«Եթե ողջ լիներ Լեոնիդ Ազգալդյանը…»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն, այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց, որ նախագահական ընտրություններին ընդհառաջ Հայաստանում բախվելու են աշխարհաքաղաքական ուժերը` Արևմուտքը և Ռուսաստանը, որոնք Հայաստանում ներկայացված են ի դեմս քաղաքական կուսակցությունների, և այդ պարագայում հնարավոր են շատ վտանգավոր ցնցումներ:

Ըստ Մանուչարյանի` այդ ցնցումներից խուսափելու և աշխարհաքաղաքական կենտրոններից կուսակցությունների կախվածությունը թուլացնելու համար որպես գործոն պետք է  ի հայտ գա ժողովրդի գործոնը, ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ:

«Եթե ժողովուրդը կա, դուրս է եկել, այդ ուժը, անկախ նրանից Սերժ Սարգսյանն է կամ մյուսը (չթվարկեմ բոլորի անունները, թե չէ մեկը կարող է նեղանալ, որ իր անունը չտվեցի), ով էլ լինի այդ ուժը, ազատություն է ստանում: Այդ դեպքում ժողովուրդը վերածվում է շատ կարևոր հակակշռի, որպեսզի թույլ չտա ցնցումներ, իսկ քաղաքական ուժերն արդեն ձգտելու են համոզել, որ իրենց այս կամ այն առաջարկը լավն է»:

Մանուչարյանը գտնում է, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծել մի երրորդ կետ:

«Եթե ողջ լիներ Լեոնիդ Ազգալդյանը, ում 70-ամյակն այսօր է լրանում, և ով ոչ միայն մեր կատարյալ հրամանատարներից էր, այլ իր մեջ պետականություն կրող զարմանալի գործիչներից մեկը, համոզված եմ, որ այս իրավիճակում նա կարող էր լինել քաղաքական ուժերի համար չեզոք այդպիսի մարդ»,- ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այդպիսի գործիչ այսօր կարող է լինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, ով չի մի մտել այս կամ այն հոսանքի մեջ: Այդ գործիչը կստանձնի ադմինիստրացիայի դերը, իսկ «խոսողները» պետք է լինեն քաղաքական ուժերը, որոնք պետք է կոչ անեն, որ ժողովուրդը դուրս գա, և հաստատվի մի ինստիտուտ, որը Մանուչարյանն անվանեց «քաղաքացիների ժողով»:

168.am-ի հարցին, թե «Սարդարապատ» շարժումը, որի նախաձեռնությամբ վերջերս հռչակվեց Նախախորհրդարան ստեղծելու մասին, կարո՞ղ է դառնալ այդ երրորդ ուժը, Ա.Մանուչարյանը պատասխանեց.

«Ես համարում եմ, որ, այո´, «Սարդարապատը» նման պոտենցիալ ունի»:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին մի շարք հասարակական և մտավորական գործիչներ հանդես եկան հայտարարությամբ: «Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման համակարգային ճգնաժամ» և հանձն առնելով «նախաձեռնել ազգային նպատակների եվ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց», և այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը,որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային ժողով, իրեն հռչակեց  Նախախորհրդարան»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս