Սոս Գիմիշյանը որոշակի կապ է տեսնում ԲՀԿ-ի և Դաշնակցության հայտարարությունների միջև
Նոյեմբերի 6-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ ԲՀԿ-ն կարևորում է անցումը 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին:
«Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»,- նշված է հայտարարության մեջ:
Այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը` նույնպես առաջարկելով անցում կատարել 100 տոկոս համամասնական սկզբունքին և կառավարման խորհրդարանական համակարգին:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի վերոնշյալ հայտարարության մասին, նշեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել նախագական կառավարման համակարգին, բայց ընդհանրապես, մեծ իմաստով դեմ չէ նաև պառլամենտական կառավարման համակարգին:
«Այսպես ընթացքից` նախընտրական շրջանում այդ հարցը բարձրացնելը շատ լուրջ խնդիր է: Ճիշտն ասած` ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս հարցը հենց հիմա բարձրացվում: Եթե սրա տակ չկան այլ նպատակները, հարցն, իհարկե, կարող է քննարկվել, կարելի է հանդիպել, խոսել: Բայց անձամբ ես գտնում եմ, որ Հայաստանում ավելի ճիշտ է նախագահական համակարգը: Առնվազն մի բան կա, որն ինձ համար կարևոր է. նախագահական համակարգը տալիս է հնարավորություն գոնե 5 տարվա մեջ երկու անգամ լուրջ ընտրություն ունենալ` խորհրդարանական և նախագահական, իսկ եթե մենք ունենանք խորհրդարանական համակարգ, միայն խորհրդարանական ընտրությունները կլինեն որոշիչ իշխանության համար պայքարում»,- ասաց Ս.Գիմիշյանը:
Ըստ նրա` նախագահականի դեպքում ժողովուրդը երկու անգամ հնարավորություն կունենա հաղթել և վերականգնել ժողովրդավարությունը: «Այսօրվա սահմանդրությունը հաշվի առնելով` խորհրդարանը բավական լուրջ լիազորություններ ունի: Ես չէի ասի, որ մեզ մոտ համակարգը նախագահական է, ավելի շատ այսպես խառը-խշտիկ… 2005թ. սահմանադրական փոփոխությունները, որոնց հետ ես համաձայն չեմ, ինչ-որ անհասկանալի կիսահիբրիդային բան են ստեղծել»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր կարծիք հայտնեց, թե ԲՀԿ-ի առաջարկը` անցումը խորհրդարանական կառավարման ձևին, նպատակ ունի վարչապետի պաշտոնը հանձնել Ռոբերտ Քոչարյանին:
Այս մասին Ս.Գիմիշյանն ասաց. «Կարող է այդպիսի նպատակ էլ լինի: Տեսեք, «Բարգավաճ Հայաստանը» չունի ակնհայտ առաջնորդ չի էլ ունանալու երկար տարիներ: Ինքը կուսակցությունն իր էությամբ այդպիսին է: Այն բոլոր կուսակցությունները,որոնք ընգծված առաջնորդ չունեն, նրանք միշտ էլ կողմնակից են պառլամենտական համակարգին, որովհետև դա հնարավորություն է տալիս պարզապես թիմային պայքար վարել: Ունեն ընդլայնված թիմ, այսօր էլ խոշոր կուսակցություն և լայն ընտրազանգված ապահովել հնարավոր է գումարով: Այդ մի բանն ունի այդ կուսակցությունը և գտնում է, որ քաղաքական պայքար վարելու, ամբողջական իշխանությունը վերցնելու համար ավելի լավ է պառլամենտական համակարգը, այսինքն` մեծամասնություն խորհրդարանում, հետո` իրենց ուզած մարդուն` վարչապետ և ամբողջական իշխանություն: Այդպես է ամբողջ աշխարհում. նրանք, ովքեր ունեն ըդգծված առաջնորդ, նրանք միշտ նախագահական համակարգի կողմնակից են, որ եթե նույնիսկ պառլամենտում մեծամասնություն չունենան, նախագահական ինստիտուտն ընտրություններում շահելու դեպքում որոշակի իշխանություն ապահովեն: Ընդհանրապես, այսօրվա Հայաստանում, այսօրվա իրողությունները հաշվի առնելով` լավ է, որ երկու տարբերակն էլ լինի, և´ նախագահի ինստիտուտը, և´ պառլամենտի»:
Մենք հետաքրքրվեցինք պարոն Գիմիշյանից` ըստ նրա` ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարությունների միջև կապ կա՞, և քանի որ Դաշնակցությունն առաջ քաշած իր կետերով առաջարկում է նաև ստեղծել քննարկումների պլատֆորմ քաղաքական բոլոր ուժերի հետ` նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ, ՀԱԿ-ը կմասնակցի՞ Դաշնակցության հետ այդ քննարկումներին:
«Որոշակիորեն կապ կա,- պատասխանեց Ս.Գիմիշյանը,- Չգիտեմ, իրենք այդ կապը դնում էին իրենց հայտարություններում, թե ոչ, բայց ես որոշակի կապ տեսնում եմ: Ինքս շատ հանգիստ եմ վերաբերվում այդպիսի նախաձեռնություններին»:
Ս.Գիմիշյանը նշեց, որ քննարկումներ պարտադիր է կատարել բոլոր քաղաքական ուժերի հետ այն հարցերի շուրջ, որոնք նպաստելու է երկրում իրավիճակ փոխելուն, կարգուկանոն հաստատելուն, ժողովրդի վիճակը բարելավելուն, երկիրը հզորացնելուն: «Այդ բոլոր քննարկումներին, կարծում եմ, պարտադիր պետք է մասնակցել: Եվ եթե ՀԱԿ-ում այդպիսի խնդիրներ քննարկվեն, մեր կուսակցությունը դրական մոտեցում կցուցաբերի այդ հարցերին: Թե, ի վերջո, ՀԱԿ-ն ինչպիսի՞ որոշում կկայացնի, ես չգիտեմ: Ընդհանրապես մենք նախագահական ընտրությունների համատեքստում ունենք առաջնորդ, ով, կարծում ենք, պետք է լինի նախագահի թեկնածու: Այդ լիազորությունն իրեն տվել ենք, և նա ունի այդ իրավունքն ազատորեն շփվելու բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ասաց Ս.Գիմիշյանը: