Հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում
Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի Հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը: «Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին:
Պատճառն այն է, որ ներկայումս չկա պատվաստանյութ, իսկ դրա պատճառն այն է, որ հայտնաբերելիությունը բավականին ակտիվացել է, պատճառն այն է, որ փոխանցման ուղիներից մեկը՝ ներերակային թմրանյութների օգտագործումն, ամբողջ աշխարհում վերելք է ապրում: Դա կարելի է բացատրել տարբեր պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չկա պատվաստանյութ հեպատիտ C-ի դեմ»,- ասաց վարակաբանը:
Վարակաբանի հաղորդմամբ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, հեպատիտ C-ի խոցելի խմբի մեջ մտնում են օնկոլոգիական հիվանդություններով (ուռուցքով), հեմոդիալիզով հիվանդները. «Խոցելի խմբի մեջ են մտնում, ցավոք, նաև բուժաշխատողները, հատկապես՝ լաբորատոր ծառայության աշխատակիցները, ինչպես նաև՝ ներերակային թմրանյութեր օգտագործող մարդիկ: Համասեռամոլները ևս խոցելի խմբերի շարքին են դասվում: Իհարկե, կան նաև խոցելի խմբերի մեջ մտնող այլ մարդիկ ևս, բայց հիմնականը նշվածներն են»:
Խոսելով վարակի փոխանցման ուղիներից` Հասմիկ Ղազինյանն ասաց, որ այն փոխանցվում է հիմնականում վարակված արյան միջոցով. «Քանի որ հեպատիտ C-ն համարվում է արյունային ինֆեկցիա, փոխանցման ուղիները հիմնականում բժշկական գործիքների միջոցով են, սկսած ստոմատոլոգիական միջոցներից, գինեկոլոգիական գործիքները, վիրաբուժական գործիքները, կոսմետոլոգիական գործիքները, արյան փոխներարկումը»:
Ըստ նրա` 5 տոկոս դեպքերում վարակը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, 5 տոկոսի դեպքում էլ՝ մորից անցնել երեխային: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով վարակաբանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է խուսափել նշված ուղիներից. «Ցանկացած կոսմետոլոգիական սրահներ չգնալ, սեռական ճանապարհով չվարակվելու համար խուսափել պատահական սեռական կապերից, կամ պատահական կապերն անպայման լինեն պաշտպանված, և նույնիսկ խոզանակների օգտագործման դեպքում է պետք շատ զգույշ լինել. դրանք ևս պետք է լինեն ապահովված»:
Նշենք, որ օրերս Երևանի հիվանդանոցներից մեկում բուժքույրը հիվանդից արյուն վերցնելիս՝ վարակվել էր հեպատիտ C-ով:
Վարակաբանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ վարակվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և դժվար է ասել՝ սեռերից ում մոտ են ավելի շատ նկատվում վարակվածության դեպքեր. «Քանի որ հիմնական ուղին ներերակային թմրամիջոցների օգտագործումն է, կարծում եմ, որ արական սեռն ինչ-որ տեղ կարող է գերակշռել»:
Նշենք, որ որպես հեպատիտ C-ի ելք՝ կարող է առաջանալ լյարդի ցիռոզ (այն բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով): Որոշ դեպքերում վիրուսակրությունը կարող է տևել 15-20 տարի: Հիվանդի ինքնազգացողությունը կարող է նորմալ լինել, և տարիներ անց միայն հիվանդի մոտ ախտորոշվի նշված հիվանդությունը:
Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական վիճակը 2011 թվականին» հրապարակման մեջ առանձին վիճակագրական տվյալներ՝ հեպատիտ C-ի հետ կապված, չկան: Ներկայացված է միայն վիրուսային հեպատիտի դեպքերի քանակը: Ըստ այդ վիճակագրության՝ 2006-ին գրանցվել է վիրուսային հեպատիտի 980 դեպք (նրանցից 425-ը կանայք են), 2007-ին՝ 1060 դեպք (կանայք՝ 508), 2008-ին՝ 1043 դեպք (կանայք՝ 437), 2009-ին՝ 826 դեպք (կանայք՝ 344), 2010-ին՝ 548 դեպք (կանայք՝ 233), 2011-ին՝ 295 դեպք (կանայք՝ 113):