Բալասանյանը Ղուկասյանի դատարկած բյուջեն լցնել չի՞ կարողանա
Երեկ Գյումրու ավագանու նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի քանի անգամ կրկնեց, որ պարտքերը շատ են, բյուջեն՝ դատարկ և շատ վատ ժառանգություն են ստացել Գյումրու քաղաքային ներկայիս իշխանությունները նախորդներից:
Իսկ այսօր, ըստ galatv.am-ի՝ արդեն մամլո ասուլիս էր հրավիրել Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետը, ով ներկայացրել է, թե որքան դժվար է քաղաքային իշխանությունների համար դատարկ բյուջեն լցնել, հատկապես, որ քաղաքը դատարկվում է, իսկ խանութներն ու սպասարկման կենտրոնները՝ փակվում:
«Ճիշտն ասած, ես հիմա չեմ կարող ասել, թե քանի խանութ կա Գյումրիում, քանի որ կենսական օրգանիզմի պես փոփոխվող է: Մենք պայմանագիր ենք կնքել 1400-1500 իրավաբանական սուբյեկտի հետ, որոնց մեջ 60-65 տոկոսը խանութներ և սպասարկման օբյեկտներն են, ռեստորաններ և սրճարաններ: 5 գործակալ են իրականացնում նրանց հետ աշխատանքը, օրական 10-12 զեկուցագրեր են գալիս իրավաբանական սուբյեկտներից, որ խանութը փակ է, խնդրում ենք լուծարել, ասենք, պայամանգիրը` աղբահանության մասով: Ես ասեմ՝ մոտավորապես մեկ եռամսյակի կտրվածքով 8-10 տոկոսը փակվում են»,- ասել է Գյումրու քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հմայակ Փանոսյանը:
Ըստ նրա` դժվարացել է նաև քաղաքացիներից հողահարկի եւ գույքահարկի հավաքագրումը: Բացի այն, որ քաղաքացիները վճարունակ չեն, նաև՝արտագաղթի տեմպերը չեն նվազում:
«180 անձի հետ կապված բազա մենք ունենք՝ տնատերերի, նույնիսկ` 200.000-ի հասնող: Բնականաբար մենք բոլորս լավ գիտենք, որ էդքան բնակչություն չկա Գյումրի քաղաքում: Վերջին ընտրությունների ժամանակ 120.000 ցուցակներ կային փակցրած, ընդամենը 40-45 հազարը մասնակցեցին: Այնպես որ` մեր քաղաքում քանի գնում, չուն շատանում է, մարդիկ քչանում են: Բայց հարցի էությունը մեզ համար այն է, որ բազայում էդ մարդիկ մնում են, քանի որ անլեգալ մարդիկ գնում են, աշխատում, օտար ափերում իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Իսկ անձնագրային բաժինը տալիս է եղած ցուցակը: Մենք դրա համար ռեալ բյուջե ունենալ չենք կարող»,- ասել է Փանոսյանը:
«Ասենք՝ քաղաքացին դուռը փակել-գնացել է, հողը, տունը թողել է անտեր և հեռացել: Էս վերջերս «Անի» թաղամասում գիշերով պտտվեցի, ինձ համար հետաքրքիր էր, թե քանի լույս կա, բերեք ճիշտը խոսենք, թեկուզ Մուշ թաղամասում, գնացեք Երկաթ գծի ավան, Նոր ավան և կտեսնեք՝ ինչքան շատ են փակ դռները»: