Հրանտ Բագրատյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը
Նախկին վարչապետ, Ազգգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր կայացած ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել մեկ անգամ կարդալ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը` դա հիմնավորելով հետևյալ կերպ. «Բյուջեից դուրս, տնտեսությունից դուրս քաղաքականությունն ի՞նչ է՝ մուտիլովկա: Ձեզ համար մուտիլովկե՞քն են կարևոր, ինտրիգնե՞րը, որոնք, թեկուզ, մեծամեծ մարդիկ խոսում են: Ռեալ կյանքը, ռեալ աշխատանքը բյուջեն է»: Հույս ունենք՝ Սերժ Սարգսյանը երբևէ անձամբ ու կարևորը` անկեղծորեն կպատասխանի` նշվածներից ո՞րն է ավելի կարևորում: Դատելով նրանից, որ իշխանական գրեթե ողջ համակարգն ու քարոզչամիջոցները զբաղված են հենց պարոն Բագրատյանի մատնանշած մուտիլովկաներով, թերևս դրանք ավելի են կարևորվում:
Հրանտ Բագրատյանի հայտարարության մեջ, կարծում ենք, մեթոդական սխալ կա, այն իմաստով, որ նրա ներկայացրած` գրեթե աքսիոմատիկ ճշմարտությունը Հայաստանում չի գործում: Եվ դա ապացուցել ու ապացուցում է հենց պարոն Բագրատյանը` Հայաստանում ստվերային տնտեսության մասին իր հետևողական վերլուծություններով ու բարձրաձայնումներով: Այո, նորմալ, իրավական, ժողովրդավարական, կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում իրական քաղաքականությունը հենց բյուջեի մեջ է` բառի ոչ թե փաստաթղթային, այլ՝ ավելի լայն իմաստով: Բյուջեն յուրաքանչյուր պետության ֆինանսական հոսքերը, քաղաքական, տնտեսական գերակայություններն արտահայտող ծրագիրն է: Գաղափարական, ծրագրային հարթությունում պայքարող քաղաքական ուժերը, այդ թվում և առաջին հերթին՝ իշխանությունը ներկայացնող ուժը բյուջեի միջոցով են ապահովում իրենց նախընտրական խոստումների, ծրագրերի իրականացումը: Այդպիսով` նաև հիմք ստեղծելով հաջորդ ընտրություններում իշխանությունը պահպանելու համար: Հայաստանում, սակայն, իրավիճակն այլ է: Հայաստանում կա պետական բյուջե և «սև բյուջե» կամ ստվերային տնտեսություն, որն, օրինակ, ԱՄՀ-ի գնահատականներով՝ կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը, Blumberg-ի և Business Week-ի գնահատականներով (որոնց հղում էր արել Հրանտ Բագրատյանը)՝ 51,7%: Այսինքն` Հայաստանում քաղաքական պայքարը, առնվազն՝ իշխանության տեսանկյունից, իրականում ընթանում է ոչ թե կամ ոչ այնքան բյուջեի «շրջանակներում», որքան հենց ստվերային տնտեսությունը վերահսկելու, դրանից ստացվող ստվերային` բյուջեի մուտքերը գերազանցող եկամուտները բաշխելու համար: Այլ կերպ ասած, Հայաստանում քաղաքական ուժերը (գուցե որոշ բացառություններով) պայքարում են հենց ստվերային տնտեսության ու դրա վերահսկման լծակների տիրապետման մեջ «փայ ունենալու» համար: Ու, քանի որ խոսքը ոչ թե ֆորմալ, հրապարակային հարթության (ինչպիսին բյուջետային գործընթացն է), այլ ստվերային հարաբերությունների մասին է, պայքարի հիմնական միջոցները դառնում են մուտիլովկաներն ու ինտրիգները:
Այնպես որ, Հրանտ Բագրատյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված խորհուրդը՝ բյուջեն կարդալու վերաբերյալ, իրականում կոչ է`հրաժարվել ստվերային տնտեսության վերահսկողությունից: Իսկ դա հայաստանյան իրողությունների պայմաններում իշխանափոխության, հրաժարականի պահանջին հավասար կոչ է: