Կարճատեսների թիվն ավելանում է
Կարճատեսության դեպքերը Հայաստանում ավելանում են: Այս մասին լրագրողնրի հետ հանսիպման ժամանակ այսօր ասաց ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ այսօր ցանկացած երեխայի ձեռքին կա բջջային հեռախոս և գրեթե բոլորի տանը կա համակարգիչ:
«Դա է պատճառը, որ կարճատեսությունն առաջանում է այնպիսի ընտանիքներում, որտեղ չկար կարճատես, այսինքն՝ ժառանգական ֆակտորը չի աշխատում»,- ասաց ակնաբույժը:
Ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանն էլ նշեց, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աչքի ռեֆրակցիոն խանգարումների թիվն ավելանում է. «Ռեֆրակցիոն խանգարումները աչքի այնպիսի խանգարումներն են, որոնց դեպքում, այսպես ասենք, խանգարվում է օպտիկան, այսինքն՝ եթե նորմայում պատկերը, որ մենք տեսնում ենք, պետք է ընկնի մեր ցանցաթաղանթի վրա, և մենք ընկալենք այդ ցանցաթաղանթի պատկերը պարզ, հստակ, ռեֆրակցիոն խանգարումների ժամանակ, այդ ֆոկուսը ընկնում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրանից առաջ կամ հետ: Ամենահաճախ հանդիպող ռեֆրակցիոն խանգարումները կարճատեսությունն է, միոպիան, հեռատեսությունը, աստիգմատիզմը»:
Ըստ բժշկի՝ նշված խանգարումների հետ կապված հետազոտություններ են անցկացվել Երևանում և Գեղարքունիքում 6-18 տարեկան խմբի շրջանակներում: 2000թ. տվյալներով՝ երեխաների 11 տոկոսը ունեին խանգարումներ, իսկ 2011թ.՝ 20%-ը:
«Հետո երեխաները բաժանվել են երեք տարիքային խմբերի՝ մինչև 10 տարեկան, 10-15 և 15-ից բարձր: Բնականաբար, ամենաշատը 15-ից բարձր տարիքայի խմբի երեխաների մոտ է եղել, որովհետև այդ տարիքում երեխաներն ավելի շատ են և համակարգչից օգտվում և կարդում են ավելի շատ. այսինքն՝ աչքերի լարվածությունը շատ է»:
Ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների՝ ավելի շատ կարդացող, գրող երեխաների մոտ ավելի շատ են հանդիպում ռեֆրակցիոն խանգարումները: Նրա փոխանցմամբ՝ Իսրայելում կատարված հետազոտությունները ուղիղ կապ են հայտնաբերել երիտասարդների կարճատեսության մակարդակի և տվյալ անձի սովորելու ընթացքի հետ.
«Ինչքան երկար է սովորել տվյալ երիտասարդը, այնքան հավանականությունը, որ կառաջանա կարճատեսություն, ավելի շատ է»:
Ըստ նրա՝ նրկայում շատ հանդիպող հիվանդություններից են դիաբետիկ ռետինոպաթիան, որի ժամանակ ախտահարվում են աչքի թաղանթները, տարիքային մակուլոդիստրոֆիան, կեռատոկոնուսը և գլաուկոման: Այս հիվանդությունների թիվը, ըստ ակնաբույժի, տարեցտարի ավելանում է: