«Բիզնեսը քաղաքականությունից տարանջատված չէ՞». Վազգեն Մանուկյան
«Ես հիմա չեմ ուզում քննարկել դրդապատճառները և թե ինչ հետևանքներ դա կունենա, բայց ԱԺՄ-ի բոլոր ծրագրերում եղել է այն կետը, որ պետք է անցնել պառլամենտական համակարգին: Այնպես որ՝ դա մեր կուսակցության քաղաքական դիրքորոշումն է»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԲՀԿ-ի և Դաշնակցության` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկի մասին` ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը :
Մեր հարցին` ըստ Ձեզ` ճի՞շտ է նման առաջարկ անելն այս փուլում` նախագահական ընտրություններից առաջ, Վ.Մանուկյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, այդ հարցը հիմա չի քննարկվելու: Կարելի է դա նախագահական ընտրություններից հետո քննարկել, բայց դա չէ կարևորը: Վերջիվերջո, կարևորը հետևալն է. Հայաստանի համար նախագահակա՞նն է ճիշտ, թե՞ պառլամենտականը: ԱԺՄ-ն միշտ կողմնակից է եղել պառլամենտականին, և´ մինչև 1996 թ., և´, իմիջիայլոց, 96-ից հետո: Չքննարկենք` ի՞նչ է նշանակում պառլամենտական համակարգ, ի՞նչ է նշանակում նախագահական: Ինչո՞ւ ենք մենք դրան կողմնակից, որովհետև 1960-ականներից հետո տասնյակ պետություններ ստացան անկախություն, և նրանք, ովքեր գնացին խորհրդարանական հանրապետության ճանապարհով, մեծ մասը կարողացավ դառնալ նորմալ պետություն»:
Ըստ Վ.Մանուկյանի`նախագահական համակարգ ընտրող պետությունները մեծամասամբ ենթարկվեցին հեղափոխությունների, հեղաշրջումների և այլն, և ընդհանրապես նախագահական համակարգը լուրջ աշխատում է միայն Միացյալ Նահանգներում, կիսանախագահականը` Ֆրանսիայում:
«Այդ` զուտ մաթեմատիկական հաշվարկների տեսակետից, պառլամենտականն ավելի լավ է»,- ասաց նա:
Հարցին, թե՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կուսակցություններն, ըստ էության, չունեն ներքին դեմոկրատիա, ի՞նչ փոփոխության կբերի կառավարման համակարգի փոփոխումը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.
«Ես համաձայն եմ, որ ոչ մի կուսակցություն Հայաստանում ներքին դեմոկրատիա չունի, բայց համակարգը թելադրում է նաև համակարգ կուսակցության մեջ: Դուք հակառակն եք նայում: Բայց եթե պառլամենտական համակարգ լինի, կարծում եմ, կամաց-կամաց կուսակցությունների ներսում էլ պառլամենտական համակարգն ավելի կհաղթի: Նոր խնդիր չեք ասում. 1991թ. այդ հարցը վեճ առաջացրեց Ազգային Ժողովում, ես` որպես վարչապետ, ելույթ ունեցա և ասացի, որ կողմ եմ պառլամենտականին, բայց վախենում եմ, որ ներկա կուսակցությունները հասունացած չեն պառլամենտականի համար»:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ այժմ պառլամենտական համակարգին անցնելու դեպքում կուսակցություներն էլ կհասունանան:
Մենք հետաքրքրվեցինք Վ.Մանուկյանից, թե նա ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական այն քննարկումներին, որն առաջարկում են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: «Ճիշտն ասած` հիմա ես ոչ մի քննարկման չէի մասնակցի»,- պատասխանեց նա:
Մեր հարցին`ինչո՞ւ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ հիմա արժի ընդհանրապես դրա մասին խոսել: Ես համաձայն եմ, որ արժի դա մի քիչ հետաձգել, հիմա ընտրություններից առաջ չարժի այդ հարցը քննարկել: Ընտրություններից առաջ ամեն ինչը կոնյուկտուրային բնույթ ունի»:
Իսկ ի պատասխան մեր դիտարկմանը, թե Դաշնակցությունն իր հայտարարության մեջ նաև այլ առաջարկներ է արել, օրինակ`տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը և այլն, Վ.Մանուկյանն ասաց. «Դա օրենքով ամրագրված է նաև մեզ մոտ, չէ՞: Բիզնեսը քաղաքականությունից տարանջատված չէ՞»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսացկության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ առաջարկեց սկսել քաղաքական քննարկումներ 100 մեծամասնական ընտրական համակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ, երկու օր անց նմանատիպ հայտարարություն արեց նաև Դաշնակցությունը` առաջարկելով նաև մի շարք այլ կետեր քննարկումների համար, իսկ ավելի ուշ նրանց միացավ Հայ ազգային կոնգրեսը` առաջարկելով «ընդլայնել կոնսուլտացիաների օրակարգը: