Ամենակարճ ճանապարհը. Նիկոլա դե Ստալ
(էսսե)
Անհամբերությունն ու կենտրոնացումն առավելագույն են:
Սկզբում, ճնշված ուժերի ավելցուկից, նա ողջ քաշով ընկնում է միջնորմի վրա, որի ետևում զմռսված է, իր ողջ հզորությունն ուղղում է հզորության դեմ, որը կեցած է ընդդեմ, և նրան փոքրացնելով` ահագնանում է գրոհներով, ցատկերով, որոնց հետևում է նվազումը` և նոր նետումն առաջգ այնպես որ, մուգ կտավի կամ թղթի էջի վրայով սահում է հանգույցը և այնքան ավելի ամուր է ձգվում, որքան ցասումնալի է նա ետ մղվում, մինչև որ մահացու մտրակի:
Նետված հարցը պատերից ետ է թռչում և խփում է ձեռքին, որը հընթացս որսում է այն և դարձյալ նետում: Ժամանակավոր զետեղարանի ջերմության մեջ, հանքահորի մթության մեջ, մինչև եղունգների ծայրը զգացված, ցմրուր ընդունված, հասունանում է անհաջողությունը:
Միաձույլ գիշերը նահանջում է, կտավը գրավում են օրվա գույները: Գիծը թղթի վրա կոտորակվում է, ցրվում է պեծկլտալով, որպեսզի ծանրանա, ձուլվի և ձգվի նոր մագնիսական դաշտում:
Վրձնահարվածի բազմապատկված զարկը, մակերևույթը դրսևորող կոտրված գիծը:
Կարծես տարածությունն այստեղ բացվում է միայն կոտրվածքով, պատասխանում է սոսկ խզմանն ու շտրիխի մասսնատմանը, ի հայտ է գալիս դատարկության ազատ շրջապտույտից` բեկորների միջև, անցքերի միջից, ֆորմաների և բաժան-բաժան գույների միջև:
Խույս տալով մասնատումից, գծերը հրաժարվում են ուրվագծել, ամրագրել (սահմանափակել, մահացնել) առարկան, որի ետքից վազում են: Չկանխատրամադրված բեկվածքների, դանդաղկոտության, կարճառոտության բեկորները, այն հետևում է ֆորմայի դողդողոցներին, հսկում է դատարկությունները, ահով և առանց քաշվելու` խուսափելով այն ամենից, որ ձգտում է նրան կտրել տարածությունից և պահել նրանում:
Համարձակությունը, անկաշկանդվածությունը, գունավորված գծի ինքնիշխանությունը բեկորների միջև, շնչում է ճեղքվածքներում:
Գիծը հանգեցված է բաղկացուցիչ մասերի, գրաֆիկական միասնությունների, միավորող կետերի: Միայն թե հասնել ավելի ակնառու շարժունակության և ազատությանգ Մատերիան պահպանում է անթափանցությունն ու ամրությունը` կոտրված է, բայց պահպանված ծանրակշիռ կտորների տեսքով, ոչ մեծ սրանկյուն հատվածներով, շուրջբոլորը սփռած ուժով և քամու սառցե ասեղների վրա ամրացրած:
Որպեսզի իրականությունը դարձնես նման և հաղորդելի, այն պետք է կապես տարածությանը: Որսաս այն խզման կետում, տարերքի հետ միաձուլման կետում, որը նրան կրում և սնում է: Ոչ թե վաղանցիկ զգացողությունը, այլ քննադատական պահը նրա տեսանելի արտահայտման մեջ:
Լույսը, որ այդ դաշինքը ամրագրում է դրոշմվածքով, հենց ինքն աչքի առաջ ցաքուցրիվ է լինում, և նրա շողերը բեկվում են մի լեռից դեպի այլ մեկը, բլրակից դեպի տերևը, աշտարակից դեպի ծովը:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ