«Ես այն երգիչների դասին չեմ պատկանում, որոնց միայն դեռահասներն են լսում կամ միայն աղջիկները». Արսեն Գրիգորյան
Երգիչ Արսեն Գրիգորյանի հետ հանդիպեցինք իր ստուդիայում՝ նոր երգի գործիքավորման աշխատանքների ընթացքում: Երգիչն աշխատում էր իր նոր ձայնասկավառակի երգերի գործիքավորման վրա: Արսենն այս տարվա սկզբին հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Երանի» երգը, որին, ինչպես մեզ հետ զրույցում նշեց երգիչը, հաջորդելու են ևս մի քանի նոր տեսահոլովակներ:
– Արսեն, ո՞ւմ ես երանի տալիս:
– Երանի եմ տալիս այն մարդուն, ով ունի սեր, ով կարողանում է սիրել: Երգը գրել եմ 2002թ, երբ շատ երիտասարդ էի և առաջին հայացքից սիրահարվեցի մի աղջկա: Դա նոյեմբեր ամիսն էր, հետո Երգի պետական թատրոնում պետք է տեղի ունենար իմ հեղինակային երեկոն: Երգն առաջին անգամ այդ համերգին է հնչել, և երգի հերոսուհին, ում ուղղված է այդ երգը, արդեն իր առաջին երգն ուներ: Հենց այդտեղից էլ ծնվեցին իմ երգի տողերը՝ «երանի քեզ, որ սեր ունես»:
– Այսինքն՝ այն մարդն, ում երգը նվիրել ես, երգարվեստի հետ ինչ-որ կապ ունի՞:
– Չէ, իմ ոչ մի սեր երգարվեստի հետ երբեք կապ չի ունեցել:
– Շա՞տ սերեր ես ունեցել:
– Շատ չեմ կարող ասել: Շատը նորմալ չի, բայց ունեցել եմ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Իմ սերերը եղել են տարբեր, և ոչ մեկը շոու-բիզնեսի կամ երգարվեստի հետ կապ չի ունեցել: Նրանք տարբեր են եղել թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ:
– Հիմա որևէ նոր ստեղծագործության վրա աշխատո՞ւմ ես:
– Դա կապված է մուսայի հետ, թե այդ պահին դու ի՞նչ ես ուզում: Հենց հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ ոչինչ չեմ գրում, ամբողջությամբ նվիրվել եմ իմ երգերի գործիքավորմանն ու պատրաստմանը: Պետք է ազատ լինես, որ կարողանաս ինչ-որ բան ստեղծել: Մարդիկ ձայնասկավառակ են թողարկում, ասենք, 10-12 երգով, որից միայն 2-3 երգն է նորմալ համարվում: Ես չեմ ցանկանում նման բան անել: Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի վրա: Այն թվով իմ 5-րդ ձայնասկավառակն է, որի երգերից յուրաքանչյուրն ինձ համար կարևոր է՝ շատ հոգի եմ դրել դրանց մեջ:
Պլանավորում եմ նույն ձայնասկավառակի երգերից մի քանիսը հանրությանը ներկայացնել նաև տեսահոլովակի տեսքով: Այդ ձայնասկավառակում կա մի հիթ (չեմ վախենա դեռ դուրս չեկած երգը հիթ անվանել): Այդ երգը մեկ անգամ եմ երգել, այն էլ՝ հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում, խնդրեցին՝ դա կատարեցի: Այդ երգը կատարելուց անցել է բավական երկար ժամանակ, բայց արձագանքները դեռ չեն դադարում: Ֆեյսբուքով էլ ինձ շատերն են հարցնում՝ ինչպե՞ս գտնել երգը՝ ևս մեկ անգամ լսելու համար: Մարդիկ հետաքրքրվում են այդ երգով, ուզում են լսել: Որոշել եմ նաև այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Կարծում եմ՝ 3 տեսահոլովակ այս տարի կներկայացնեմ հանրությանը:
– Բացի տեսահոլովակներից, այս տարվա հետ կապված է՞լ ինչ ակնկալիքներ ունես:
– Այս տարվա ակնկալիքներս ամբողջությամբ կապված են անցյալ տարվա աշխատանքներիս հետ: Շատ աշխատանքներ են արվել 2012թ., որոնք մարդիկ չեն տեսել և կտեսնեն 2013թ.: Անցյալ տարի ես շատ երգեր գրեցի, կային երգեր, որոնք շատ էի հավանում և դեռ վաղուց պետք է ստեղծեի, պատրաստեի, չգիտես ինչո՞ւ՝ չէր ստացվում, այժմ անդրադարձա այդ շարքին:
Փաստորեն, ստեղծվեց նոր երգերի շարք: Երգերի գործիքավորման աշխատանքները սկսվեցին դեռ անցյալ տարվանից: Իմ նոր ձայնասկավառակի երգերն արդեն ձայնագրվել են, մնացել է 2 երգ: Ուզում էի փետրվարի 14-ին մենահամերգ և ձայնասկավառակի շնորհանդես կազմակերպել միասին, սակայն, քանի որ այդ ժամանակաշրջանը Հայաստանի մարզերով բուռն համերգային ժամանակաշրջան է, որոշեցի հետաձգել: Ամենահարմար օրը, որ կարելի է այդ ամենն իրականացնել, ծննդյանս օրն է՝ հունիսի 23-ը: Հենց այդ օրն էլ որոշել եմ կազմակերպել: Համերգին անպայման երգելու եմ այդ երգերից:
– Բացի քո ստեղծագործական աշխատանքներից, որևէ վայրում երգո՞ւմ ես:
– Չէ, չեմ երգում: Միայն Ամանորին Արամեի կարաոկեում էի երգում մի քանի երգ ուղղակի հանդիսատեսի համար՝ նրանց նվիրելով: Հիմա, բացի իմ ստուդիայից, ոչ մի վայրում չեմ աշխատում: Սա է իմ աշխատանքն ու իմ աշխատավայրը, ուրիշ աշխատավայր չունեմ:
– Ինչո՞ւ:
– Ոչ մի վատ բան չկա դրա մեջ, ուղղակի հարմար առաջարկ չի եղել, որ ինձ դուր գա, մինչև չլինի՝ չեմ երգի: Իսկ եթե առաջարկը լինի՝ կհամաձայնեմ:
– Նշեցիր, որ Հայաստանի մարզերով ես շրջելու համերգային ծրագրերով, իսկ երկրի սահմաններից դուրս համերգային ծրագրերի պլաններ ունե՞ս:
– Դեռ ոչ:
– Ո՞ր տարիքային խմբի հանդիսատեսն է քեզ լսում:
– Ինձ մոտ այդպիսի բան չկա: Ես այն երգիչների դասին չեմ պատկանում, որոնց միայն դեռահասներն են լսում կամ միայն աղջիկները: Երգերս այնպիսին են, որ բոլորն էլ լսում են:
– Իսկ այլ ոճերում քեզ փորձել չե՞ս ցանկանում:
– Ես ի՞նչ գործ ունեմ այլ ոճերի հետ: Ես մարդ եմ, ով զբաղվում է արվեստով, ով իր սրտից, իր միջից ծնվածն է երգում: Այլ հարց է, թե ինչպե՞ս եմ գործիքավորում: Հնարավոր է՝ գործիքավորման մեջ փորձեր, էքսպերիմենտներ անեմ:
– Կհիշե՞ս քո հանդիսատեսի կողմից ինչ-որ հետաքրքիր արձագանք՝ կապված երգերիդ հետ:
– «Ապրիր միշտ պարզ» երգից հետո մի աղջիկ ինձ գրեց և շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ ամուսնու հետ բաժանման եզրին են կանգնած եղել և չեն բաժանվել այդ երգի շնորհիվ: Երգը ստիպել է իրենց զգացմունքները ճիշտ հասկանալ, և ամեն բան իր տեղն է ընկել: Շատ ուրախանում եմ, երբ համերգների ժամանակ իմ երգերն ինձ հետ կատարում են:
– «Ապրիր միշտ պարզ» երգն այսօր հանրությունն առավել շատ ասոցիացնում է «Վիտամին» ակումբից Գարիկի՝ Եկատերինայի կերպարը կերտելու հետ:
– Ես շատ վաղուց էի այդ երգը երգում: Իհարկե, ուրախ եմ, որ Գարիկն այդ երգի տակ է մուտք գործում բեմ: Գարիկն այդ երգը սիրում է, ընտրել է, իսկ ես ուղղակի շատ ուրախ եմ իր այդ ընտրության համար:
– Շոու-բիզնեսում մի քանի Արսեն Գրիգորյաններ կան: Երգերդ լսելով՝ հանրությունը քեզ բնորոշում է շոու-բիզնեսի Արսեն Գրիգորյաններից՝ «նուրբը» : Ի՞նչ կասես այդ մասին:
– Երգերս երևի լիրիկայի ժանրում են, դրանից է հանրությունը կարծում, թե նուրբ եմ, բայց կյանքում այնքան էլ նուրբ չեմ:
– Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն ես:
– Ստեղծագործող մարդը, բնականաբար, պետք է մեծ հոգևոր աշխարհ ունենա, չեմ սիրում, որ խաբում են, սուտը տանել չեմ կարողանում և չեմ սիրում, որ ինձ շահագործում են:
– Շատերը Հայաստանում բողոքում են չգնահատված լինելուց: Իսկ դո՞ւ:
– Շատ են մարդիկ, ովքեր երկրից հիասթափվում են: Շատ դեպքերում ես հիասթափվում եմ նույն մարդկանց ճաշակից: Չեմ խոսում փոփ երգիչների մասին, զարմանում եմ, թե նրանք ինչպե՞ս կարող են այդ երաժշտությունը լսել: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր լսում են որակյալ երաժշտություն: Զարմանում ես՝ տեսնելով, թե այլ երկրների հանդիսատեսն ինչպես է ապրում հնչած երգերով: Իսկ մերոնք հեռուստատեսությամբ ինչ ցույց են տալիս, ասում են՝ սա է ամենալավը:
Կար ժամանակ, որ մարդիկ ավելի ճաշակով էին: Եկան ժամանակներ, երբ հեռուստատեսությունը սկսեց շատ ու վատ երգեր ցույց տալ, սերիալներ ցուցադրել, իսկ մարդիկ սկսեցին փոխել իրենց երաժշտական ճաշակը՝ կարծելով, թե հեռուստատեսությամբ ցուցադրածը լավագույնն է:
Ես չեմ խոսում բոլորի մասին, իհարկե, մենք ունենք շատ լավ հանդիսատես, որը որակյալ երաժշտություն է լսում: Կարծում եմ՝ այսօր այն մարդկանց ճաշակն է վատը, ովքեր ամեն օր տանն են, սերիալներ են նայում: Ես չեմ ուզում շատ հիասթափեցնել, որովհետև միայն մեր երկրում չէ այսպիսի վիճակ: Չեմ ընդունում, երբ ինչ-որ մի հարավկորեացի ինչ-որ անհասկանալի բան է երգում, ու դա ամբողջ համացանցում ամենադիտված երգն է դառնում: