Բաժիններ՝

Պետական կայքերը թաքցնո՞ւմ են բյուջեն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012թվականին 52 պետական կայքերի շրջանում մոնիտորինգ է իրականացրել՝ պարզելու և գնահատելու դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը: Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Մանրամասները տես այստեղ:

Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ անգամ աղյուսակում առաջատար դիրքերը զբաղեցնող կայքերից բացակայում են շատ կարևոր տեղեկություններ, օրինակ՝ պետական մարմինների տարեկան բյուջեի ծախսերը, թափուր պաշտոնների մասին ցանկը, մրցույթների մասին տեղեկություններ, տվյալ գերատեսչությունում իրականացված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալներ և այլն:

Ըստ Ա. Մելիքյանի՝ կայքերի թերացումները կարող են ունենալ երեք պատճառ՝ պարզապես ծուլություն և վատ աշխատելու հետևանք, տեխնիկական լուծումներ չգտնելու հետևանք կամ էլ այդ ամենը կարող է ուղղակի տվյալ գերատեսչության մոտեցումը լինել և նրանք պարզապես չեն ցանկանում հրապարակել այն:

Ա. Մելիքյանի խոսքով՝ մոնիտորինգը ստեղծում է մրցակցային միջավայր և պետական կառույցները սկսում են մրցել միմյանց միջև և այդպիսով բարելլավվել նաև իրենց վիճակը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում պետական մարմինները սկսել են դիտել իրենց կայքերը որպես լուրջ տեղեկատվական միջոց, քանի որ նկատելի է, որ շատ նախարարություններ և գերատեսչություններ ուղղակի վերակառուցում են իրենց կայքերը»,- ասաց Ա. Մելիքյանը՝ ավելացնելով, որ այսօր լավ կայք ունենալը ոչ թե մոդային տուրք տալ է, այլ՝ անհրաժեշտություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմիններն ապրում են հարկատուների, այսինքն՝ քաղաքացիների հաշվին, ուստի հարկատուն ուզում է իմանալ, թե տվյալ պետական կառույցն ինչպե՞ս է ծախսում այդ գումարները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 100 տոկոս թափանցիկ կայք ՀՀ-ում գոյություն չունի: Ընդամենը 2 կայք է կարողացել հաղթահարել 60%-ի շեմը, դրանք բավական հաջող են բովանդակային առումով, սակայն գրեթե բոլոր կայքերի համար թերությունները նույնն են:

«Բյուջեի մասին տեղեկություններ շատ քիչ կայքերում կարելի է գտնել, և եթե անգամ կա էլ, ապա պարզապես գրված է, թե որքան է գումարը, իսկ թե որքան է ծախսվել նշված չէ»,- ասաց Օ. Սաֆարյանը:

Ըստ նրա՝ պետական կայքերը թերանում են նաև թափուր տեղերի մասին ինֆորմացիայի հրապարակմամբ:

«Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետական գերատեսչություններում պաշտոնները թափուր չեն լինում»,- ասաց Օ. Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս