Բաժիններ՝

Ինչպե՞ս են կրճատում գիտության ֆինանսավորումը

Դեռևս այս տարվա փետրվարին երիտասարդ գիտնականները հավատում էին, որ ՀՀ քաղաքական ուժերից շատերը կիրականացնեն նախընտրական շրջանում տված խոստումները` կավելացնեն գիտության ֆինանսավորումը:

Երեկ, սակայն, ԱԺ-ում գիտության ոլորտի բյուջետային հատկացումների մասին քննարկումները փաստեցին ճիշտ հակառակը: Ժամանակին քաղաքական որոշ ուժեր գիտնականներին նույնիսկ հավաստիացնում էին, թե կպահանջեն, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ՀՆԱ-ի 3%-ի չափով: Գիտնականները, հասկանալով, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոստումներն անիրատեսական են, նրանց հակադարձում էին, թե բավարար է նույնիսկ գիտության ֆինանսավորումը ավելացնել ՀՆԱ-ի 1%-ի չափով:

Այսօր ամենացածր վարձատրվող սոցիալական շերտը, թերևս, գիտնականներն են, հատկապես` ակադեմիական համակարգում աշխատողները, որոնց միջին աշխատավարձը 65-70 հազար դրամ է, բուհերում դասավանդող գիտնականների վիճակը համեմատաբար լավ է, քանի որ այնտեղ վճարովի ծառայություններ կան ուսման հետ կապված, և պրոֆեսորներն այնտեղ երեք անգամ ավելի շատ են վարձատրվում, քան ակադեմիական համակարգում աշխատողները:

Ժամանակին, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն էր, «զավեշտալի և նոնսենս» է համարել այն փաստը, որ գիտաշխատողը ՀՀ-ում կրկնակի ցածր աշխատավարձ է ստանում, քան կրթական հիերարխիայում ավելի ցածր կանգնած հանրակրթական դպրոցի ուսուցիչը: «Նոնսենս է, որ գիտաշխատողն ուսուցչից կրկնակի ցածր աշխատավարձ է ստանում»,- ասել էր նա` առաջարկելով բարձրացնել գիտնականների աշխատավարձերը:

Մինչդեռ երեկ ՀՀ Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով պարզ դարձավ, որ գիտությունը կֆինանսավորվի ՀՆԱ-ի 0,246%-ով: Իսկ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հաջորդ տարվա բյուջեի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը գերազանցում է 1 մլրդ դրամով (2013թ. պետբյուջեով գիտությանը հատկացվել է 11,2 մլրդ դրամ):

Բայց զավեշտալին այն էր, որ ներկայացված բյուջետային նախագծով գիտությանը հատկացված գումարը 243մլն դրամի պակասորդ է տվել: «Ես նորից երաշխավորել եմ Կառավարության անունից, որ գիտության համար օրենքով երաշխավորված ֆինանսավորումը բյուջեի վերջնական տարբերակում կլինի այնպիսին, որ պետք է լինի` ըստ օրենքի: 243 մլն դրամի տարբերություն է առաջացել այս պահին նախագծի և օրենքով երաշխավորված ծավալի միջև, որովհետև ծրագրերը ներկայացնելուց հետո բյուջեի եկամտային մասի ավելացումներ են տեղի ունեցել, և առաջացել են այդ տարբերությունները, որը ծրագրերով ապահովելու համար` աշխատում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, մինչև վերջնական տարբերակում վերականգնենք այդ ֆինանսական ծավալը և կոնկրետ ծրագիր առաջարկենք այդ ծավալով իրականացնելու համար»:

Հարցին, թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, նախարարը պատասխանեց. «Երբ կլինի` կիմանանք»: Նշենք, որ ՀՀ-ում ակադեմիական ոլորտի գիտնականների թիվը փոքր է, ուստի որևէ բյուջետային ծանրաբեռնման մասին խոսք գնալ չի կարող` գումարները մեծ չեն, պարզապես ցանկություն է պետք խոստումը կատարելու համար: Ընդ որում, սա կարևոր է այն իմաստով, որ Հայաստանի կառավարությունն, արդեն քանի տարի, գիտությունը գերակա ոլորտ է հայտարարել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած իրենք առաջարկություններ պետք է անեն, բայց բոլորն էլ տեսնում են Կառավարության տրամադրվածությունը հարցի նկատմամբ: Մեր հարցին, թե նախընտրական շրջանում «Ժառանգությունը» ևս հանդես էր եկել գիտության ֆինանսավորման ավելացման մասին խոստումներով, և հիմա ի՞նչ եղան այդ առաջարկ-խոստումները, պատգամավորը պատասխանեց. «Մենք հետևողական ենք, ինչպես գիտեք, մեր ծրագրի մեջ էլ է դա ամրագրված, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Կառավարության տրամադրվածությունը բացարձակապես չի համընկնում մեր տրամադրությունների հետ:

Ոչ թե բյուջե չունեն, այլ Կառավարությունը մեկօրյա Կառավարություն է` չի մտածում պետության կայունության մասին, մտածում է` այսօր սպառի բոլոր այդ խնդիրները` մեկօրյա, մեկժամյա Կառավարություն է: Ես ուղղակի ասեմ` պետք է մարզպետներին կրճատել, նախագահի հաստիքը կրճատել` իր ամբողջ աշխատակազմով, և այդ ամբողջ գումարներն ուղղել դեպի գիտություն»: Զ. Փոստանջյանը, սակայն, չասաց, թե կոնկրետ ի՞նչ առաջարկություններով հանդես կգան իրենք:

Ըստ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի` գիտության ոլորտի առաջնահերթ խնդիրը արժանապատիվ ֆինանսավորման ապահովումն է: «Եթե Դուք ասում եք, որ 50-60 հազար դրամով այլ գիտական արդյունք կարելի է ստանալ, ապա չի լինի դա»,- ասում է պատգամավորը` առաջարկելով արտոնություններ սահմանել այն հարկատուների համար, ովքեր իրենց բիզնես-պլանով ծախսերի 20%-ը կուղղեն գիտական արդյունքների օգտագործմանը:

«Գիտնականներին մենք նեղացնելու իրավունք չունենք, որովհետև այս պահին մենք ոչինչ չենք տալիս, բացի չնչին, նույնիսկ նվազագույնը չերաշխավորող գումարներից, ավելի լավ է` մենք մեզ նեղացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս