Ուսուցչուհու սպանության գործով երեք անբարեխիղճ ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության
Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեք ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության:
Ինչպես «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնականը, հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը և ոստիկանության Երևանի վարչության շտաբի հերթապահ մասի կրտսեր տեսուչ-օպերատորը առաջիկայում կտեղափոխվեն այլ ծառայություններ (ոստիկանությունը չի հրապարակում նրանց անուն-ազգանունները):
Քաղաքացի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողությունների առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ոստիկանությանը քննարկել ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ-ն կարճել էր ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահների օգնականների և օպերատիվ խմբի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու վերաբերյալ քրեական գործը՝ ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն ՀՔԾ-ն գտել էր, որ որոշ ոստիկաններ թերացել են իրենց պարտականությունները կատարելու մեջ, չեն գործել ոստիկանությունում գործող հրամաններին ու հրահանգներին համապատասխան և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին՝ արձանագրված խախտումների կապակցությամբ։
ՀՔԾ եզրահանգմամբ, ոստիկանության Երևանի վարչության և Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահ մասերում խախտվել ու պատշաճ չեն կատարվել ՀՀ ՆԳ նախարարի դեռևս 1994 և 1999 թթ. հրամանների ու հրահանգների պահանջները:
Ոստիկանները թերացել են նաև «Հերթապահ մասերի աշխատակիցների վերաբերյալ» կանոնակարգերի պահանջների կատարման հարցում: Մասնավորապես, պարզվել է, որ հերթապահների օգնականները պատշաճ կերպով չեն ճշտել քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերի բովանդակությունը, նրանց անձնական տվյալներն ու պահանջվող այլ մանրամասներ:
Ավելին՝ դրանք անմիջապես ու սահմանված կարգով չեն գրանցվել հերթապահ մասերի մատյաններում՝ ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մասի հերթապահի օգնական Գարեգին Սարգսյանը միայն չորրորդ անգամ է ճշտել ահազանգող քաղաքացու տվյալները: Նշվում է, որ հեռախոսազանգերը ոստիկանությունում ձայնագրառվում են, իսկ ներքին հեռախոսահամարներով խոսակցությունները՝ ոչ, մինչդեռ ձայնագրառման իրականացումը կարող էր նպաստել իսկությունը պարզելուն:
Ըստ ՀՔԾ-ի, արհեստավարժ չեն գործել նաև դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները՝ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Ռուբեն Եպիսկոպոսյանը խիստ թերի է իրականացրել դեպքի վայրի զննումը, բաժնի պետին ուղղված զեկուցագրում նշել է՝ հայտնաբերվել է դիակ՝ առանց բռնության հետքերի, թեև զննման արձանագրության մեջ իր իսկ ձեռքով նշել է բազմաթիվ վնասվածքների մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացված դատաբժշկի եզրակացությունն արձանագրել էր, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Իսկ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել էին ՀՀ ՀՔԾ: