Ինտերնետում ամենապասիվ կուսակցությունն «Օրինաց Երկիրն» է
Ինտերնետում ամենապասիվ քաղաքական կուսակցությունը «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունն է: ՕԵԿ-ը համացանցում որևէ ակտիվություն չի ցուցաբերում, այն դեպքում, երբ մնացած բոլոր կուսակցություններն ակնհայտ ակտիվ են և իրենց ներկայացուցիչներին, ակտիվիստներին, երիտասարդությանը խրախուսում են, որպեսզի շատ ակտիվ լինեն, արձագանքեն իրենց հետ կապված հրապարակումներին, մեկնաբանություններին: Իհարկե, բազմաթիվ են նաև դեպքերը, երբ ինտերնետում` սոցիալական ցանցերում հատուկ վճարված խմբերն են աշխատում տվյալ կուսակցության համար: Ակտիվ են հատկապես կուսակցական երիտասարդ ակտիվիստները, որոնք դա անում են առանց վարձատրության:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Անդրադառնալով ՕԵԿ-ի պասիվությանը, Ս. Մարտիրոսյանը նույնիսկ հիշեց, որ կար ժամանակ, երբ շատերը փորձում էին հասկանալ`ՕԵԿ-ի ակտիվիստներ համացանցում կա՞ն, թե՞ չկան: Այն դեպքում, երբ այդ կուսակցությունը և՛ ինտերնետային կայք ունի, և՛ ֆեյսբուքյան էջ:
Ըստ Ս. Մարտիրոսյանի՝ այսօր հնարավոր է ասել, թե քաղաքական որ ուժն ինչ տիպի ակտիվություն ունի. մեկը խմբերով է ակտիվ, մյուսները` պրոֆիլներով: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունն ակտիվ է կոնկրետ իր մի քանի գործիչներով՝ Ստյոպա Սաֆարյան, Դավիթ Սանասարյան, Զարուհի Փոստանջյան, և այլք: Կուսակցությունը բավական ակտիվ է հենց իր թոփ 10-ի ցուցակով:
«Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) և Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ակտիվ են իրենց երիտասարդական թևերով և մեծ քանակության կեղծ պրոֆիլներով, ինչում, սակայն, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ նրանց ակնհայտ չես կարող մեղադրել, սակայն այդ ամենը զգացվում է: Այդուհանդերձ, մասնագետը նկատում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ամենաակտիվն են և ամենաուժեղն են համացանցում, քանի որ նրանք անդամների և ակտիվիստների քանակով բավական շատ են:
Ըստ Ս. Մարտիրոսյանի` Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ունի բավականին մեծ «պրոհակական» երիտասարդության և ոչ երիտասարդության թիմեր, խմբեր, որոնք շատ ակտիվ են ցանցում: Այսինքն՝ ՀԱԿ-ը ցանցում ակտիվ է ոչ թե կուսակցական, այլ «պրոհակական» ժողովրդի շնորհիվ, որոնք համախմբված են ՀԱԿ-ի շուրջ:
«Հայ հեղափոխական դաշնակցությունը միշտ ունի ինչ-որ մարդկանց, որոնք դաշնակցական չլինելով` դաշնակներին աջակցում են՝ ելնելով զուտ նրանց գաղափարախոսությունից, որովհետև միակ կուսակցությունն է, որ ունի գաղափարախոսություն: Այս դեպքում անձերից պետք չէ կառչել, տվյալ դեպքում՝ գաղափարախոսությունն է առաջ մղողը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նկատելով, որ ՀՅԴ-ն՝ որպես կուսակցություն, համացանցում ակտիվ չէ:
Բոլոր կուսակցությունները հատկապես ակտիվանում են քաղաքական թեժ գործընթացների, համապետական ընտրությունների ժամանակ: Ս. Մարտիրոսյանի այս մեկնաբանությունները վերաբերում են թե ընտրական գործընթացների ժամանակ կուսակցությունների ցուցաբերած ակտիվությանը, թե առհասարակ` քաղաքական առումով պասիվ շրջանում նրանց համացանցային գործունեությանը: Պատկերը նույնն է, պարզապես ընտրությունների ժամանակ իրավիճակը թեժանում է:
Ինտերնետում քաղաքական ուժերի ներկայության, նրանց համացանցային գործունեության և ընտրությունների մասին Ս. Մարտիրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել «168 Ժամ» թերթի վաղվա համարում: