Մի գերագնահատված փաստաթղթի պատմություն
Նոյեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարվեց բյուջեի քննարկման չորսօրյա ընդմիջում: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, որից հետո կառավարությունը լրամշակված բյուջեն կրկին կներկայացնի ԱԺ-ի դատին։
Երկրորդ «սերիան» կսկսվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ։ Այսինքն՝ որոշ ժամանակ կարելի է հանգիստ շունչ քաշել ու ամփոփել հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը։
Կարճ հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսված է 1 տրիլիոն 151.3 միլիարդ դրամ, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 31.5 միլիարդ, դեֆիցիտը՝ 119.7 միլիարդ դրամ։ Ծախսային մասն ավելացել է 10.2%-ով, սակայն դոլարային արտահայտությամբ` ավելի քիչ՝ 6%-ով։
Եկամուտների մեջ առյուծի բաժինը, բնականաբար, հարկերն ու սոցապ վճարներն են, որոնք հաջորդ տարվա համար նախատեսվել են 992.9 միլիարդ դրամի չափով (բյուջե 2012-ով նախատեսված էր 874.3 միլիարդ)։ Ավելացնենք նաև, որ հաջորդ տարվա բյուջեն կանխատեսում է ՀՆԱ-ի 6.2% աճ, սակայն բնակչության եկամուտների (օրինակ՝ աշխատավարձերի կամ թոշակների) բարձրացում չի նախատեսում։ Հենց սա էլ դարձել է բյուջե-2013-ի «աքիլեսյան գարշապարը»։
Մատնանշելով այս հանգամանքը և այն, որ նախատեսվում է 4% գնաճ, ընդդիմախոսները նշում են, որ հաջորդ տարի ավելի վատ ենք ապրելու։ Արդյունքում, ամենակարևոր բանը, որով բյուջե-2013-ը կարող է հպարտանալ, ածականների քանակն է։ «Գոյատևման բյուջե», «Ինքնահոսի թողնված», «Սողալու», «Տեղում դոփելու», «Չբյուջե» և, իհարկե՝ իրատեսական բյուջե (ըստ իշխանությունների)։
Վերջին օրերի բյուջետային անցուդարձը և իշխանություն-ընդդիմություն բանավեճը ներկայացնելու համար կարելի է բերել հետևյալ օրինակը։ Պատկերացրեք մի սենյակ, որտեղ նոր կահույք է բերվում։ Կինն ասում է` բազկաթոռն աջ կողմում դնենք, ամուսինը՝ ձախ։ Հաջորդ տարի բերվում է ուրիշ բազկաթոռ՝ գրեթե նույնը, ուղղակի նախորդից, ասենք, մեկ սանտիմետրով լայն։ Ու արդեն կինն է ասում` ձախ կողմում դնենք, ամուսինը՝ աջ։ Ու կրկին վիճում են, ամեն մեկը ներկայացնում է իր փաստարկները (այսինքն՝ կրկնում են մեկը մյուսի՝ նախորդ տարվա խոսքերը)։ Այս օրինակը լավագույնս բնութագրում է այն, ինչ այս օրերին կատարվում էր ԱԺ-ում։ Ընդդիմությունը քարը քարին չթողնելով` քննադատում է կառավարությանը և նշում, որ բյուջեն զարգացում, խոշորածավալ ծրագրեր չի ենթադրում։ Կառավարությունն էլ մի կողմից` նշում է, որ փաստաթուղթը ենթադրում է «արմատական բարեփոխումներ», մյուս կողմից` արդարանում է, որ թոշակներն ու աշխատավարձը բարձրացնելու համար փող չկա։
Խոշոր ու լուրջ ծրագրերի իրականացման համար հարկավոր են խոշոր գումարներ։ Իսկ խոշոր գումարներ հնարավոր է ստանալ կամ արտաքին վարկերի հաշվին (ինչին ընդդիմությունը դեմ է), կամ՝ հարկերի ավելացման։ Ստացվում է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը՝ հարկային մուտքերի ավելի մեծ աճ չնախատեսելու համար։ Իսկ նախորդ տարի, երբ հարկային մուտքերը նախատեսվել էին 100 միլիարդով ավելի, իշխանությունը քննադատության արժանացավ նաև դրա համար։ Նշվում էր, որ սահմանափակ տնտեսական աճի պարագայում հարկերի այդպիսի աճը կխեղդի տնտեսությունը և բեռ կդառնա առաջին հերթին` փոքր ու միջին բիզնեսի համար։
Կարճ ասած, ինչ բյուջե էլ ներկայացվեր, ընդդիմությունը ցանկացած դեպքում կքննադատեր և լավ էլ կաներ, որովհետև ընդդիմության դերը քննադատելն է։
Սակայն կառավարության կեցվածքն ավելի զարմանալի է։ Խոսելով դարակազմիկ ծրագրերից և զարգացման առաջանցիկ տեմպերից՝ կառավարությունը խորհրդարան է բերում զգուշավոր, «հերթապահ» բյուջե։ Վարչապետը խոսում է «արմատական բարեփոխումներից», որոնք, սակայն, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում որևէ կերպ չեն արտացոլվում։
Ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն դրա կարիքը թերևս չկա, քանի որ վերջին օրերի ընթացքում հնչել են գրեթե բոլոր հնարավոր գնահատականները։
Այդուհանդերձ, նկատենք, որ այս բանավեճի մեջ կար մի շատ լուրջ` կոնցեպտուալ կետ, որը պատշաճ ուշադրության չարժանացավ։ Այդ մասին նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Խոսքը վերաբերում է բյուջեի դեֆիցիտին։ Բյուջե 2013-ի դեֆիցիտը նախատեսվել է 119.7 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.64%-ը։ Բյուջե 2012-ի դեֆիցիտը` ավելի մեծ էր՝ 132.5 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 3.14%-ը։ Կառավարությունը կրճատել է բյուջեի դեֆիցիտը։ Եվ դա ներկայացնում է` որպես ձեռքբերում։ Հրանտ Բագրատյանը շատ տեղին հարց էր հնչեցրել՝ ո՞վ է ձեզ նման պատվեր տվել, որ պետք է կրճատել բյուջեի դեֆիցիտը, եթե այն առանց այդ էլ ցածր մակարդակի վրա էր։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 2011թ. դեֆիցիտը եղել է 8.7%, եվրոպական երկրներում՝ շուրջ 5%, աշխարհում միջինը՝ 4%-ից փոքր-ինչ ավելի։ Տնտեսագիտության հետ սերտ առնչություն չունեցող մեր ընթերցողների համար նշենք, որ բյուջեի դեֆիցիտն ինքնին ամենևին բացասական բան չէ։ Դեֆիցիտը կամ դրա հակառակը՝ պրոֆիցիտը, հարկաբյուջետային գործիք է, որը կառավարությունները կիրառում են ըստ նպատակահարմարության։
Եթե պետք է աշխուժացնել տնտեսությունը, ապա պետությունը նպատակադրված վարում է դեֆիցիտի քաղաքականություն։ Ավելի շատ փող ծախսում է, քան հավաքում հարկերի տեսքով։ Տարբերությունը լրացնում է վարկերի կամ այլ միջոցներով։ Սրա կողմնակի էֆեկտն այն է, որ գներն աճում են։
Եվ հակառակը՝ եթե պետք է պայքարել գնաճի դեմ, ապա վարում են փոքր դեֆիցիտի կամ պրոֆիցիտի քաղաքականություն։ Այն է՝ տնտեսությունից հավաքում են ավելի շատ փող, քան ծախսում են։ Արդյունքում՝ կրճատում են փողի քանակը, ինչը զսպում է գների աճը։ Սակայն այս դեպքում զսպվում է նաև տնտեսական աշխուժությունը (հենց սա նկատի ուներ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ ասում էր, որ պետությունը վարում է շատ թանկ փողի քաղաքականություն)։
Հիմա՝ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Գնաճը ցածր է՝ չի գերազանցում 3.5%-ը։ Գնաճի վտանգ չկա, պետությունն էլ խոսում է աճի բարձր տեմպից, սակայն կրճատում է բյուջեի դեֆիցիտը՝ ավելի է թանկացնում փողը և զսպում տնտեսական աճը։ Հրանտ Բագրատյանը այս մասին էր հարցնում՝ ո՞վ և ինչպե՞ս է որոշել, որ պետք է դեֆիցիտը կրճատել։ Այս հարցը, որն իրականում լուրջ քննարկում էր պահանջում, արհամարհվում է։
Փոխարենը՝ որոշ իբր անկախ փորձագետներ ասուլիսներ են հրավիրում և իրենք իրենց մասին հոգնակի թվով խոսելով` ասում` «մենք ողջունում ենք դեֆիցիտի կրճատումը»։ Ինչո՞ւ եք ողջունում, ինչի՞ համար, քանի՞ հոգի եք դուք՝ այս հարցերին նույնպես պատասխաններ չեն հնչում, որովհետև մեծ հաշվով նրանք ոչ ոքի հետաքրքիր չեն։
Իսկ ավելի մեծ հաշվով՝ բյուջեն՝ իր շուրջ առաջացած այս աղմուկով հանդերձ, ինքնին հետաքրքիր չէ։ Որովհետև` չնայած այն համարվում է պետության տնտեսական ծրագիրը, սակայն մեր երկրում ամեն ինչ կատարվում է ըստ իրավիճակի։
Բյուջեն ընդամենը փաստաթուղթ է, որը, ճիշտ է՝ ազդեցություն ունի տնտեսության վրա, սակայն տնտեսության վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող այլ գործոններ կան։ Բյուջեից դուրս գործոններ՝ արդար դատաիրավական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցություն, օրենքի իշխանություն, հասարակական վստահություն, և այդ ամենի համար՝ քաղաքական կամք։
Այս խնդիրների լուծմամբ կարելի է իրո՛ք բարելավել տնտեսության վիճակը և ունենալ ավելի լավ բյուջե։ Իսկ մենք սկսել ենք հակառակ ծայրից՝ ակնհայտորեն գերագնահատելով թե՛ այդ փաստաթղթի, թե՛ այն կազմողների ու հաստատողների դերը։