«Հանրապետությունը» թեկնածու չի ունենա

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը որոշել է, որ կուսակցությունը համագումար կանցկացնի դեկտեմբերի 21-ին, Կառավարության Նիստերի դահլիճում:

«Հանրապետությունում» դեռ վերջնական որոշում չկա, թե արդյո՞ք կուսակցությունը կառաջադրի իր սեփական նախագահի թեկնածուին, թե՞ ոչ: «Չեմ ուզում որևէ բան բացառել: Սպասենք, մինչև համագումարը, դեռ մեկ ամսում շատ բան կարող է փոխվել: Այդ ժամանակ ավելի շատ որոշակիություն կլինի»,- ասում է քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը:

Բայց մի բան «Հանրապետությունը» գրեթե բացառում է. եթե իրենք թեկնածու չեն առաջադրում, ապա որևէ մեկին չեն էլ պաշտպանելու: Նման որոշումը երևի բխում է նախորդ նախագահական ընտրությունների դառը փորձից: 2003-ին «Հանրապետությունը» պաշտպանեց Ստեփան Դեմիրճյանին, իսկ 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին: Երկու դեպքում էլ նրանց պաշտպանած թեկնածուներն անհաջողության մատնվեցին. հիմնականում՝ անվճռականության պատճառով:

Հետաքրքիր է կուսակցության հրավիրյալների կազմը. Ռաֆիկ Մկրտչյանն ասում է, որ հրավիրել են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններին՝ բացառությամբ ՀՀՇ-ի: Թե ինչու են ՀՀՇ-ին բացառություն արել, նա չի պարզաբանում: «Իշխանությունը ներկայացնող կուսակցություններին նույնպես չենք հրավիրել».- ասում է նա: Մեր ճշտող հարցին թե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին և ՕԵԿ ին, Մկրտչյանն ավելացնում է` նաև ԲՀԿ-ին:

Կարդացեք նաև

Համագումարին լինելու են անհատ հրավիրյալներ: «Հանրապետությունը» որոշել է հրավիրել նախկինում կուսակցության քաղխորհրդի անդամի պաշտոնը զբաղեցրած և այն լքած նախկին կուսակցականների, այդ թվում՝ Ալբերտ Բազեյանին, Գեղամ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին, իր անդամությունը «Հանրապետությանը» սառեցրած Սմբատ Այվազյանին, բազմաթիվ այլ քաղաքական և հասարակական գործիչների, ովքեր կուսակցական պատկանելություն չունեն:

Ամենայն հավանականությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի, և, եթե մինչ այդ հայտնի լինի, որ առաջադրվելու են նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կհայտարարի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, որպեսզի չխանգարեն տիտանների կռվին, որն ավելի շուտ կռիվ էլ չէ, այլ թատերականացված ներկայացում:

Հնարավոր է, որ հայտարարվի, թե նրանցից որևէ մեկի հաղթանակի դեպքում Հայաստանը չի կարող զարգացման հեռանկար ունենալ, իսկ նրանց երկուսին միաժամանակ պարտության մատնելը վեր է «Հանրապետություն» կուսակցության ներկայիս հնարավորություններից:

«Հանրապետությունում» մտածում են, որ անկախ նրանից, թե այդ երկու թեկնածուներից ով կհաղթի, 2013թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի է ունենալու քաղաքական դաշտի հստակեցում: Բազմաթիվ կուսակցություններ կդադարեն գոյություն ունենալ, մյուսները կկորցնեն հանրային աջակցության նույնիսկ այն փշրանքները, որ դեռ իներցիայի ուժով պահպանում են, և այդ քաղաքական վակուումի պայմաններում հնարավոր կլինի վերցնել դատարկված և ամայացած ընդդիմադիր դաշտը:

Նախագահական ընտրություններում մասնակցությունը հանուն մասնակցության, իհարկե, ոչնչով ողջյունելի չէ: Պարզ է, որ դրանից որևէ գործնական օգուտ չկա, եթե չկա համապատասխան պատվեր կամ հանձնարարություն: Բայց կա նաև խնդրի մյուս կողմը. իշխանությունը տիրապետելով հսկայական ֆինանսական, մարդկային և քարոզչական ռեսուրսների՝ կարող է նմանատիպ խաղ բեմադրել նաև 2018թ.-ին: Եվ հույս ունենալ, որ այս խաղի մասնակիցների բացահայտվելուց հետո այլ խաղացողներ չեն լինի՝ միամտություն է կամ ինքնախաբեություն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս