Բաժիններ՝

Գիշերային կոնտակտային լինզաները՝ կարճատեսության շտկման լավագույն մեթոդ

Կարճատեսության շտկման շատ լավ մեթոդ են գիշերային կոնտակտային լինզաները, որոնք Հայաստանում նորություն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ակնաբույժ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը.  «Այս կոնտակտային լինզաները դրվում են ոչ թե դրսից, այլ աչքի ներսում` թողելով եղջերաթաղանթը անփոփոխ: Այսինքն` առանց բարակեցման և այդ բնական ոսպնյակը թողնելով աչքի ներսում: Ներակնային կոնտակտային լինզա դրվում է  ոսպնյակից առաջ, և մենք դրանով կարող ենք շտկել կարճատեսությունը, կարող ենք օգնել նաև մինչև -20 կարճատեսներին»:

Գիշերային լինզաները, ըստ ակնաբույժի, գիշերվա ընթացքում փոխում են եղջերաթաղանթի կորությունը. առավոտյան այն կրողը հանում է լինզաներն ու արդեն լավ տեսնում է: Ակնաբույժի խոսքով` գիշերային լինզաները ցուցված են երեխաներին, ինչպես նաև՝ մինչև 45 տարեկան անձանց. «Երեխաների դեպքում գիշերային լինզաները նպաստում են նրան, որ երեխաների կարճատեսությունն այլևս չաճի: Դրանք պետք է կրել ամեն օր՝ գիշերը»:

Վարսիկ Հակոբյանի հաղորդմամբ՝ «Օպտոմեդ Կանադա» աչքի ախտաճանաչման կենտրոնում գիշերային լինզաներն արժեն 258.000 դրամ. դրանք կարելի է օգտագործել մոտ 4 տարի:

Պատասխանելով հարցին`արդյոք կոնտակտային լինզաները չեն վնասո՞ւմ աչքին, ակնաբույժն ասաց, թե դրանք ճիշտ ընտրվելու դեպքում, ինչպես նաև օգտագործողի  կողմից դրանք ճիշտ խնամելու պարագայում ոչ մի խնդիր չի առաջանա:  Այնուամենայնիվ, ըստ ակնաբույժի, որքան էլ կոնտակտային լինզան որակյալ լինի, այն ինչ-որ չափով խանգարում է աչքի սնուցմանը, թթվածնի թափանցելիությանը, իսկ աչքի վարակների առաջացման հավանականությունն ավելի է մեծանում:

Կարդացեք նաև

Ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանն էլ՝ անդրադառնալով գունավոր լինզաներին, ասաց, թե որոշ մարդկանց մոտ գունավոր պիգմենտները կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ. «Դրանց մյուս բացասական էֆեկտն այն է, որ դրանք կենտրոնում թափանցիկ են, դա բիբի տեղն է, և մյուս մասը, որը ծիածանաթաղանթի մասն է, որը գույնն է փոխում, ներկված է: Բիբը լույսի աղբյուրի ուժգնությունից կախված, անընդհատ նեղանում, լայնանում է: Լինզայի այն մասը, որը հատկացված է բբի համար, չի փոխում իր տրամագիծը, և շատ հաճախ հիվանդներն ունենում են գանգատ, որ երեկոյան իրենք ավելի վատ են տեսնում. երեկոյան բիբն ավելի լայն է լինում, և բբի որոշ հատվածը ընկնում է բբի գունավորված մասի վրա»:

Ակնաբույժը զգուշացրեց, որ անձամբ ինքը դեղատներում միայն մեկ ընկերության գունավոր լինզաներ է տեսել. «Ես հետաքրքրության համար հարցրել եմ տարբեր դեղատներում նույն լինզայի օգտագործման ժամկետը ու շատ տարբեր պատասխաններ եմ ստացել: Դրա հետ թող զգույշ լինեն մարդիկ»:

Օֆելյա Հովհաննիսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս