Պետական կայքերի վարկանիշում առաջին տեղում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2012թ. իրականացրել է Հայաստանի պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:
Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Կայքերում գնահատվել է հրապարակված տեղեկությունների առկայությունը կամ բացակայությունը, ամբողջականությունը, օպերատիվությունը, մատչելիությունը: Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական:
Պետական մարմինների կայքերի վարականիշային աղյուսակում առաջին տեղում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, երկրորդը` Արդարադատության նախարարությունը, երրորդը` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, չորրորդ տեղում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, 5-րդ տեղում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Համապատասխանաբար, այս գերատեսչությունների տեղեկատվական թափանցիկության աստիճանը 68.33%, 63,38%, և 54.54%, 51.81%, 50.96% է:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք, որոնք պայմանականորեն ներառված են երեք խմբում` ՀՀ նախարարությունների և կառավարությանը առընթեր մարմինների, գերատեսչությունների 35 կայքերը, երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, և ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:
Պետական մարմինների կայքերի վարականշային աղյուսակին ամբողջությամբ առաջիկա ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ: