
Ուսուցչուհուն խեղդամահ են արել

Երեկ՝ օգոստոսի 12-ին, առավոտյան ժամը 06.40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Արդեն երեկ Արաբկիրի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբիկ Եպիսկոպոսյանի կողմից նշանակվում է դիակի դատափորձաքննություն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այսօր Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացել են դատական փորձաքննության արդյունքները, ըստ որի կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանները ձեռքի մատների սեղման հետեւանքով, այսինքն, կնոջը խեղդամահ են արել:
Կնոջ մարմնին առկա են բռնության հետքեր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: