Բաժիններ՝

Թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն օդանավում փրկեց մարդուն

Facebook սոցիալական ցանցում օգտատեր Տարոն Առաքելյանը նոյեմբերի 13-ին «Հետաքրքիր դիպված Երևան-Վիեննա օդանավում» վերնագրով գրառում է կատարել, որը դարձել է լուրջ քննարկման առարկա: Ներկայացնում ենք այն.

«Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ:

Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խռխռոցներ… Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան, որ օդանավում մարդ է մահանում… Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին, թե ինչ պետք է անել, և դիմեցին ուղևորների օգնությանը՝ փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց… Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր… Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վերջինիս վրա՝ սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կլինի… Արդյո՞ք ոչ բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն: Փրկեց: Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում:

Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել… կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ… շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին:

Կարդացեք նաև

Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես «Ժառանգությանը» չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև: Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր…»:

Տ. Առաքելյանի այս գրառումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատերն այս գրառումը տարածել են իրենց ֆեյսբուքյան էջերում՝ իրենց հիացմունքն արտահայտելով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական քայլի կապակցությամբ:

Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը գրել է. «Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Այո: Բրավո: Միայն թե ինչ հիշում եմ՝ այդ մարդը օրինակելիության քննությունը գերազանց է տալիս, բայց հենց դրա պատճառով էլ չի հասկացվում… Միջակն ենք սիրում ու գոռոզը»: «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին ավելացրել է. «Կարծում եմ, արդեն երկիրն էլ արհեստական շնչառության կարիքն ունի…»: Որոշ քաղաքացիներ նկատել են, որ առաջինը օդանավի անձնակազմը, այդ թվում՝ ավստրիացի ուղեկցորդուհիները պետք է արհեստական շնչառություն տան, քանի որ  նրանք պետք է  պարտադիր կարողանան առաջին օգնություն ցուցաբերել մարդուն:

Ոմանք Տարոն Առաքելյանի այս գրառումը PR քայլ են համարում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ով հայտարարել է ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններում իր առաջադրվելու մասին: Հեռուստահաղորդավար Հովհաննես Կոսյանը նկատել է. «Որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է ինքնաթիռում առաջին օգնություն ցուցաբերել ուղևորին՝ շատ լավ է: Արևմտյան ցանկացած կրթահամալիրում շատ լուրջ հիմքերի վրա են դրված առաջին օգնության ցուցաբերման դասընթացները… Էականը, սակայն, դա չի, այլ դեպքի մասին պատմող գրառումը… մի քիչ էլ՝ ու ամերիկյան ֆիլմի հուզիչ սցենար… Շատ հետաքրքիր է, ինչպե՞ս է գրառման հեղինակը վատացած ուղևորի մոտ սրտի կանգ ախտորոշել ու հետո կլինիկական մա՞հ:

Դրանից հետո Րաֆֆին չէ, ով ուզում ա լինի, ինչքան էլ «բերանով-բերանից շնչառություն տա»՝ այդ վիճակից դուրս չի բերի: Կամ, «այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վերջինիս վրա»: Միջանցքը ինչո՞ւ էր նեղ: Կուկուռուզնիկո՞վ էիք թռնում: Կամ, ի՞նչ կարևոր ա օգնություն ցուցաբերող մարդու դիրքը: Այստեղ նաև իրավիճակի մի փոքր նկարագրությունը չէր խանգարի… ուժեղ անձրև էր, կայծակ, ինքնաթիռը թափ էր տալիս, լույսն անջատվում-միանում էր, երեխաները լացում են, ու բոլորը գոռում էին… Հետո գրում եք, որ Րաֆֆին ամաչեց ընդունել ձեր շնորհակալական խոսքը, մինչև այդ գրելով, որ «Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել»: Բա քնած մարդը ո՞նց ընդունի շնորհակալական խոսքերը»:

Բլոգեր Տիգրան Քոչարյանը լրացրել է. «Հենց նոր ես էի ուզում դրա մասին գրել: -Встань и иди- сказал Раффи и случилось чудо»:

Օգտատեր Ռոբերտ Մելքոնյանն արձագանքել է. «Ժողովուրդ, ենթատեքստը չե՞ք հասկանում ՝ Հայաստանը, ըստ իրենց, հիմա այդ վիճակում է, ու Րաֆֆին, միայն Րաֆֆին կկարողանա փրկել, ինչպես այդ քաղաքացուն… Բա՞: Այն էլ հայի չէ, օտարերկրացու, պատկերացնո՞ւմ եք»:

Վահրամ Թաթիկյանը նկատել է, որ «Րաֆֆիին պետք է տալ պարաֆին, որ լավ պահպանվի ու կարողանա հրաշագործել…»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս