեր, և այն»: Ի՞նչ նոր արդյունքներ է գրանցել «Հակակոռուպցիոն» հ/կ-ի գործունեությունը:

– Մեկ ճշտում` ես նկատի եմ ունեցել` ոչ թե իրենց օգնությամբ, այլ բարոյական աջակցությամբ: Եվրոպայում ձևավորված է հակակոռուպցիոն, ոստիկանական միությունը, որը լրջագույն աշխատանք է կատարում, և մենք արդեն այս ամիս դառնալու ենք այդ կազմակերպության լիարժեք անդամ:

Ի՞նչ է արվել նշված մամլո ասուլիսից հետո, ինչպե՞ս ենք մենք գործելու. առաջինը` մեզ առաջարկ կատարվեց Մոսկվայից, ՌԴ նախագահին կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, որը գլխավորում է գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ հերոս Վ.Մամաևը: Այս խորհուրդը լրջագույն աշխատանք է ծավալել Ռուսաստանում, օրինակ` ՌԴ պաշտպանության նախկին նախարարի կամ նախկին գյուղնախարարի գործը պատրաստել են նույն այդ խորհրդի անդամները և ներկայացրել են նախագահին, նրանք սերտորեն համագործակցում են Ներքին գործերի նախարարության հետ, և կան լուրջ բացահայտումներ: Ինչո՞ւ, որովհետև, եթե Հայաստանը` որպես կոռումպացված երկիր, 2012 թ.-ի տվյալներով` 178 երկրների ցուցակում զբաղեցնում է 129-րդ տեղը, ապա Ռուսաստանը կարծեմ 147-րդն է: Իսկ ի՞նչ է կոռուպցիան:

Կարդացեք նաև

Մենք այդ խորհրդի հետ պատրաստել էինք հեռուստակամուրջ, մոսկովյան «РИА Новости» հայտնի լրատվական գործակալությունը տվել էր համաձայնություն, որպեսզի նստենք և իրենց խորհրդի հետ խոսենք ապագա անելիքների մասին` համագործակցության, փոխօգնության շրջանակներում, որովհետև Հայաստանից թալանված մեծածավալ հարստություններ` գումարներ ներդրված են, Մոսկվայի բանկերում, որոնց մասին ապագայում անպայման ասելու ենք, ասելու ենք անուններով, և ոչ միայն ասելու ենք, այլ պաշտոնապես դիմելու ենք մոսկովյան կառույցին` կալանքներ, արգելքներ դնելու խնդրանքով: Եվ ահա, երբ հեռուստակամուրջն արդեն պատրաստ էր դեկտեմբերի 26-ի համար, և «РИА Новости» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը փորձեց համաձայնեցնել իշխանությունների հետ, մեզ արգելեցին իրականացնել այդ հեռուստակամուրջը: Բայց մենք էլ գիտենք աշխատելու ձևերը. ի վերջո, մենք կարողացանք անցկացնել այն: Սա առաջին քայլերից մեկն է:

Մինչև փետրվարի երկրորդ տասնօրյակը կայանալու է եվրոպական հակակոռուպցիոն կառույցների կոնֆերանսը կամ համագումարը, որտեղ մենք` Հայաստանի ներկայացուցիչներս, մասնակցելու ենք` որպես լիարժեք անդամ. այդ մասին արդեն կա ստորագրված պայմանագիր: Նշեմ, որ մոսկովյան կառույցի ներկայացուցիչը` խորհրդի արտաքին կապերի ղեկավարը, այցելեց Հայաստան, և ստորագրվեց պայմանագիրը: Պայմանագիրը մեզ համար հիմք է ծառայում` տալու փոխադարձ ինֆորմացիաներ, անելու փոխադարձ առաջարկներ, ոչ միայն բացահայտելու այս կամ այն կոռումպացված չինովնիկին, այլև նրա նկատմամբ կիրառելու հասարակական ներգործություն:

Մենք դատավոր կամ դատախազ չենք, սանկցիաներ կիրառել չենք կարող, բայց կարող ենք դիմել եվրոպական կառույցներին և պարզել, թե որտեղի՞ց այդ հսկայածավալ գողացված գումարները, որոնք դրված են եվրոպական ինչ-որ պետության բանկում, և իրենք էլ, այսպես, «վոյաժներ» են կատարում, մենք կարող ենք դրա վերջը դնել: Իսկ դա նշանակում է, որ մենք հետզհետե արմատախիլ ենք անելու կոռումպացված երևույթները ՀՀ-ում:

Մենք հասկանում ենք, որ սա դժվարագույն և մեծածավալ աշխատանք է, բայց համոզված ենք, որ ժողովուրդը ճիշտ է ընկալելու մեր գործունեությունը, և ստեղծված իրավիճակում չի կարող խոսք լինել համապետական, ՏԻՄ ընտրությունների մասին, երբ ռեժիմը կոռումպացված է և մի քանի տասնյակ կլանների հետ մշտապես վերարտադրվում է` կիրառելով բոլոր ռեսուրսները` վարչական, Բանակը, Ոստիկանությունը և, իհարկե, ֆինանսները (խորհրդարանական ընտրությունների ժամանակ հարյուր-հազարավոր մարդկանց փող է բաժանվել):

Տեսեք` ինչ է կատարվում. տարեկան Հայաստան մուտք է գործում շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար` միայն Ռուսաստանից` այնտեղ աշխատող հայ մարդու` բանվորի, արհեստավորի, գիտնականի աշխատանքի արդյունքում, իշխանություններն արդեն մեր` դեռ չծնված երեխաների վրա պարտք են կուտակել, յուրաքանչյուրին` ավելի քան 1000 դոլար, և այդ պարտքը տարեցտարի աճում է, երբ վարչապետը շատ համարձակ հայտարարում է, թե «մեր արտաքին պարտքերը չեն աճելու», երբ 2011-ին արտաքին պարտքը 3,4 մլրդ դոլար էր, անցյալ տարի դարձավ 3,7 մլրդ, և, եթե սրան գումարենք ներքին պարտքերը` 2 մլրդ-ից ավելի, ապա կազմում է 7 մլրդ, իսկ մեր բյուջեն կազմում է մոտ 2,5 մլրդ:

Ինչո՞ւ եմ վերադառնում այս թվերին. այն պետությունները, հասարակությունները, որտեղ արտաքին պարտքը մեծ է, և ստվերը ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի է, այդպիսի պետությունները երկար չեն դիմանում, վտանգված է իրենց գոյատևման, ազգային անվտանգության հարցը և, վերջապես, հայ մարդու վաղվա օրը և ապագան: Առանց այդ էլ վտանգի առաջ ենք կանգնած` Ադրբեջան, Թուրքիա` իրենց ղեկավարների հոխորտանքներով, և գումարած դրան` իրենք լրջորեն զբաղվում են սպառազինությամբ, բանակի խնդիրներով, Ադրբեջանը միայն բանակի վրա նախորդ տարի ծախսել է ՀՀ բյուջեից 2 անգամ ավելի շատ գումար:

Սա նշանակում է, որ նրանք սպառազինվում են, իսկ մենք պարտադրում ենք հայ մարդուն փախչել, ինչպես 15 թվականին: Ինչո՞ւ, չենք լուծել տարրական` սոցիալական և առաջին հերթին` հայ մարդու պաշտպանվածության խնդիրը. երբ նա տեսնում է այս անարդարությունը, ինչ որ կատարվում է երկրում, որ «ընտրովի» խորհրդարանի պատգամավորների կեսից ավելին միլիարդատերեր, թալանչիներ և «կլիչկա» կրողներ են, ի՞նչ պետք է անի, նա պաշտպանված չէ: Նա պաշտպանություն է գտնում ՌԴ-ում, եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում: Ժողովրդագրական այսպիսի աղետալի վիճակը երկրի թիվ մեկ խնդիրն է, քանի որ ազգային անվտանգության հայեցակարգն ունի հետևյալ կարևորագույն պահանջները` տարածք, ազգաբնակչություն, տնտեսություն, գիտություն` մինչև բնապահպանական և առողջապահական խնդիրներ:

Այս բոլորը վտանգված է, իսկ չինովնիկները, անգամ նախագահը… երբ լսեցի նրա հարցազրույցը, եթե չճանաչող մարդը լսի, կասի` սա մեր պատմության հերթական քրիստոնյա սրբերից մեկն է: Նա այդպես խոսում է` մոռանալով իր անցյալը, իր ունեցած հարստությունը կամ իր շրջապատի ունեցածը: Հիմա դառնալով եվրոպական կառույցի լիարժեք անդամ` սկսելու ենք մեր` «Հակակոռուպցիոն» հ/կ կայքում հրապարակել անուններ. լինի դա նախագահ, լինի նախկին նախագահ, վարչապետ կամ նախարար:

– Իսկ այժմ տվյալներ ունեք այդ «վոյաժներ» կատարողների մասին, կարո՞ղ եք նշել մի քանի անուններ:

– Մի փոքր համբերենք, կայքում կլինի հստակ ձևով` ի՞նչ գումարներ ունեն, ովքե՞ր են, ասենք, կլինի 5 հոգու անուն, որոնց մասին մենք պաշտոնական գրություն կուղարկենք եվրոպական պետությունների գործող հակակոռուպցիոն կազմակերպություններին և իրենց դեսպաններին, և դա կտեղադրվի կայքում:

– Իսկ դրանք օլիգարխնե՞ր են, պետական պաշտոնյանե՞ր:

– Ասեմ, դրանք հիմնականում 2 տասնյակից ավելի չինովնիկներ են, որոնց թվում` առանձին նախարարներ, ոչ բոլորը, դրանց կազմում են իրավապահ մարմինների աշխատակիցներ, Դատախազության և դատավորների մեծ մասը, Ազգային ժողովի մեծ մասը: Սա մեծ խումբ է: Եթե կոպիտ, տարրական թվաբանության վերածենք, մոտ 200-250 հոգի են: Բայց հիմա ես ուզում եմ հարց տալ, նախարարի աշխատավարձն այսօր 300 հազար դրամ է, փոխնախարարինը` 150 հազար, իսկ նրա երեխան սովորում է անգլիական կամ ամերիկյան ճանաչված բուհերից մեկում և տարեկան մուծում է տասնյակ, եթե ոչ` հարյուրհազարավոր դոլարներ: Ես հարց եմ տալիս` որտեղի՞ց այս գումարները:

Տեսեք, Ռուսաստանի խորհրդարանում արդեն ներկայացվել է օրենքի նախագիծ, որ պետական չինովնիկն իրավունք չունի իր երեխային ուղարկել սովորելու այդպիսի թանկարժեք բուհերում: Ես կողմնակից եմ սովորելուն, որպեսզի ժողովրդի ինտելեկտը բարձր լինի, բայց 20 տարում ամեն ինչ քանդել են. դպրոցը քանդել են, բուհը քանդել են, Ակադեմիան ուզում են քանդել, դարձնել հասարակական կազմակերպություն:

Բայց միայն խփել կոռումպացված էլեմենտին` շատ քիչ է. մեզ մոտ բացակայում է օրենսդրական դաշտը, չկա հստակ ձևակերպում կոռուպցիայի մասին, մինչդեռ սկսած 2003-ից ՄԱԿ-ում կոռուպցիայի վերաբերյալ ընդունված հռչակագրից մինչ օրս` եվրոպական պետություններն իրենց քրեական օրենսգրքում լրջագույն տեղ են հատկացնում կոռուպցիայի հոդվածին` որակելով, թե ինչ է կոռուպցիան, նրա դիսպոզիցիան, սանկցիան և այլն:

Իսկ մեզ մոտ ասում են` կաշառակերություն է, տարրական` 100 դոլարի կաշառակերությունը դեռ կոռուպցիա չէ: Կոռուպցիան այն չարիքն է, որը, զբաղեցնելով պետական պաշտոն, իր, իր ընտանիքի անդամներին և մտերիմներին բերում է հսկայական հարստություն` օգտագործելով պետական պաշտոնը: Հասարակ գյուղացին, ծիրան կամ խաղող մշակելով, չի կարող կոռումպացված լինել, իսկ գյուղապետը կարող է կոռուպցիայով զբաղվել: Սակայն հանգիստ թողնենք գյուղապետին. երբ ձուկը գլխից է հոտած, մենք չենք սկսելու պոչից, գյուղապետին ստիպել են Հանրապետական կուսակցության անդամ դառնալ, նրան ստիպում են քամել ժողովրդին, և այլն: Սա նվազագույն չարիքն է, իսկ մեծագույն չարիքը պառլամենտն է, գործադիր մարմինն է և դատաիրավական համակարգը:

– «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը` Պետրոս Մակեյանի գլխավորությամբ, առաջարկել է ՀԱԿ-ը բարեփոխումների ենթարկելու փաստաթղթային փաթեթ, որով մտադիր է մտնել ՀԱԿ քաղխորհուրդ (մասնավորապես, ըստ նրա, ցանկալի է` քաղխորհրդի նիստերը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ վատագույն դեպքում կարելի է ռոտացիոն սկզբունքով ղեկավարել), այս տեսակետին կողմ է նաև Սոս Գիմիշյանը, ով բացահայտորեն հանդես է գալիս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին փոխելու առաջարկով: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, ինչպիսի՞ բարեփոխումների դեպքում կարող է ՀԱԿ-ը պահպանվել:

– Այս հարցի վերաբերյալ առանձնացնեմ երեք ասպեկտ. առաջինը` առաջարկել փոխելու համակարգողին կամ ղեկավարել ռոտացիոն կարգով, սա ոչինչ չի փոխելու, սա փրկության ճանապարհ չէ: Այնտեղ կան խորքային խնդիրներ. կառույցը թուլացել է հատկապես վերջին 2 տարիներին, փակվել են նրա քաղաքային, շրջանային շտաբները, մարդիկ հիասթափվել են, ինչո՞ւ, 2011 թ. հոկտեմբերին, երբ ժողովրդին տեղափոխեցինք «Ազատության» հրապարակ, և տեղադրվեցին 30-ից ավելի վրաններ, որտեղ գիշերում էին ակտիվիստները, ովքեր սպասելիք ունեին, և հաջորդ օրը որոշում ընդունվեց` հավաքել ամեն ինչ և տուն գնալ, գիտեք, սա կոտրում է հասարակության կամքը, վճռականությունը: Հիմա, եթե Լևոնին փոխարինենք Կիրակոսով, ոչինչ չի տալու:

Նորույթ չէ, որ մեր կուսակցությունը մեկ տարուց ավելի չի մասնակցում ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերին, մենք պահանջել ենք, քանի որ ստորագրված հռչակագիրը սպառել է իրեն, Լ.Տեր-Պետրոսյանը գա և ասի, թե ինչ ենք անելու: Չի գալիս, չի ասում, և նա չի գա և քաղխորհուրդ չի ղեկավարի:

Այնպես որ, դա միամտություն է: Երրորդը` ՀԱԿ-ը թուլացել է, հեռացել են կարևոր ուժեր` տարբեր պատճառներով, եկեք տեսնենք` ՀԱԿ-ի 18 անդամ կուսակցություններից քանի՞սն են մնացել, և իրենց ուժային, մտավոր և այլ որակներով ՀԱԿ-ը կարո՞ղ է դուրս գալ այս իրավիճակից և պահպանվել` որպես քաղաքական ուժ: Կարծում եմ` այդպիսի էլեմենտար քայլերի արդյունքում չի ստացվի, այնտեղ լրջագույն աշխատանք պիտի տարվի, առաջինը պետք է լուծվի լիդերի հարցը, կուսակցությունների` քաղխորհրդի անդամ լինել-չլինելու հարցը, պետք է լինի ռազմավարությունը` ինչի՞ համար է շարունակում գործել ՀԱԿ-ը: Չկա՛:

– Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններին չմասնակցելու որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Նախ` ինքը հաշվարկել գիտի, տեսավ, որ ընտրություններին մասնակցելը հերթական քաղաքական ապտակը կլինի, և այնտեղ կան տարբեր` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Երկրորդը` ինքը հայտարարեց, որ խորհրդակցում է աշխարհի գերտերությունների ղեկավարների հետ` նրանց «դաբրոն» ստանալու համար:

– Տեր-Պետրոսյանը դա հումորով էր ասել:

– Գիտեք, ամեն հումորի տակ ճշմարտություն կա: Ես կասեի այսպես` Մարտի մեկի դեպքերից հետո իր ասած «աշխարհի տերերը» Լևոն Տեր-Պետրոսյանին թողեցին միայնակ: Սա շատ լրջագույն պատճառ է:

Հայաստանը փոքր երկիր է, և եթե որևիցէ մեկը կփորձի ասել, որ ինքնուրույն, ժողովրդի քվեով ինչ-որ մեկը կգա իշխանության և կդառնա նախագահ, ես պատրաստ եմ լինել ընդդիմախոս` ապացուցելու, որ այդպես չէ:

– Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի ձախողման գլխավոր պատճառներն է համարում շեղումը ՀԱԿ-ի որդեգրած ուղուց, երկխոսությունը իշխանության հետ և Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը»` իր հետևանքներով: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ և ուրիշ ի՞նչ պատճառ կարող եք նշել:

– Ես Նիկոլ Փաշինյանի ասածը գնահատում եմ, միանշանակ ճիշտ է ասում. երկխոսության պետք չէր գնալ, խորհրդարանական ընտրություններին, Նիկոլը սա չի ասում, պետք չէր գնալ, 7 մանդատ պետք չէր վերցնել, պետք է վերանայվեր ռազմավարությունը և շարունակվեր ժողովրդին պահել թեժ, ակտիվ վիճակում` առանց սուբյեկտիվ պատճառներ նշելու: Գիտեք փորձում են ասել, թե անվտանգության, կայունության հարց կա: Երբ հայ ժողովուրդը տեսնում է, որ վտանգը կախված է իր գլխին և թուրքը հարձակվելու է, կթողնի միտինգը և կգնա պատերազմ, թող հեքիաթներ չպատմեն ո’չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո’չ էլ Սերժ Սարգսյանը:

Մենք` քաղաքացիներս ենք ապահովում երկրի անվտանգության և կայունության հարցը, ոչ թե իրենք: Նիկոլը բացարձակ ճիշտ է, և այնտեղ կան տասնյակ ուրիշ պատճառներ, որոնք ես նշեցի: Կազմակերպչականը բացակայում է, ես էլ, որպես կուսակցության ղեկավար, դրանում մեղք ունեմ, հասկանում եք, ինչո՞ւ, որովհետև երբ Լևոն Զուրաբյանը բերել է ինչ-որ «նեղ կրուգում» քննարկված որոշում և փորձել է անցկացրել, մենք էլ լռել ենք, այսպես, համեստություն ենք արել, անցել է: Սխա’լ է, պետք էր դեռ երկու-երեք տարի առաջ կանգնեցնել:

– Իսկ ո՞րն է լինելու այսուհետ Ձեր անելիքը ՀԱԿ-ում, և արդյոք կմնա՞ք ՀԱԿ-ի կազմում, թե՞ ոչ:

– Դա քաղխորհրդի որոշելիք խնդիրն է, մենք հիմա լուրջ գործով ենք զբաղված: Եթե քաղխորհուրդը կհավաքվի հերթական նիստի և կորոշի դադարեցնել «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամությունը ՀԱԿ-ում, մենք միանշանակ կընդունենք որոշում և տեղյակ կպահենք Ձեզ:

– Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուներին:

– 96-ից մինչ այսօր ռեժիմն ամեն ինչ արել է վերարտադրվելու համար, և այս իրականությանը կուրորեն նայել, ես այդքան միամիտ չեմ, պաշտպանել որևէ թեկնածուի սոլիդ չէ: Երեկ գովերգում էր առանձին թեկնածուներին` իրենց կողմից առաջադրված (նկատի ունի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը` «Ազատություն» ռադիոկայանին. Ա.Ս.): Ոչ մի թեկնածու ի վիճակի չէ իր անձնական, խարիզմատիկ, ինտելեկտուալ պոտենցիալով պայքարելու այս ռեժիմի դեմ: Ռեժիմն արմատներ է գցել Հայաստան երկրում, սա չարորակ ուռուցք է, որը պետք է արմատախիլ անել, դա կոռուպցիան է:

– Այսինքն` Ձեր կուսակցությունը չի սատարի նույնիսկ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի՞  թեկնածությանը:

– Մենք մինչ Հրանտ Բագրատյանի առաջադրվելը որոշում ենք կայացրել, որ չենք սատարելու ոչ ոքի, և այդպես մեր որոշումը մնում է ուժի մեջ:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս