Ավգյան ախոռների հիմնադիրը (տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններում չառաջադրվելու մասին վերջին հարցազրույցը հակասական էր ու հագեցած իրեն իսկ հերքող բազմաթիվ մտքերով: Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի 20-ամյա քաղաքական գործունեությունն ընդհանրապես:

Այդ հակասություններից ամենացայտունը, ամենասկզբունքայինն իր թիմում լիդերների բացակայության մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր, որով առաջին նախագահը հերքեց անձամբ իրեն: «… ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,-նախագահական ընտրություններում իր չառաջադրվելու հիմնավորումներն այսպես է սկսում Լևոն Տեր-Պետրոսյանը` փորձելով թողնել թիմի մասին մտահոգ առաջնորդի, սեփական, անձնական ամբիցիաներից վեր կանգնող գործչի  տպավորություն:

Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ իր քսանամյա գործունեության ընթացքում հետևողականորեն, բոլոր հնարավոր միջոցնելով արգելակել և սահմանափակել է սեփական թիմում որևէ քաղաքական գործչի ինքնադրսևորումը` տեղ տալով միայն նրանց, ովքեր ընդունել, երկրպագել են իր անձի գերակայությունը, անսխալականությունը, բոլորից ու ամեն ինչից վեր գտնվելու իր առանձնաշնորհյալ կարգավիճակը:

Դա իմանալով` Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում, այսպես ասած, նախահարձակ է եղել, ու իրեն ապահովագրելով՝ ասել է. «Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել:

Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով` իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա՛ Աստված»:

Իր այս հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն խեղաթյուրում է իրականությունը (1998 թվականի իշխանափոխությունից հետո, տասը տարվա ընթացքում, ի հեճուկս իրեն` իր թիմում եղել են առնվազն մի քանի լիդերներ, որոնք չեն դավաճանել իրենց սկզբունքներին ու թիմին անգամ այն ժամանակ, երբ ՀՀՇ-ն հալածվում էր իշխանության կողմից), այլ հերքում է անձամբ ինքն իրեն: Մասնավորապես 2008  թվականի հունիսի 28-ին կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է.

«Ես մի անգամ ասել էի` անգամ ընտրվելու դեպքում, ես, այո, կտրականապես վճռել էի, որոշել էի, որ ես նախագահ եմ մնալու 2-3 տարի, ոչ ավելի: Մաքրելու էի այս ավգյան ախոռները, որից հետո իշխանությունը փոխանցեի ավելի երիտասարդ, ավելի եռանդուն քաղաքական գործիչներին, որոնք այս հարթակում են` Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան: Մենք ունենք արդեն, ասում եմ, երիտասարդ, եռանդուն, արդեն փորձված, տասը տարվա քաղաքական պայքարի, ինչպես նաև պետական գործունեության փորձ ունեցող  քաղաքական գործիչներ, որոնք, վստահ եմ, անցնելով ձեզ հետ միասին, նաև ինձ հետ միասին, անցնելով այս ութ ամսվա համալսարանը, նրանք այսօր պատրաստ էին ստանձնելու այդ պատասխանատվությունը»:

Այսինքն` դեռևս չորսուկես տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ հայտարարում էր, որ իր թիմում կան առնվազն վեց քաղաքական գործիչներ, ովքեր ոչ միայն լիդերներ են, այլև` իրենից ոչ պակաս պատասխանատվությամբ կարող են հավակնել նախագահի պաշտոնին:

Լևոն Տեր-Պետրոսյանի թվարկած վեց գործիչներից այսօր նրա կողքին է միայն մեկը` Ստեփան Դեմիրճյանը, ով դեռևս ՀԱԿ-ում է, բայց գրեթե չի մասնակցում Կոնգրեսի գործունեությանը՝ հայտնի՝ առողջական խնդիրների պատճառով: Դրա համար վերջին հարցազրույցում Լ. Տեր-Պետրոսյանը նշում է միայն Ստեփան Դեմիրճյանի անունը: Մյուս հինգ գործիչները, որոնցից միայն Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ից չէր, հեռացել են ՀԱԿ-ից, Լևոն Տեր-Պետրոսյանից: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոստացած «ավգյան ախոռները» մաքրելու փոխարեն՝ անցած ավելի քան չորսուկես տարիներին հետևողականորեն մաքրեց իր քաղաքական թիմը:

Տեր-Պետրոսյանի իրականացրած կոնյունկտուրային, «բացարձակ պրագմատիզմի» վրա հիմնված քաղաքականության արդյունքում բոլոր սկզբունքային գործիչները հեռացան ՀԱԿ-ից, ինչի արդյունքում հինգ տարի առաջ համաժողովրդական զարթոնքի առաջամարտիկ դարձած քաղաքական այդ ուժն այսօր դարձել է համաժողովրդական հիասթափության առարկան:

Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր այդ լիդերներին թողեց առանց քաղաքական հենարանի: Ընդ որում, ոչ թե այդ գործիչներին հեռացրեց քաղաքական հենարանից, այլ քաղաքական թիմն ու իր վարած քաղաքականությունը դարձրեց այնպիսին, որ նրանք գերադասեցին հեռանալ:
Լևոն Տեր-Պետրոսյանը չմաքրեց իշխանության ավգյան ախոռները, փոխարենը՝ սեփական քաղաքական թիմը դարձրեց այդպիսին: Ու, փաստորեն, ինքը հեռացավ արդեն սեփական ավգյան ախոռից:

Տեսանյութեր

Լրահոս