«Ուռուցքի առաջացման պատճառը չարորակ սնունդն է և նյարդային անկայուն համակարգը»

Ասում է Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժիշկ վիրաբույժ, բ.գ.թ. Գագիկ Պիվազյանը

– Աշխատանքային մեծ փորձ ունեք վիրաբուժության ոլորտում: Ո՞ր հիվանդություններն առավել շատ վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեն:

– Նայած հիվանդության տեսակ: Հիվանդություններ կան, որ կանանց մոտ ավելի սուր արտահայտված են, քան տղամարդկանց մոտ, սակայն վիրահատվողների թվաքանակը գրեթե հավասար է: Օրինակ, վերջին շրջանում կանանց մոտ առավել հաճախ է նկատվում լեղաքարային հիվանդությունը:

Մինչև անցած դարի 50-60-ական թվականներ, այս հիվանդությամբ տառապող կանանց թիվը երեք անգամ գերազանցում էր հիվանդ տղամարդկանց թվին: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը` տղամարդկանց թիվը մոտենում է կանանց թվին: Կույրաղիի հետ խնդիրներ ունեցողները հավասար են: Իսկ ճողվածքների հետ խնդիրներ ունեն ավելի շատ տղամարդիկ, քան կանայք: Ճողվածքները հիմնականում առաջանում են ծանր ֆիզիկական աշխատանք կատարած տղամարդկանց մոտ, սակայն հնարավոր է, որ այն առաջանա նաև կանանց մոտ: Ստամոքսի խոցով տառապող տղամարդիկ էլ են շատ:

Կարդացեք նաև

– Իսկ կանանց մոտ ո՞ր հիվանդություններն են տարածված:

– Կանանց մոտ, բնականաբար, ավելի հաճախ առաջանում է ստորին վերջույթների անոթների վարիկոզ լայնացում` տրոմբ: Դրա դեմ պայքարը հնարավոր է և վիրահատական միջամտությամբ, և կոնսերվատիվ (պահպանողական) բուժմամբ: Եթե ժամանակին դիմեն բժշկին, եթե երակների անբավարարությունը խիստ արտահայտված չէ, և, եթե խորանիստ անոթները բորբոքման գործընթացի մեջ չեն, ապա այդ դեպքում ցանկալի է, որ չվիրահատեն, այլ նշանակեն կոնսերվատիվ բուժում:

– Իսկ ի՞նչ է նշանակում` կոնսերվատիվ բուժում:

– Կոնսերվատիվ բուժումն իր մեջ ներառում է բուժման տարբեր մեթոդների կիրառում, որոնց միավորում է մեկ հատկություն: Բոլոր մեթոդները չեն պահանջում վիրահատական միջամտություն: Սակայն դա չի նշանակում, որ պահպանողական բուժումը պակաս արդյունավետ է, քան վիրահատությունը: Բուժման ճիշտ մեթոդի ընտրության դեպքում բուժման արդյունավետությունը կազմում է 90-100%:

– Կնոջ կամ աղջկա տարիքը որքանո՞վ է որոշիչ երակների վարիկոզ լայնացման հիվանդության առաջացման հարցում:

– Այդ հիվանդությունը հիմնականում առաջանում է կանանց մոտ` ծննդաբերությունից հետո: Չնայած ցանկացած տարիքում էլ կարող է այն առաջանալ: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ այն առաջանում է տղամարդկանց մոտ` նստակյաց ապրելակերպ վարելու արդյունքում: Օրինակ, վարորդների մոտ, ովքեր իրենց օրվա մեծ մասը մեքենայի ղեկին են անցկացնում:

– Որքան բժշկությունը զարգանում է, այնքան հիվանդությունները շատանում են ու երիտասարդանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդ հայուհիները տառապում են ուռուցքային հիվանդություններով: Արդյոք դա ունի՞ բացատրություն:

– Հիմնական պատճառը դիագնոստիկայի զարգացումն է: Մասնավորապես, առաջ դիագնոզ ասվածն այնքան էլ զարգացած չէր, և ուսումնասիրությունների արդյունքում մի շարք հիվանդություններ ի հայտ չէին գալիս: Հիմա վերլուծաբաններն ասում են, որ ուռուցքները շատացել են: Սակայն դա չի նշանակում, որ առաջ դրանք քիչ են եղել:

Առաջ ուռուցքից մահացածների մահվան պատճառները չէին կարողանում պարզել, անգամ դիահերձումը ցույց չէր տալիս առկա հիվանդությունը: Տեխնիկայի զարգացման արդյունքում կարողանում են պարզել, թե ուռուցքի առկայությունը, թե դրա չարորակ կամ բարորակ լինելը: Եվ վերջապես, հիմա մարդիկ ավելի շատ են սկսել վիճակագրությամբ զբաղվել, ինչի արդյունքում էլ դեպքերը գրանցում են:

– Ըստ Ձեզ` որո՞նք են ուռուցքների առաջացման պատճառները:

– Ուռուցքները ալիմենտար բնույթի են: Դրանց առաջացման հիմնական պատճառները սթրեսներն են, որոնք մարդիկ տանում են: Ինչպես նաև` չարորակ սննդի օգտագործումն է և նյարդային անկայուն համակարգը: Մանավանդ երիտասարդների շրջանում:

– Արտերկրում ընդունված է հորմոնալ դեղամիջոցներով բուժում իրականացնել: Հայաստանում նո՞ւյնպես շատ են բուժման այդ տեսակից օգտվողները:

– Վիրաբուժության ասպարեզում հորմոնալ բուժումը մեր հիվանդների մոտ որոշ հիվանդությունների դեպքում է կիրառվում: Մասնավորապես` թոքերի սուր բորբոքման կամ տոքսիկ հեպատիտի դեպքում: Վերջինիս դեպքում պետք է ապացուցված լինի, որ բացակայում է վիրուսի առկայությունը: Ինչպես նաև վահանագեղձի բորբոքման ժամանակ է կիրառվում բուժման այդ մեթոդը: Եթե պաթոլոգիան ճիշտ է, դեղերի օգտագործումը ստույգ նշանակված կարգով է, հիվանդը դեղերի օգտագործումից հետագա խնդիրներ չի ունենում` ինչի՞ց կարող է ունենալ մտավախություն:

– Իսկ Դուք` որպես բժիշկ-վիրաբույժ, ինչպե՞ս կգնահատեք հայ բժշկության որակը: Մեր բժշկությունը որակյա՞լ է:

– Իրականում հայաստանյան բժշկությունը ոչ առաջադեմ է, ոչ էլ հետ է մնում տարածաշրջանային բժշկության որակից: Սակայն այն, որ ասում են` հին ժամանակների բժշկության որակը բարձր էր, հիմա այդպես չէ` դա ճիշտ չէ: Եկեղեցու, գինու, կոնյակի հինն է լավ, սակայն բժշկության` նորը. դա միանշանակ է:

Որքան բժշկությունը առաջադեմ և զարգացած է լինում, այնքան շահում են թե հիվանդները և թե մենք` բժիշկներս: Ցավալի է, որ զարգացման հեռանկարներ չկան: Համենայնդեպս` դեռ չկան: Բժշկական համալսարանում շատ խելացի երեխաներ կան, որ լավ էլ սովորում են, սակայն հնարավորություններ չունեն արտերկրում վերապատրաստվելու, այնուհետև վերադառնալու և Հայաստանում աշխատելու համար:

– Վերապատրաստման համար Եվրոպայի ո՞ր երկիր է ճիշտ մեկնել:

– Ինքս երկու անգամ վերապատրաստվել եմ Գերմանիայում, դրա համար վստահաբար կարող եմ ասել, որ Գերմանիան ունի և հնարավորություններ, և ռեսուրսներ առաջադեմ բժիշկների «թողարկման» համար: Գերմանիան զարգացած է թե՛ տեխնոլոգիապես, և թե՛ տեխնիկապես: Սովետական Միության տարիներին պարտադիր էր 5 տարին մեկ անգամ վերապատրաստման մեկնելը, իսկ հիմա երկիրն էլ չունի նման հնարավորություններ: Բժիշկները ստիպված են իրենց հաշվին մասնակցել վերապատրաստման դասընթացներին:

– Իսկ Բժշկական համալսարանի պրակտիկանտները շա՞տ են:

– Երբեմն մեզ մոտ գալիս են ուսանողներ, ովքեր, ցավոք, ընդհանուր վիրաբուժության մեջ չեն խորանում, այլ ընտրում են ավելի եկամտաբեր բժշկական ուղղությունները, մասնավորապես` պլաստիկ, դիմային վիրաբուժության ճյուղը, ինչի արդյունքում էլ ընդհանուր վիրաբուժությունն այսօր ավելի պասիվ դիրքում է:

– Պարբերաբար նոր մասնավոր կլինիկաներ են ի հայտ գալիս Հայաստանում, և մարդիկ նախընտրում են ավելի վճարել և բուժվել մասնավորում: Ինչո՞ւ է այդպես:

– Խնդիրը, թերևս, միայն հարմարավետության մեջ է: Մարդիկ նախընտրում են մաքուր, վերանորոգված հիվանդանոցում բուժվել, սակայն, եթե համեմատում ենք այժմյան պետական հիվանդանոցների հետ, ապա գրեթե տարբերություն չկա: Պետական հիվանդանոցներն էլ վերանորոգված են, մաքուր են, և սպասարկումն էլ նորմալ է: Համենայնդեպս, մեր հիվանդանոցում այդպես է:

– Իսկ գնային տարբերություններ չկա՞ն մասնավոր և պետական հիվանդանոցների միջև, ըստ Ձեզ:

– Չէի ասի: Դա ընդամենը մարդկանց ճաշակի հարց է: Իրենք նախընտրում են այնտեղ բուժվել: Բայց բժիշկը նույն համալսարանն ավարտած անձն է, ով տիրապետում է նույն գիտելիքներին, իսկ վիրահատությունն էլ նույն գինն արժե:

– Վերջին շրջանում պարբերաբար ստուգումներ են իրականացվում բժշկական հաստատություններում և արձանագրվում են խախտումներ: Ըստ Ձեզ` նմանատիպ ստուգումները դրակա՞ն են անդրադառնում բժշկության որակի վրա:

– Դա սովորական գործընթաց է: Խախտումներ էլ են արձանագրվում, քանի որ դրանք իրականում տեղի են ունենում: Դա նորմալ է ու ճիշտ:

– Իսկ այն, որ գոյություն ունի առողջ մարդկանց օրգանների թրաֆիկինգ: Դրա մասին ի՞նչ կասեք:

– Դա սարսափելի է: Նմանատիպ վիրահատություն կարելի է իրականացնել միմիայն մահացած մարդու օրգանների առկայության պարագայում, բայց, որ կենդանի մարդիկ են վաճառում օրգաններ` չի կարելի: Բժշկության տեսանկյունից էլ դա չի կարելի: Ցավոք, մարդիկ սոցիալական անապահովությունից դրդված` անում են անգամ անթուլատրելին: Բժիշկների մեղավորությունն էլ կա դրանում: Իրենք չպետք է իրականացնեն նմանատիպ վիրահատություն:

Տեսանյութեր

Լրահոս