Գագիկ Ծառուկյանի ընտրությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումն արդեն «իր մեջ կայացրել» է: Սակայն նա չի շտապել հրապարակել այդ որոշումը` նշելով, որ օգտվում է ընտրական օրենսդրությամբ առաջադրումների համար սահմանված ժամկետի հնարավորությունից:
Սակայն, այն ինտրիգային «տոնը», որով Ծառուկյանը խոսել է այդ մասին (հաշվի առնելով լրատվամիջոցը, որում այն հրապարակվել է և կարճ հարցուպատասխանի ձևը, կարելի է չկասկածել, որ դա ոչ թե «հարցազրույց է», այլ բառ առ բառ կշռադատված շարադրանք), տպավորություն է ստեղծում, որ խոսքը սեփական թեկնածությունն առաջադրելու մասին է:
Չնայած մի պահ քաղաքական շրջանակներում քննարկվում էր այն տարբերակը, որ ԲՀԿ-ն կարող է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին` որդեգրելով չեզոք դիրքորոշում, սակայն վերջին շաբաթների ինտրիգային վիճակն ու Ծառուկյանի երեկվա հայտարարությունը կարծես բացառում են այդ հնարավորությունը: Հազիվ թե Գ. Ծառուկյանն «իր ներսում որոշում է կայացրել» ընտրություններին չմասնակցելու մասին:
Հետաքրքիր է, իհարկե, որ «ժողովրդավարական ուժի» առաջնորդը, որն, ինչպես ինքն է հայտարարում, ամեն ինչ անում է միայն ու միայն ժողովրդի համար, չի շտապում ժամ առաջ այդ ժողովրդի հետ կիսվել իր կայացրած որոշման մասին: Բայց այս պահին հերթական անգամ արժե անդրադառնալ այն հարցին, թե, ի վերջո, ի՞նչ իրավիճակ կստեղծվի Գ. Ծառուկյանի առաջադրման դեպքում:
Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջադրվելով որպես նախագահի թեկնածու՝ Գ. Ծառուկյանը դառնալու է ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը:
Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ մասին ամեն օր, օրը մի քանի անգամ հայտարարում են ոչ այնքան ԲՀԿ-ականները, որքան ՀՀԿ-ականները: Վերջիններս այդ մասին խոսում են առանձնակի գորովանքով` հերթական անգամ ցույց տալով, որ Գ. Ծառուկյանը՝ որպես Ս. Սարգսյանի հիմնական մրցակից, իրենց համար ամենացանկալի տարբերակն է:
Նախագահի թեկնածուի դերում Գ. Ծառուկյանն, անշուշտ, զգալի թվով ձայներ կստանա և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի պատվավոր երկրորդ տեղը: Խոսքը տվյալ դեպքում ոչ թե «վարկանիշային պայքարի» մասին է, այլ այնպիսի խաղի կանոններով ընտրությունների, որոնցով ԲՀԿ-ն այսօր ստացել է խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Ծառուկյանի առաջադրման ողջ ինտրիգը, սակայն, ոչ թե նախընտրական քարոզչության ու ընտրությունների արդյունքների մեջ է, այլ հետընտրական նրա վարքագծի:
Ամբողջ հարցն այն է` ընտրությունների հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանը կգնա նախագահական նստավա՞յր` շնորհավորելու Սերժ Սարգսյանին, թե՞ Ազատության հրապարակ` հայտարարելու, որ ընտրությունները կեղծվել են, և ինքն անժամկետ բողոքի ակցիա է սկսում ապրօրինի ռեժիմին հեռացնելու նպատակով: Թվում է, այս հարցի պատասխանն անկանխատեսելի է, դա կախված է բազմաթիվ զարգացումներից, ընտրությունների ընթացքից, և այլն:
Սակայն խոսքը մի մարդու մասին է, ով մինչև այսօր Անվտանգության խորհրդի և գործող նախագահ ու նրա հնարավոր մրցակից Սերժ Սարգսյանին ընդունող-ճանապարհող արարողակարգային խմբի անդամ է: Իսկ նրա ղեկավարած կուսակցության ամենաառանցքային դեմքը` Նաիրա Զոհրաբյանը, Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու մասին հարցը համարում է «ոչ կոռեկտ»:
Բացի այդ, որքան էլ անկանխատեսելի կարող են լինել ընտրական զարգացումները, նույնքան կանխատեսելի ու հաստատուն է այն, որ իշխանությունն ընտրություններն անցկացնելու է «ավանդական ընտրական» բոլոր տեխնոլոգիաներով, այսինքն` ամեն ինչ անելու է Ս. Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար: Այսինքն` այս պահին անգամ կանխատեսելի է այն, որ իշխանությունը կեղծելու է ընտրությունները՝ այնքան «կատարելագործված», որքան կկարողանա: Այս պայմաններում հարց է առաջանում` ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը՝ որպես, ասենք, երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու:
Անգամ վառ երևակայության գործադրմամբ՝ դժվար, գրեթե անհնար է պատկերացնել Գագիկ Ծառուկյանին` ասենք, Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքում Սերժ Սարգսյանի դեմ ելույթ ունենալիս, կամ հակաիշխանական երթը դեպի Բաղրամյան պողոտա առաջնորդելիս: Հայաստանյան չափանիշներով ընտրություններից հետո իշխանության թեկնածուի մրցակցի մյուս տարբերակը «հաղթանակած» թեկնածուին շնորհավորելն է: Այսինքն` արդեն այսօր, մինչև նախագահական ընտրությունները` իր թեկնածությունն առաջադրելիս, «իր մեջ որոշում» կայացնելիս՝ Գագիկ Ծառուկյանը պետք է ընտրություն կայացնի այս երկու տարբերակների միջև:
Ամենայն հավանականությամբ, նա արդեն իսկ այդ ընտրությունը կայացրել է առաջին տարբերակի` Սերժ Սարգսյանին շնորհավորելու օգտին: Ու կարծես այդ որոշման մասին ԲՀԿ-ականներից առաջ իրազեկվել են ՀՀԿ-ականները, ովքեր իրար հետևից ասուլիսներ են հրավիրում ու Գագիկ Ծառուկյանին հռչակում են՝ որպես Ս. Սարգսյանի հիմնական մրցակից: Եթե նրանք, ավելի ճիշտ, նրանց ասուլիսների ուղարկողները վստահ չլինեին, թե ինչ է անելու Գ. Ծառուկյանը ընտրության հաջորդ օրը, հազիվ թե այդքան ցանկալի տոնով խոսեին այդ մասին:
Մի խոսքով, Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ իշխանությունը՝ որպես հիմնական մրցակից, ստանում է թեկնածու, որի ղեկավարած քաղաքական ուժի համար «ոչ կոռեկտ» է համարվում իշխող վարչակազմի դեմ պայքարը: Ընդ որում, այդ ուժն այսօր դարձել է «կոռեկտություն» թելադրող ուժը` ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ քաղաքական գործընթացներում որևէ այլ կուսակցության մասնակցությունը պայմանավորվի իրենով:
Հայաստանում այսօր առկա է հասարակության` ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող լուրջ զանգված: Գուցե այնքան լուրջ, որպիսին չի եղել երբևէ: Իշխանությունը, բնականաբար, հասկանում է դա և չի կարող չմտահոգվել այդ ընտրազանգվածով: Իսկ Հայաստանում, իշխանությունը, ինչպես հայտնի է, փորձում է վերահսկել ամեն ինչ: Ու նույն տրամաբանությամբ՝ Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ վերահսկելու է ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող զանգվածի քվեարկությունը:
Բնականաբար, վերը նշվածն ամենևին չի նշանակում, որ իրադարձությունները զարգանալու են հենց այդ սցենարով: Ընտրությունները, ինչպես նշեցինք, անկանխատեսելիության մեծ չափաբաժին ունեն: Տվյալ դեպքում խնդիրը պետք է դիտարկել արդունքի տեսանկյունից: Այսինքն` տեսականորեն չպետք է բացառել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է հաղթել ընտրություններում, ու նույնքան տեսականորեն էլ չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանը կշնորհավորի նրան: Երկու դեպքում էլ, սակայն, պետության, հասարակության համար, լայն իմաստով՝ արձանագրվելու է նույն արդյունքը` վերարտադրվելու է այն իշխանությունը, որը տարբեր դրսևորումներով Հայաստանն իշխում է արդեն 15 տարի: