Հայաստանը դե՞մ է ինտերնետ գրաքննությանը

Դեկտեմբերի 3-14-ը Դուբայում տեղի ունեցավ Էլեկտրակապի միջազգային միության (ITU) գագաթաժողովը: Գագաթաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանը, քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ ինտերնետ-կայքերի սահմանափակումների մասին հարցը: Նման սահմանափակումներ գործում են մի շարք երկրներում, այդ թվում՝ Չինաստանում: 2012թ.-ի աշնանից նման սահմանափակումներ գործում են նաև Ռուսաստանում, որտեղ ընդունվել է մի օրինագիծ, ըստ որի՝ առանց դատական որոշման կարելի է փակել .ru գոտու կայքերը:

Այս հարցի առնչությամբ դեռևս ամիսներ առաջ Հայաստանում պետական և հասարակական սեկտորում քննարկում-հանդիպումներ տեղի ունեցան, իսկ հավաքված կարծիքները ներկայացվեցին արդեն Դուբայում, որտեղ Էլեկտրակապի միջազգային միության գագաթաժողովին Հայաստանից մասնակցում էր նաև «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Պարոն Սաղյան, Միջազգային համաժողովին մասնակցեց նաև Հայաստանը, որտեղ ներկայացվեց բավական լուրջ քննարկումների առիթ դարձած հարցը՝ ինտերնետ գրաքննության վերաբերյալ: Առաջին անգա՞մ էր համաժողովին այդ հարցը քննարկվում:

– Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ նախատեսվում է ձևափոխել 1988թ.-ին ընդունված Միջազգային հեռահաղորդակցության վերաբերյալ պայմանագիրը (կարճ ասած՝ ITR), դրա համար ստեղծվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության աշխատանքային խումբ, որը հավաքում էր տարբեր երկրների տարբեր կազմակերպություններից առաջարկություններ այդ փոփոխությունների վերաբերյալ: Հունիս ամսին արդեն տարբեր երկրներից հավաքվել էր 1275 փոփոխության առաջարկ, որոնք և քննարկման ներկայացվեցին ԷՄՄ անդամ պետություններին: Փոփոխություններն ունեին երկու հիմնական ուղղություն, դրանցից առաջինը՝ խմբագրական փոփոխություններին էր վերաբերում, մասնավորապես՝ պաշտոնական անվանումների հետ կապված փոփոխություններին, իսկ մյուս մասը վերաբերում էր բուն միջազգային հեռահաղորդակցության պայմանագրին:

Կարդացեք նաև

– Հունիսից այդ փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ սկսեցին նաև Հայաստանում, ինտերնետ տարածքում հնարավոր փոփոխությունների մասին, ինչ կարծիքներ են հավաքվել մեր երկրում:

– Այո, հունիսից ինտերնետ հանրությունը հասարակական և կոմերցիոն ենթակառուցվածքներին էր ուղարկել իր առաջարկներն այն մասին, թե այդ 1275 փոփոխություն-առաջարկներից ո՞րն էր նպատակահարմար ընդունել: Հավաքելով այդ բոլոր կարծիքներն՝ ինտերնետ միությունն ուղարկեց իր առաջարկները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, իսկ այնուհետև քննարկումներ ծավալվեցին նաև պետական մի շարք նախարարություններում և գերատեսչություններում: Հայաստանում հավաքված կարծիքները հիմնականում ամփոփելով՝ կարելի է ասել հետևյալը. ինտերնետ գրաքննության հարցերով պետք է զբաղվեն ոչ թե օպերատորները, որոնք ինտերնետ են մատակարարում, այլ իրավապահ մարմինները: Արդյունքում՝ մեր երկիրն այն կարծիքին է, որ այստեղ նոր սահմանում պետք չէ տալ, իսկ եթե կա հանցագործություն, ապա իրավապահ մարմինները պետք է այդ հարցերով զբաղվեն:

– Այսինքն,  ըստ Ձեզ՝ այժմ ինտերնետում գրաքննություն չե՞ն անում:

Իհարկե, անում են, բայց, ինչպես և ամբողջ աշխարհում գոյություն ունի ընթացակարգ, որի հիման վրա կարելի է իրականացնել գրաքննություն կամ գաղտնալսում: Ինտերնետ մատակարարների լիցենզիայում ըստ օրենքի նշված է, թե ինչ կարգով է դա նախատեսված: Եվ օպերատորն ինքն իրավունք չունի դա իրականացնելու, այլ պետք է համապատասխան մարմիններից հրահանգ ստանա, որպեսզի դա կատարի:

Սակայն, անգամ այդ դեպքում, օպերատորն ինքը դա չի կատարում, այլ հնարավորություն է տալիս, որպեսզի իրավապահ մարմինները որոշակի ընթացքակարգով այդ գործը կատարեն: Իսկ եթե այդ օրենքն ընդունվեր, ապա օպերատորն ինքը կարող էր հսկել, նույնիսկ զտել ինտերնետում տարածվող տեղեկատվությունը՝ սփամ-ի անվան տակ, իբր թե զտում է անպետք ինֆորմացիան: Սա շատ վտանգավոր երևույթ է, դրա համար եվրոպական երկրները և մի շարք այլ երկրներ դեմ էին այդ առաջարկին: Ընդհանուր առմամբ՝ 55 երկիր դեմ էր քվեարկել այդ առաջարկին, իսկ 89 երկիր կողմ էր, այդ երկրների թվում էին՝ Աֆրիկան, Արաբական երկրները, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, և այլն:

– Հնարավո՞ր է՝ օրերից մի օր,  Հայաստանում ներքաղաքական տարբեր իրադարձությունների ընթացքում  ուղղակի  անջատեն ինտերնետը՝ նման կերպ փորձելով վերահսկել այն:

– Ինտերնետի ներքին դաշտի վերահսկումն, իհարկե, բոլոր երկրներն ինչ-որ ձևով իրականացնում են, բայց որպես վերահսկման տեսակ՝ պարզապես փակելով ինտերնետը, դա կորցրել է իր արդյունավետությունը: Վերահսկումը կարելի է իրականացնել օրինակ՝ հասարակական կարծիք ձևավորելով՝ մարդկանց հետ աշխատելով և պետության տեսակետը  հանրությանը հասցնելով, իսկ դա կարող է լինել բլոգերի, սոցիալական ցանցերի միջոցով, և այլն:

Այսինքն՝ ոչ թե ինչպես ասում են չորով՝ այսպես է, ու վերջ: Այսինքն՝ պետությունը հետևողականորեն իր տեսակետը լայն զանգվածին հասցնում է, սակայն այն ճանապարհներով, դա է ճանապարհը, բոլոր երկրներում էլ այդ ճանապարհը հասարակական լավ կարծիք  ստեղծելու մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս