«Հանրապետության տարածքում ոչ մի հիվանդ կենդանի չկա». Գրիշա Բաղյան
«ՀՀ տարածքում չկան հիվանդ կենդանիներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկա հայտարարեց ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը: «Սիբիրախտի մասին լուրերը շատ են տարածվել: Այն գյուղատնտեսական կենդանիների սուր վարակիչ հիվանդություն է: Հիվանդությամբ վարակվում են բոլոր խոտակեր կենդանիները, հազվադեպ դեպքերում` շները, կատուներն ու որոշ գազանների տեսակներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս` ՀՀ տարածքում հայտնաբերվեց սիբիրախտով հիվանդ կենդանու դեպք: Այս հիվանդությունը տարածված է շատ երկրներում, այդ թվում` Անդրկովկասի մի շարք երկրներում և Հայաստանում»,- ասաց Գրիշա Բաղյանը:
Նշենք, որ վերջերս Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի բնակիչների եղջերավոր անասունների շրջանում հայտնաբերվել էր սիբիրախտ հիվանդությունը: «Գյուղնախարարությունը հանրապետության ողջ տարածքում պատվաստում և հսկողություն է իրականացնում շուրջ 12 հիվանդությունների դեմ: Վարդենիսի շրջանի ողջ անասնագլխաքանակը դեռ ամիսներ առաջ պատվաստված է եղել: Իսկ հիվանդությունը հայտնաբերելուց հետո կրկին պատվաստում է իրականացվել: Հայտարարվել է կարանտին, սահմանվել է հսկողություն, ոչ այն պատճառով, որ վարակված կենդանիներ շատ կան, այլ այն պատճառով, որ պատվաստված կենդանիների մսեղիքն օգտագործելը մինչ պատվաստման 14-րդ օրը, չի թույլատրվում»,- ասաց Գրիշա Բաղյանը:
Հարցին`արդյո՞ք առաջին պատվաստումն անարդյունավետ էր, քանի որ հետագան ցույց տվեց, որ բացիլն, այնուամենայիվ, կենդանիների օրգանիզմում կա, Գրիշա Բաղյանը պատասխանեց. «Ողջ գլխաքանակը պատվաստված է եղել: Ուղղակի պատվաստված կենդանիներն այդ ընթացքում վարակվել են երկրորդ հիվանդությամբ, ինչը թուլացրել է կենդանիների դիմադրողականությունը և կենդանիների օրգանիզմում գլուխ է բարձրացրել սիբիրախտ հիվանդությունը: Այդ հիվանդության սպորը հատկապես գլուխ է բարձրացնում աշնանն ու գարնանը, երբ խոտը բավարար բարձրության չի լինում: Այն կարող է հողի, կերի հետ մտնել կենդանու օրգանիզմ և այնտեղ գլուխ բարձրացնել: Ինչպես 10 օր առաջ կատարված պատվաստումը, այնպես էլ մայիս ամսվա պատվաստումը կատարվել են ըստ պահանջի և հարկի»,- ասաց ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը: