Բաժիններ՝

Ինչպես են «զարգացնում» ՓՄՁ ոլորտը

Հայրենի իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են ՓՄՁ ոլորտի զարգացման անհրաժեշտության, ծրագրերի և կատարված քայլերի մասին։ Սակայն չգիտեն ՓՄՁ ոլորտի անգամ պաշտոնական ցուցանիշները։

Թե՛ տարբեր հանդիպումների ու խորհրդաժողովների, հանդիպումների ու ելույթների, թե բյուջեի քննարկման ժամանակ Հայաստանի պաշտոնյաները հատուկ ուշադրություն են դարձնում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Կարևորում են այս ոլորտը, ծրագրեր ու հայեցակարգեր մշակում։ Բյուջեում ՓՄՁ ոլորտին առանձին գլուխ են նվիրել՝ գեղեցիկ ու դժվարամարս արտահայտություններով ու խոստումներով։

Հայտնի բան է. ցանկացած գործ անելուց առաջ հարկավոր է նախ՝ գնահատել առկա վիճակը, հասկանալ ուժեղ ու թույլ կողմեր, և այլն։ Այլ կերպ ասած, եթե դու խոստանում ես դույլի մեջ եղած ջուրը երկու անգամ ավելացնել, ուրեմն նախապես պետք է հայտնի լինի, թե այդ պահին դույլի մեջ որքա՞ն ջուր կա։ Նույն կերպ, եթե խոսվում է փոքր ու միջին բիզնեսի մասնակցությունը տնտեսության մեջ մեծացնելու մասին, ապա գոնե հարկավոր է իմանալ՝ այս պահին այդ մասնակցության չափը որքա՞ն է։ Սակայն, արի ու տես, որ մեր կառավարությունն այդ տվյալներին չի տիրապետում։

168.am-ի թղթակիցն այսօր զանգահարել է Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն և տվել մի պարզ (բայց շատ կարևոր) հարց՝ որքա՞ն է  կազմում ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում։

Կարդացեք նաև

ՓՄՁ ԶԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տվել են այսպիսի, կներեք արտահայտության համար, պատասխան. «2011թ.-ի մասով գնահատականը դեռ պատրաստ չէ, 2010թ.-ը համարվել է  անցողիկ տարի և գնահատական, թե ինչ տեսակարար կշիռ է ունեցել ՓՄՁ ՀՆԱ-ի կազմում, չի կազմվել, իսկ 2009թ.-ի և ավելի ցածր տարիների գնահատականները կան մեր կայքէջում»:

Թե ինչ կա կայքում, դա մենք գիտենք։ Խնդիրն այն է, որ կառավարությունը խոսում է 2013 թվականի անելիքներից, սակայն չգիտի ոչ միայն ընթացիկ տարվա, այլև նախորդ երկու տարիների պատկերը։

Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում նման «օպերատիվությունը» մի կողմից՝ զարմացնում է, քանի որ ամեն տարի տասնյակ-միլիոնավոր դրամներ են հատկացվում տարատեսակ ուսումնասիրությունների համար։ Զարմանալի է, քանի որ վարչապետի գլխավորությամբ հատուկ խորհուրդ կա՝ ՓՄՁ հարցերով։ Կա վերը նշված կենտրոնը։ Կա համակարգչային տեխնիկա, որի ներկայիս մակարդակը թույլ է տալիս շատ արագ ավարտել տեղեկատվության ստացումն ու մշակումը։ Մյուս կողմից, սա պարզապես ցույց է տալիս, որ իշխանությունն այս ոլորտին նայում է մատների արանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս