Բաժիններ՝

Պիեռ Ռևերդի

Կուբիզմ կամ՝ պոեզիան կտավի վրա

Սկիզբը այստեղ.

Հարկ չկա լինել մաթեմատիկոս կամ փիլիսոփա. հարկ է արվեստագետ լինել: Նույնը վերաբերում է և բանաստեղծներին:
Սակայն նկարիչն ու բանաստեղծը կարող են մոնմարտրյան բնանկարչից կամ շանսոնյեից խորունկ մտքի տեր լինել, ինչը դույզն-ինչ չի սպառնում ո՛չ գեղանկարչությանը, ո՛չ էլ պոեզիային:

Մտքի տեր լինել՝ կնշանակի՝ գեղագիտության տեր լինել: Այս վերջինիս տակ ես միշտ հասկացել եմ ստեղծագործության ոգին, քանզի արդեն արվածը վերականգնելու համար բավ է արդեն պատրաստին ընդօրինակելը: Ընդօրինակողին հետաքրքրում է ոչ թե գեղագիտությունը, այլ արդյունքը: Հնարքների թեթևությունը նրան չի թողնում հեռու գնալ: Առանց սեփական և նոր գեղագիտության՝ ոչ մի նոր բան չես ստեղծի:
Սակայն ոչ մի բան չի ծնվում նախօրոք թխած գեղագիտության հիման վրա: Այդ գեղագիտությունը կազմավորվում և հաստատվում է գործերի վրա աշխատելիս:

Նկարչի զարգացման մասին կարելի է խոսել, որ նա իր գործերում հասնում է առավել ու առավել պլաստիկական ուժի, բանաստեղծի զարգացման մասին` որ նա հասնում է առավել ու առավել մեծ զգացողության ուժի: Կարևորը, որ թե այս, և թե մյուսը չշփոթվեն, և յուրաքանչյուրը հավատարիմ մնա իր կոչմանը: Դա ամենևին չի խանգարում նոր բան ներմուծելուն, ընդհակառակը: Սակայն ամեն մեկն իր տեղում պիտի լինի: Այստեղից է սերում վերահսկումն այն ամենի, ինչ անում ես:

Բացի այդ, չմոռանանք, որ հեղինակի զգացողությունն արարում է մի բան, որի նպատակն է` արթնացնել, իր հերթին, այդ զգացողությունն ունկնդրի և հանդիսատեսի մեջ: Հազիվ թե հարկ կա մոռանալու, որ այդ երկու զգացողությունները տարաբնույթ են:

Գեղագիտությունը` դա միջոց է, որ գործի են դնում:
Կիրառելով այդ միջոցները, որ մինչև այսօր ռեզերվացված էին միայն պոեզիայի համար, նկարիչները, գուցե թե, նկատելիորեն կատարելագործում են գեղանկարչությունը:
Ամեն դեպքում, նրանք լիովին նոր բան ստեղծեցին. պոեզիա՝ կտավի վրա:

Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս