Ո՞ւմ թեկնածության վրա խաղադրույք կկատարեն Արևմուտքը և Ռուսաստանը Հայաստանում

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Դավիթ Շահնազարյանը վերջերս հայտարարեց,  որ Մոսկվան իշխանություններից պահանջում է գործադիր իշխանության լծակները և անդամակցություն Եվրասիական միությանը և այդ պահանջները ներկայացնում է ԲՀԿի միջոցով: Ձեր կարծիքով` ի՞նչ դեր կունենա Ռուսաստանը ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններում:

– Նախ ասեմ, որ ես քաղաքական գործիչների տեսակետները չեմ մեկնաբանում, ես ասում եմ իմ տեսակետները: Բնականաբար, քանի որ հասարակությունը թուլացել է, իսկ դա տեսանելի է և´Ռուսաստանի, և´ Արևմուտքի համար, այստեղ ճնշումը կոնկրետ իշխանությունների վրա ուժեղանալու է, և յուրաքանչյուրն իր ցանկալին է փորձելու ստանալ իշխանություններից: Այո´, չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի Հայաստանի իշխանություններից ստանալ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը, որովհետև Հայաստանը Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության անդամ չէ, և դրանից հետո հնարավոր զարգացման տարբերակները կլինեն Եվրասիական միությունը, ընդհանուր դրամական շրջանառությունը Մաքսային միության շրջանակներում:

Կստանա՞ Ռուսաստանն այդ լծակները, թե՞ ոչ` ես չեմ կարող ասել, բայց թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը հավասարաչափ հնարավորություն ունեն ճնշումներ գործադրելու գործող իշխանությունների վրա և ստանալու իրենց ուզածը: Հիմա այստեղ միակ ինտրիգը դա է, թե ո՞ւմ ճնշումը վերջնականորեն արդյունքի կհանգեցնի: Որքան ես գիտեմ, դեկտեմբերին սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որի ժամանակ նաև այդ Եվրասիական և Մաքսային միության հետ կապված առաջարկություններ են արվելու: Հնարավոր է` Ռուսաստանը սպասի մինչև դեկտեմբերի սկիզբը և տեսնի, թե ՀՀ նախագահն այդ առաջարկվելիք տնտեսական  առաջարկներին ինչպե՞ս է արձագանքելու:

Բնականաբար, եթե գործող նախագահը դրական արձագանքի, ապա չեմ կարծում, որ Ռուսաստանի համար ցանկալի կլինի Հայաստանի իշխանությունների փոփոխությունը: Իր հերթին էլ` ինչ-որ խնդիրներ ունի Արևմուտքը. եթե Արևմուտքը տեսնի, որ գործող նախագահը նաև իրենց առաջարկություններին է համաձայնություն տալիս, ապա Արևմուտքն էլ չի ցանկանա նախագահի փոփոխությունը: Բայց այստեղ մի հարց կա. կա մի կետ, որից այն կողմ գործող նախագահը չի կարող երկու բևեռների առաջարկություններին էլ համաձայնություն տալ, որովհետև Հայաստանում Եվրոմիության դեսպաններն իրենց մամուլի ասուլիսներում արդեն հայտարարել են, որ կա մի կետ, և այդ կետը Եվրասիական միությունն է:

Եթե Հայաստանը գնա այդ ճանապարհով, այսինքն` ստորագրի Մաքսային միություն, Եվրասիական միություն և այլ տնտեսական կազմակերպություններ մտնելու պայմանագրերը, ապա Հայաստանի ինտեգրացիան դեպի Արևմուտք արդեն փակված կլինի: Այդ կետը դեռևս չի եկել, բայց ամենայն հավանականությամբ կմոտենա, և դրանից հետո հնարավոր են ինչ-որ զարգացումներ` նախագահական ընտրարշավի հետ կապված:

– Իսկ Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ընտրություններում ՀԱԿի մասնակցության վրա, և նրա ձգտումը միանալու ԲՀԿ-ի հետ պայմանավորված չէ՞ նաև ԲՀԿ-ի ռուսական կողմնորոշմամբ:

– Ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ` Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վրա: Մենք գիտենք, որ ԲՀԿ-ն գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, որոշակի տնտեսական ներկայություն է ապահովում Հայաստանում, ցուցահանդեսներ է կազմակերպում և լրատվական դաշտում քննարկման առարկա է դարձնում Եվրասիական միության հարցը: Այսինքն` ինչ-որ կապեր կան, թե ինչքանո՞վ են դրանք ռուսական ընկալվում, դա ուրիշ հարց է: ՀԱԿ-ի կապերը ՌԴ-ի հետ, ճիշտն ասած, ես չեմ տեսել, բացի այն, որ մամուլում գրում էին, թե ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ ժամանակ առ ժամանակ գնում են Մոսկվա, բայց դա տեսանելի չէ: ԲՀԿ-ինը` տեսանելի է:

ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միակ խնդիրն այն է, որ նրանք հստակ աշխարհաքաղաքական ուղղվածություն չեն հայտարարում և օրիենտացիոն գործունեություն չեն իրականացնում: ԲՀԿ-ն ինչ-որ չափով հարաբերվում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չմոռանանք մեկ այլ հանգամանք, որ վերջերս ԲՀԿ-ի հետ բավական լավ աշխատանք տարան, այսինքն` հանդիպումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Եվրամիության որոշ երկրների դեսպանների հետ:

Այսինքն` ԲՀԿ-ն միանշանակ չէ, որ ռուսական  կողմնորոշում ունի: Քանի որ ԲՀԿ-ն ազդեցիկ ուժ է, բնականաբար, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ` Արևմուտքը, շատ կցանկանային, որպեսզի ԲՀԿ-ն լիներ իրենց կողմնակիցը: Արևմուտքն էլ պակաս ցանկություն չունի ԲՀԿ-ին տեսնել որպես, այսպես ասած, արևմտամետ կողմնորոշման ուժ: Իսկ ՀԱԿ-ը դեռևս հստակ ուղղվածություն չի դրսևորել: Քանի դեռ իրենք չեն հստակեցրել` Եվրամիությա՞ն կողմնակից են, թե՞ Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի՞ հետ են ուզում կապերն ամրապնդել, թե՞ վերջնական նպատակն անդամ դառնալ է, քանի ուղղվածություն չեն հռչակել և օրիենտացիոն գործունեություն չեն իրականացնում, այդ անորոշությունը մնում է:

– Դուք նշեցիք ԲՀԿ-ի և Արևմուտքի շփումների մասին: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված հայտնի գործից հետո, երբ նրա պաշտպանությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի դեսպանը, կարծիքներ հնչեցին, որ Արևմուտքի ընտրությունը` որպես ընդդիմության թեկնածու կարող է կանգ առնել Օսկանյանի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Դա չի, բացառվում, դա աշխատող տեսակետներից մեկն է: Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքը հասկանում է մի բան. եթե դու ցանկանում ես տվյալ երկիրը դարձնել արևմտամետ, պետք է ոչ թե գազի կամ, ասենք, կապի ենթակառուցվածքները գնես և դարձնես քո տնտեսությունը, այլ այդ երկրի քաղաքական շրջանակներին դարձնես արևմտամետ: Ի վերջո, հասկանալի է, որ ոչ թե ժողովուրդն է որոշելու, թե երկիրն ինչպե՞ս կզարգանա, այլ` քաղաքական վերնախավը: Քանի որ ԲՀԿ-ն այսօր ազդեցիկ քաղաքական ուժ է, իմ կարծիքով, Արևմուտքի համար շատ ցանկալի կլիներ, որ ԲՀԿ-ի կողմնորոշումը լիներ արևմտամետ և ցանկանար ինտեգրվել արևմտյան քաղաքական ընտանիքին:

Այդ իսկ պատճառով շատ տրամաբանական է, երբ նրանք մեծ ուշադրություն են դարձնում ԲՀԿ-ին և հատկապես Վարդան Օսկանյանին գործոնին, ով ընդգծված քաղաքական գործիչ է, և հասկանալի է, որ արևմտյան քաղաքական էլիտայի համար նա ընկալելի գործիչ է` ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որովհետև, ճիշտ է, երկուսն էլ քաղաքական գործիչներ են, բայց Վ.Օսկանյանն, իմ կարծիքով, ավելի ընկալելի է Արևմուտքի համար:

Նկատենք ևս մի բան, որ Արևմուտքի դերը միգուցե ոչ շատ նկատելի, բայց կամաց-կամաց ավելի է ուժեղանում Հայասատանի հասարակական-քաղաքական դաշտում, քան Ռուսաստանի դերը: Այնպես որ` եթե պայմանականորեն ասենք, Արևմուտքի դերը նախագահական ընտրարշավում կլինի մոտավորապես 50,1 %, իսկ Ռուսաստանի դերը` 49,9%: Սա, իհարկե, պայմանական թվեր են:

– Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո եղան վերլուծաբանների տեսակետներ, թե Արևմուտքը, փաստորեն, ձեռնունայն թողեց Ռուսաստանին Վրաստանում, քանի որ Ռուսաստանը հաշվարկ էր կատարել վրացական ընդդիմության վրա և զորքեր կենտրոնացնելով Վրաստանի հետ սահմանին` ծրագրում էր մտնել Վրաստան, եթե գործող իշխանություններն ուժ կիրառեն ընդդիմության նկատմամբ: Սակայն Արևմուտքի հզոր մեսսիջ ուղարկեց Սահակաշվիլիին, որ վերջինս պետք է անցկացնի արդար ընտրություններ և պետք է հաղթի ընդդիմությունը: Վերջերս Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովում Սերժ Սարգսյանը խոստացավ արդար և ազատ ընտրություններ անցկացնել  ՀՀ նախագահական ընտրություններին: Սա ի՞նչ մեսիջ էր, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք վրացական սցենարի կրկնությունը Հայաստանում:

– Վրաստանում վերջին իշխանափոխությունից առաջ 8 տարի շարունակ տեղի են ունեցել տնտեսական բարեփոխումներ, հասարակությունը, կոպիտ ասած, բիոմասսայից վերածվել է հասարակության, որովհետև մինչև Սահակաշվիլին Վրաստանի հասարակությունն այսօրվա մեր հասարակությունից չէր տարբերվում: Երկրորդը` Սահակաշվիլին ստեղծել է կառավարման մի համակարգ, որն իհարկե թերություններ ունի, բայց եթե Սահակաշվիլին մնար իշխանության, այդ համակարգը նորից ծառայելու էր Սահակաշվիլիին: Բայց եթե Սահակաշվիլին հեռանում է, կառավարման ժողովրդավարական համակարգն արդեն սկսում է հասարակությանը ծառայել, ինչպես ԱՄՆ-ում. կլինի Օբաման, Ռոմնին, Բուշը, թե Ռեյգանը` նշանակություն չունի: Այդ պատճառով Արևմուտքը դեռ բավական երկար ժամանակ առաջ Սահակաշվիլիին հասկացրել էր, որ նա այլևս ոչ մի կարգավիճակով չպետք է մնա Վրաստանի ղեկավար, որպեսզի իր ստեղծած համակարգը սկսի արդեն Վրաստանի համար աշխատել:

Ինչ  վերաբերում է Հայաստանի մեսիջներին, բնականաբար, գործող նախագահը կարող է շատ ելույթներ ունենալ, բայց այստեղ կարևորը այդ մեսսիջները չեն: Կարևորն այն է, թե Արևմուտքը` հանձինս գործող նախագահի, կհամաձայնվի՞ նրա նախագահության շարունակությանը, թե՞ ոչ:

Ի դեպ, ասեմ`Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են հանգել փոխզիջումային թեկնածուի վրա, և այդ թեկնածուին էլ, այսպես ասած, աջակցել: Ի՞նչ է նշանակում աջակցել. դա չի նշանակում պարտադիր ինչ-որ հայտարարություններ անել, կարող են ուղղակի աչք փակել կեղծված ընտրությունների վրա: Դա նույնպես աջակցության ձև է: Բայց մի բան պարզ է, որ դեռևս հստակ չէ, թե ո՞ր թեկնածուի վրա են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը հիմնական խաղադրույքը կատարելու: Դա երևի պարզ  կլինի դեկտեմբերի կեսերին, երբ կկայանան բազմաթիվ միջազգային հանդիպումներ, որոնց ընթացքում շատ հարցեր կհստակեցվեն նույն Եվրասիական միության, Մաքսային միության հետ կապված, նաև հավաքներ կլինեն  ԵԽ ԽՎ-ում, ԵՄ Արևելյան համագործակցության շրջանակներում և այլն:

Արմեն Բադալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

 


Տեսանյութեր

Լրահոս