Բաժիններ՝

«Նարեկգրադն» այդպես էլ չկառուցվեց. 256 խաբված քաղաքացի մնաց անտուն

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ վաճառելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալներն ու 256 տուժողները ծանոթանում են գործի նյութերին:

Նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ 10.202.947.840 դրամ արժողությամբ, որից 1.253.891.550 դրամը հափշտակել է գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի հետ: Վերջինս, ի դեպ, «աչքի է ընկել» առանձնապես խոշոր չափերի յուրացման մեկ այլ գործով ևս և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողել է անփոփոխ և ներկայումս նա պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Պապոյանին և Ս. Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Գ. Պապոյանի նկատմամբ դատարանի որոշման որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ս. Աղազարյանը հիշյալ գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորված է:

Բնակարանային շուկայում առկա խարդախությունների ծավալը ահագնացող չափերի է հասել, արդեն մի քանի քրեական գործ դատարան է ուղարկվել և կան դատավճիռներ, սակայն քաղաքացիների խնդիրը դրանով չի լուծվում։ Ճիշտ է, խարդախները դատվում են, բայց պատճառված վնասի վերականգնումը շատ ցածր տոկոս է կազմում։

Օրինակ՝ կոնկրետ այս գործով մեղադրյալները դեռևս չեն փոխհատուցել և բնակիչները չեն կարողանում ստանալ ոչ գումարը և ոչ էլ բնակարանը։ Առկա խնդիրները լուծելու համար ՀՀ վարչապետի դեռևս մարտի 2-ի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ «Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար»:

Հանձնաժողովի աշխատանքներին, ըստ որոշման, մասնակցելու իրավունք է տրված նաև իրացված տարածքի նախկին բնակիչների ներկայացուցիչներին՝ 2 հոգու, սակայն ստացած առաջարկությունների և լուծումների մասին հանձնաժողովը չի շտապում բարձրաձայնել, թեև արդեն շուրջ 9 ամիս է, ինչ այն գործում է։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս