«Երբ հարցնում եք ինքներդ Ձեզ՝ ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա քաջություն է տալիս ձեզ առաջ գնալու համար»
Բացառիկ հարցազրույց «Սինոփսիսի» Հանրային մարքետինգի և համալսարանական ծրագրի գլխավոր տնօրեն Քերըն Բարթլեսոնի հետ
– Տիկին Բարթլեսոն, սա Ձեր երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան: Ի՞նչ էիք ակնկալում տեսնել այստեղ Ձեր այցի ժամանակ, և արդյո՞ք Ձեր սպասելիքներն արդարացվեցին:
– Ես ակնկալում էի տեսնել մոտավորապես նույնը, ինչ տեսել էի իմ վերջին այցի ժամանակ` նույն լսարանները, նույն գրասենյակը, անգամ նույն օդանավակայանը: Ես սպասում էի, որ օդանավակայանը կլինի փոքր: Հիշում եմ մի փոքր սրահ, որտեղ պետք էր նստել և սպասել, մինչև ինչ-որ բան տեղի ունենար: Երբ ես վայրէջք կատարեցի ժամանակակից օդանավակայանում, որտեղ ցուցանակներն ուղղություն են ցույց տալիս, ես մտածեցի` «Արդյո՞ք ճիշտ վայրում եմ»: Այնուհետև, այցելելով «Սինոփսիս» և «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտ (ՍԱՈՒԴ) և տեսնելով լսարանները, նոր շենքը և մարմարե հատակները, աշխատակիցներին` շատ ավելի մեծ քանակով աշխատակիցներին, դարձյալ նույն հարցն եմ ինքս ինձ տալիս` «Արդյո՞ք ես նույն տեղն եմ վերադարձել»:
Այնպես որ, փոփոխությունը, զարգացումը և դրական տարբերությունները չէին համապատասխանում իմ ակնկալիքներին, և դա շատ լավ է: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել «Սինոփսիս Արմենիայում» վերջին 7 տարիների ընթացքում՝ բոլորի քրտնաջան աշխատանքի արդյունքն է, և «Սինոփսիսի» նվաճումները Հայաստանում բացառիկ են:
– «Սինոփսիսի» նոր կարգախոսն է՝ «Արագացնելով նորարարությունը»: Ձեզ համար դա ի՞նչ նշանակություն ունի համալսարանական ծրագրի և համայնքային մարքետինգի համատեքստում:
– «Արագացնելով նորարարությունը» կարգախոսը, որն այժմ մեր հոգու մասնիկ է դարձել, չափազանց մեծ նշանակություն ունի «Սինոփսիսում» բոլորի համար: Անձամբ ինձ այս կարգախոսը դուր է գալիս այն պատճառով, որ այն ավելին է, քան պարզապես կիսահաղորդիչների նախագծում: Այն ենթադրում է «Սինոփսիսի» երկարաժամկետ ապագան` մենք կարող ենք ներգրավվել այնպիսի գործարքների մեջ, որոնց մասին դեռևս պատկերացում չունենք: Մենք կարող ենք ընդլայնել «Սինոփսիսի» գործունեությունն ամբողջ աշխարհում` բազմաթիվ ոլորտներում նորարարություններն արագացնելու համար: Ինչ վերաբերում է համալսարանական ծրագրին`կարծում եմ, որ նորարարություններն առավելագույնս արագացվում են կրթության և գիտության շնորհիվ: Կրթությունը և գիտությունն այն երկու հիմքերն են, որոնք թույլ են տալիս նորարարություններ ներմուծել: Հենց դա է համալսարանական ծրագրի նպատակը, որը Հայաստանում չափազանց արդյունավետ է իրականացվում, և, իհարկե, հետագայում ՍԱՈՒԴ-ի ռեսուրսների և մեր ծրագրի աշխատանքի արդյունքները ճանաչվում և օգտագործվում են այլ երկրներում:
– Որպես նորարարություն կրթության գործընթացում՝ ՍԱՈՒԴ-ը մշակում ու կիրառում է ուսումնական նախագծման հավաքածուն (ՈՒՆՀ): Արդյո՞ք «Սինոփսիսը» միակ ընկերությունն է, որ կիրառում է ՈՒՆՀ-ն, և ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
– ՍԱՈՒԴ-ի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի հետ մեր զրույցի ժամանակ նա նշեց՝ «Ինչպե՞ս կարելի է դասավանդել կիսահաղորդիչների նախագծման այս գործընթացները տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում՝ առանց ուսումնական նախագծման հավաքածուի»: Առանց դրա նախագծման՝ գործընթացում մի էական մաս է պակասում: Այնպես որ, սա մի մեծ նորարարական քայլ է: Կարծում եմ, որ այլ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ընկերությունները կնախանձեին մեզ. համալսարաններին պարզապես ծրագրեր առաջարկելու փոխարեն, ՈՒՆՀ-ի կիրառման շնորհիվ՝ մենք ավելի բարձր մակարդակի ենք հասել: Այդ ծրագրերի միջոցով մենք շատ խնդիրներ ենք լուծում՝թե մեր ՈՒՆՀ-ով, և թե փոխօգտագործելի արտադրական գործընթացի նախագծման հավաքածուով (ՓԱԳՆՀ), ինչպես նաև՝ մեր հարուստ ուսումնական ծրագրով հանդերձ՝ այս ոլորտում մենք միակն ենք, որ առաջարկում ենք ամբողջական դասընթացներ: Սա մեր մրցակցային առավելությունն է:
Ավելին, մարդիկ իսկապես չեն պատկերացնում, որ մեր արտադրանքի մի մասը ստեղծվել է այստեղ՝ ՍԱՈՒԴ-ում, ուսանողների կողմից: Այդ ուսանողները դեռևս երրորդ կամ չորրորդ կուրսում են, նրանք եկել են ՀՊՃՀ-ից և ԵՊՀ-ից և սովորում են «Սինոփսիսի» Համալսարանական ծրագրի մաս կազմող ՍԱՈՒԴ-ում, որտեղ մենք նրանց սովորեցնում ենք էլեկտրոնային նախագծման ավտոմատացման միջոցների կամ ԻՍ-երի նախագծում: Ուսանողական կազմում ներառված փորձնակները մեր ծրագրերի համար որակյալ արտադրանք են պատրաստում, որն այնուհետև օգտագործվում է ընկերության պատվիրատուների կողմից:
Այսպիսով, մենք ունենք նման աննախադեպ հարուստ հնարավորություններ, որոնք շահավետ են ոչ միայն ընկերության համար, այլ նաև ակնհայտորեն օգտակար են ուսանողների համար: Ավարտական վկայական ստացած ցանկացած ուսանող, ով կարող է ասել՝ «Ես ստեղծել եմ UMC ընկերության համար ֆիզիկական նախագծերի ստուգման IC Validator ծրագրի առաջադրանքներ», անհամեմատ ավելի շատ առավելություններ կունենա, քան այն ուսանողը, որն ասում է՝ «Ես գրքից եմ սովորել»:
– Ինչպե՞ս կբնութագրեք «Սինոփսիս Արմենիայի» կենտրոնը երեք բառով: Կարո՞ղ եք առանձնացնել Ձեր այցի ժամանակ ստացած ամենամեծ տպավորությունը:
– Համաշխարհային կարգի կենտրոն: Իր հարմարություններով և մարդկանց գիտելիքներով՝ այն համապատասխանում է «Սինոփսիսի» ցանկացած այլ կենտրոնի մակարդակին: Կցանկանայի նշել «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների բացառիկ նվիրումն աշխատանքին և նրանց աշխատանքի որակը: Հանդիպելով հատկապես նրանց, ում հետ անձամբ ամեն օր աշխատում եմ, վայելելով նրանց հյուրընկալությունը և տեսնելով նրանց աշխատանքի որակը և անձնվիրությունը, ես հասկացա, որ «Սինոփսիսի» այլ մասնաճյուղերի աշխատակիցներն ի վիճակի չեն լիարժեք գնահատել այս ամենը, մինչև չտեսնեն դա անձամբ:
Հասարակ բաներ, ինչպես, օրինակ, երբ պրոֆեսոր Վազգեն Մելիքյանն ինձ թույլ էր տալիս մի ամբողջ շաբաթ նստել իր գրասենյակում, կամ, երբ աշխատակիցներն ինձ ճաշի էին հրավիրում, կամ ուղեկցում տարբեր մշակութային միջոցառումների, որտեղ ինքս, թերևս, երբեք չէի հայտնվի: Ես հնարավորություն ունեցա դասախոսություն կարդալ ՍԱՈՒԴ-ի, ինչպես նաև ՀՊՃՀ և ԵՊՀ ուսանողների համար: Ուստի կարծում եմ, որ իմ այցից հետո սկսեցի ավելի շատ գնահատել «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցներին: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել «Սինոփսիս Արմենիայի» աշխատակից Գագիկ Սուքիասյանին, ով արժանացել է Աշխատակիցների գերազանցության մրցանակին (Employee Excellence Award): Ես համոզված եմ, որ նա շատ հպարտ է, և վստահ եմ, որ նրա ղեկավարությունը նույնպես շատ հպարտ է:
– Տիկին Բարթլեսոն, թույլ տվեք ևս մի քանի անձնական բնույթի հարց տալ: Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում կամ խրախուսում:
– Իմ ամենամեծ նվաճումն իմ ընտանիքն է: Միանշանակ՝ իմ ընտանիքը: Դրանից բացի, իմ կարիերայի մեջ, ամենախելացի բանը, որ ես արել եմ` «Սինոփսիսում» աշխատանքի ընդունվելն էր: Ժամանակին ես մի քանի տարբերակ ունեի, և դա ամենալավ որոշումն էր, որ ես ընդունեցի: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ իմ ամենամեծ նվաճումն այս տարի մեկնարկող IEEE-ի Ստանդարտների ասոցիացիայի նախագահ ընտրվելն է: IEEE-ի անդամների կողմից այս պաշտոնում ընտրվելը մեծ պատիվ է, և ես պետք է լավագույնս իրականացնեմ նրանց կողմից ինձ հետ կապված ակնկալիքները: Կարծում եմ, ինձ խրախուսում է իմ ընդունակությունների լիարժեք օգտագործումը՝ ի հատուցումն աշխարհին:
Ինձ թվում է, դա իմ մայրիկից է գալիս. նա մեզ ասում էր, որ յուրաքանչյուր մարդ, որ ծնվում և մեծանում է` ունի իր որոշակի ընդունակությունները և յուրովի պատասխանատվություն է կրում այդ ընդունակությունների շնորհիվ աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Ուստի, ես կարծում եմ, որ ամենաշատն ինձ խրախուսում է աշխարհի, մարդկության հանդեպ իմ պարտքի զգացումը, քանի որ ինձ տրված են ընդունակություններ և հնարավորություններ, և ես երբեք չպետք է եսասեր լինեմ և դրանք միայն ինձ համար պահեմ: Չնայած դա վերջերս է տեղի ունեցել, ինձ համար դա ամենամեծ նվաճումն է:
– Ձեր դասախոսությունները սովորաբար սկսում եք ստանդարտների կարևորությունը շեշտելով: Որքա՞ն մեծ է ստանդարտների դերը Ձեր կյանքում:
– Անկասկած շատ մեծ է. ես ոչ միայն ամեն օր օգտագործում եմ դրանք, այլ նաև օգտվում եմ Wi-Fi-ից, USB-ից: Ճիշտ է, այժմ չեմ օգտագործում System Verilog, քանի որ այլևս չեմ զբաղվում կիսահաղորդիչների նախագծմամբ, ինչպես նախկինում: Ստանդարտներն իսկապես մեծ դեր են խաղում իմ ամենօրյա կյանքում, դրանք իմ` «Սինոփսիսում» կատարած աշխատանքի հիմնական մասն են կազմում: Իմ գործունեությունը հիմնականում երեք բնագավառի վրա է ուղղված՝ համալսարանական ծրագրի, մեր սոցիալական մեդիա ռազմավարության և մեր ստանդարտների ծրագրերի, ուստի դրանք կյանքիս էական մասն են կազմում, և ես շատ ժամանակ եմ հատկացնում դրանց:
-Ի՞նչ եք կարծում, ստանդարտները կարևո՞ր են մարդկային հարաբերությունների, աշխատանքային միջավայրի և անձնական կապերի պահպանման համար:
– Իհա՛րկե կարևոր են, որովհետև, երբ խոսքը գնում է ինտերնետի մասին՝ այն արդեն ստանդարտներից է կառուցված. իսկ ինտերնետը թույլ տվեց մարդկանց աշխարհով մեկ զարգացնել անձնական հարաբերություններ, կապ ստեղծել այն մարդկանց հետ, ում գրեթե չենք ճանաչում, ինչպես նաև՝ պահպանել կապը մտերիմների հետ: Մեքենայում մենք փորձարկում և խաղում էինք անդրոիդի Google-ի թարգմանիչ ծրագրի հետ (այնտեղ դեռ շատ գործ կա անելու), կարծում եմ, որ այն ավելի ֆունկցիոնալ է առավել լայն օգտագործվող լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն: Բայց երբ մենք հնարավորություն ունենք խոսել համապատասխան ստանդարտներով հագեցված սարքավորման միջոցով, և ուղարկելով ձայնային հաղորդագրություն անգլերեն լեզվով, իսկ հետո՝ հեռախոսափողից դուրս` դարձյալ բոլոր տեսակի ստանդարտների (կիսահաղորդիչների, կոմունիկացիոն միջոցների և բջջային հեռախոսների, գուգլի և ինտերնետի) միջոցով, պատասխանը ստանում ենք հայերեն լեզվով՝ սա ահռելի ազդեցություն է թողնում մեր անձնական հարաբերությունների վրա:
Որովհետև, նույնիսկ, եթե ես և դուք մտերիմ ընկերներ ենք, պատկերացրեք, թե ի՞նչ պիտի անեինք առանց Ֆեյսբուքի, որը հնարավորություն է տալիս կիսվել նկարներով կամ հեռախոսով խոսել, և շան նման բաներ: Կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է: Ես այստեղից երեխաներիս և ամուսնուս տեքստային հաղորդագրություններ եմ ուղարկում: Ուստի, նույնիսկ հեռավորության վրա, ստանդարտները շատ մեծ դեր են խաղում մեր անձնական հարաբերությունների մեջ:
– Դուք հայտնի բլոգեր եք Ձեր ոլորտում: Ձեր բլոգը կոչվում է «Ստանդարտների խաղը»: Ինչո՞ւ խաղը:
– Որովհետև իրականում բիզնեսը կարելի է դիտել՝ որպես խաղ. այնտեղ կան հաղթողներ և պարտվողներ, կա ռազմավարություն, և ես փորձում եմ կանխատեսել, երբեմն ես եմ նվաճում նրանց տարածքները, երբեմն նրանք են նվաճում իմ տարածքը: Նույնկերպ ստանդարտների բեմահարթակը կարելի է դիտել՝ որպես մարտահրավեր կամ խաղ: Օրինակ, երբ «Սինոփսիսը», Քադենսը և Մենթորը միասին նստում և փորձում են ստեղծել System Verilog ստանդարտը, որոշ տեղերում մենք ենք առավելություն ունենում, որոշ տեղերում՝ նրանք, մենք պետք է մեր սեփական ռազմավարությունն ունենանք, և դա խաղ է, և լուրջ խաղ է: Բլոգի անվանման պատճառներից մեկը նաև այն է, որ խաղը նշանակում է՝ զվարճանք, ուստի որոշ չափով պետք է թեթևամիտ վերաբերվել դրան: Երբ Ստանդարտների հանձնաժողովի անդամները սկսում են իրար վրա բղավել, ուրեմն ժամանակն է՝ մի քայլ ետ կանգնել և ասել՝ լսեք, սա խաղ է, եկեք դա հասկանանք և քաղաքակիրթ լինենք և փոքր-ինչ ավելի լավ համագործակցենք:
– Տիկին Բարթլեսոն, Դուք հաջողակ մայր, կին և ղեկավար եք: Կարո՞ղ եք կիսվել Ձեր գաղտնիքներով: Որո՞նք են աշխատողների մոտիվացման երեք ամենակարևոր գործոնները:
– Մի անգամ, շատ վաղուց, մենեջմենթի դասից ես մի բան սովորեցի: Այդ դասի ժամանակ մեզ հիշեցրեցին բոլորին հայտնի ոսկե կանոնը՝ վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ: Մեզ սովորեցրեցին դրա մասին այլ կերպ մտածել: Մարդկանց մեծամասնությունը չգիտի սրա մասին, այդ կանոնը նույնպես ենթադրում է՝ վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես նրանք կցանկանային, որ դու վարվես նրանց հետ:
Առաջնայինը նրանք են, ոչ թե դուք: Օգտվելով հին ոսկե կանոնից`վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես ես կուզեի, որ վարվեն ինձ հետ` ես կենթադրեմ, որ Դուք ինձ նման եք, և կտամ Ձեզ այն, ինչ ես եմ ցանկանում: Բայց չէ՞ որ կարևորը ոչ թե ես եմ, այլ Դուք: Այսպիսով, Դուք սովորում եք, որ որոշ մարդիկ նախընտրում են ավելի մարդկային մոտեցում, մյուսները սիրում են տվյալներ, երրորդներն ավելի բարեհամբույր են, չորրորդները՝ ձայն բարձրացնող… Եթե հասկանաք ոսկե կանոնը և վարվեք նրանց հետ, ինչպես նրանք կցանկանան, շփումը մարդկանց հետ շատ ավելի հեշտ կստացվի, և Դուք կհասկանաք նրանց տեսակետը, և, կարծում եմ, ղեկավար պաշտոն ստանձնելն ավելի դյուրին կդառնա, եթե այս նոր կանոնով առաջնորդվեք:
Երկրորդ կանոնը, որն ինձ իսկապես ոգեշնչում է, և ես պարբերաբար կիրառում եմ, հետևյալն է` Սթիվեն Քովինի հեղինակությամբ «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորությունները» գրքում սովորություններից մեկը, եթե չեմ սխալվում՝ հինգերորդը, ասում է՝ փորձեք հասկանալ ուրիշներին՝ նախքան նրանք կհասկանան Ձեզ: Դա նշանակում է` դադարեք մտածել Ձեր մասին, հարցրեք դիմացինին, թե որն է նրա տեսակետը, ինչ է նա մտածում, և, եթե այդպես անեք, նույնիսկ բանակցությունների ժամանակ, կամ, եթե նրանք Ձեր մրցակիցն են, կամ Ձեզանից շատ են տարբերվում, դա թույլ կտա Ձեզ լսել և հասկանալ, թե ովքեր են նրանք, ինչ են մտածում: Դուք կուտակում եք այդ գիտելիքները, որոնք օգնում են Ձեզ ավելի հեշտ շփվել, խնդիրներ լուծել կամ անհրաժեշտության դեպքում՝ մրցակցել: Սա նաև օգնում է մարդկանց հանգստացնել, եթե նրանք բարկացած են:
Այսպիսով, եթե ինչ-որ մեկը բարկացած ասում է մեզ, որ մենք սխալ ենք, մեր առաջին արձագանքը` ի պատասխան բղավելն է, որ մենք հիմար չենք, և զրույցը շուտով վերածվում է բանավեճի: Բայց եթե Դուք կանգ առնեք և փորձեք հասկանալ, թե ինչու է այդ անձը այդքան բարկացած, ինչն է խնդիրը, Դուք զարմանալի բացահայտումներ կկատարեք: Երբեմն Դուք լսում եք խոստովանություններ, որոնք երբեք չէիք լսի, եթե չհարցնեիք դիմացինին նրա զգացմունքների կամ տեսակետի մասին` մինչ Ձեր անձնական կարծիքը հայտնելը: Սրանք են այն երկու կանոնները, որոնք ես փորձում եմ կիրառել ղեկավարի պաշտոնում՝ մեր այս խելագար տեմպերով փոփոխվող ոլորտում հավասարակշռությունը չկորցնելու համար:
– Վերջին հարցը՝ ինչպե՞ս եք Դուք կառուցել Ձեր կարիերան: Ի՞նչ խորհուրդ կտաք «Սինոփսիսում» աշխատող երիտասարդ աղջիկներին:
– Սա իրականում դժվար հարց է, քանի որ իմ կարիերան պատահականություն էր: Ես չէի նախատեսել նման բան: Երբ ես սովորում էի դպրոցում, այնուհետև՝ համալսարանում, ես գաղափար չունեի ճարտարագիտության մասին, գիտեի միայն, որ սիրում եմ մաթեմատիկան և բնական գիտությունները և լավ էի սովորում այդ առարկաները: Մի օր «Ճարտարագետ կանանց հասարակություն» կազմակերպությունից ինձ զանգեցին` «Դուք երիտասարդ կին եք, սովորում եք մաթեմատիկա և բնական գիտություններ: Հրավիրում ենք Ձեզ մեր հանդիպմանը, մենք կպատմեք Ձեզ ճարտարագիտության մասին»: Ես գնացի հանդիպմանը և հետո խոստովանեցի` «Ինձ շատ է դուր գալիս ճարտարագիտությունը, երբ դու ինչ-որ բան ես սարքում»: Ես շատ հուզված էի: Այդպիսով, փոխեցի իմ հիմնական մասնագիտությունը և գնացի համալսարան՝ առանց իմանալու, որ միակ աղջիկն եմ լինելու լսարանում: Ես չէի գիտակցել, որ սա տղամարդկանց բնագավառ է, դա ամբողջությամբ պատահականություն էր: Այս բոլոր տարիների ընթացքում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, և երբ «Սինոփսիսը» զանգահարեց ինձ և ասաց`«Մենք պետք է աշխատենք ստանդարտների վրա, մենք լավ պատկերացում չունենք դրա մասին, և, քանի որ մենք նպատակ ունենք առաջնորդ լինել այդ ոլորտում, մեզ պետք է մեկը, ով կզբաղվի դրանով»: Ես ոչինչ չգիտեի դրա մասին: Պարզապես փորձեցի անել դա: Ես «Սինոփսիսի» առաջին հեռակա աշխատողն էի, և դա դժվար էր, որովհետև ոչ ոք չգիտեր, թե ինչպես է հնարավոր աշխատել տանից:
Կոլորադոյում ես այն սակավաթիվ մարդկանցից էի, ով որոշել էր ծննդաբերել մանկաբարձուհու հետ տնային պայմաններում, ինչն այն ժամանակ անօրինական էր: Անօրինական չէր տանը երեխա ծննդաբերելը, բայց մանկաբարձուհիների համար անօրինական էր աջակցել ծննդաբերող կնոջը, դրա համար պետք էր ծննդատուն գնալ, բայց ես մտածեցի, որ տանն ավելի լավ խնամք կստանամ: Կարծում եմ, եթե խորհուրդ պիտի տամ, իմ խորհուրդը հետևյալն է՝ կյանքում երաշխիքներ չկան, բայց գտեք մի բան, որ սիրում եք, քանի որ, ինչպես ես եմ ասում իմ երեխաներին, եթե սիրում եք այն, ինչ անում եք, դա աշխատանք չէ: Օրվա վերջում կմտածեք` «Եվ սրա համար ինձ վճարում են»: Գտեք այն, ինչ սիրում եք անել, բացահայտեք Ձեր տաղանդը, և եթե ինչ-որ տարօրինակ հնարավորությունների հանդիպեք, փորձեք Ձեր ուժերը, մի եղեք ամաչկոտ, եղեք համարձակ`գուցե դա ինչ-որ հետաքրքիր բանի վերածվի:
Ես հիշում եմ «Միկրոչիպերի աշխարհը» իմ դասախոսությունները տեխնիկական կրթություն չունեցողների համար. դրանք նույնպես ամբողջությամբ պատահականություն էին: Մեր ֆինանսական բաժանմունքից ինչ-որ մեկը հարցրեց` կարո՞ղ եմ արդյոք ես գնալ 6 մարդու հետ հանդիպման և պատմել, թե ի՞նչ ենք մենք անում «Սինոփսիսում»: Ես ինձ հետ տարել էի փոքրիկ տրանզիստորներ, նրանց շատ դուր եկավ դասախոսությունը, և նրանք շարունակեցին ինձ տարբեր հանդիպումների ուղարկել: Դա վերաճեց դասախոսությունների, ապա՝ տեսահոլովակների, և, եթե ես չորոշեի փորձել դա անել, ինչպես նաև բլոգ վարել… Երբ սկսեցի բլոգ վարել՝ առաջին երեք աշխատողներից մեկն էի:
Ես մտածեցի` չնայած չգիտեմ, թե ի՞նչ է բլոգինգը, բայց պետք է փորձեմ այն, և մարքետինգի և ռազմավարական զարգացման գլխավոր փոխնախագահ Ջոն Չիլտոնը ասաց. «Դե, քեզ տեսնենք»: Դա ինձ մի քիչ վախեցրեց, բայց մտածեցի, որ կորցնելու բան չունեմ, և փորձը շատ հաջող ստացվեց: Այնպես որ, խորհուրդ կտամ գտնել այն, ինչ սիրում եք անել, և չվախենալ ռիսկի դիմել: Մայրս ինձ մի խորհուրդ էր տալիս. պետք է մտածել, թե ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է պատահել: Երբ մտածեք ամենավատ բանի մասին, ենթադրենք՝ բլոգի ձախողումը, մի մեծ բան չի թվա: Ոչ մեկը չի՞ հավանի Ձեր տեսահոլովակը: Ինչ արած, դա մեծ կորուստ չէ: Երբ հարցնում եք ինքներդ Ձեզ՝ ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա քաջություն է տալիս Ձեզ առաջ գնալու համար:
Հարցազրույցը՝ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ