
Վրաստանի ԱԳՆ-ը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը ողջունել է հումանիտար խնդիրների վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը և հույս է հայտնել, որ Եվրախորհրդի և միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցությունը հնարավոր կդարձնի այդ փաստաթղթում մատնանշված խնդիրների լուծման մեջ իրական առաջընթաց գրանցելը:
Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվել է ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի զեկուցող Թինա Ակետոֆտի պատրաստած «Ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետևանքների մասին» զեկույցը, որը պատրաստվել է նախորդ տարվա սեպտեմբեր-դեկտեմբերին:
Այդ հաշվետվության դիտարկումից հետո ԵԽԽՎ-ն ընդունել է «Վրաստան և Ռուսաստան – հումանիտար իրավիճակը պատերազմից ու հակամարտությունից տուժած գոտիներում» բանաձևը: Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ բանաձևում ուշադրություն է հատկացված այն խնդիրներին, որոնք խանգարում են օկուպացված շրջաններում մարդու իրավունքների պահպանմանը: Դրա հետ մեկտեղ ընդունված փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում անխոս կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված 6 կետանոց հրադադարի համաձայնագիրը: