Բաժիններ՝

Լրանում է ֆրանսահայ աստղագետ Հակոբ Թերզանի 85-ամյակը

Հոկտեմբերի 31-ին լրանում է ֆրանսահայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանի 85-ամյակը: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ: Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին Կոնստանտնոպոլսում (Ստամբուլ):

Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945` մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949` աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին` որպես օգնական աստղագետ, հետագայում` գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:

Թերզանի աշխատանքները հիմնականում վերաբերում են փոփոխական աստղերին, աստղակույտերին և աստղերի ֆիզիկայի հարցերին: Սկսած 1963թ. նա դիտումներ է կատարել աշխարհի մի շարք կարևորագույն դիտակներով: Հայտնաբերել է 710 փոփոխական աստղ հայտնի 14 գնդաձև աստղակույտերի հարևանությամբ, 11 նոր գնդաձև աստղակույտ (Թերզանի աստղակույտեր, անվանվում են Թերզան 1 և այլն մինչև Թերզան 11), 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա, 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ: Հետագայում պարզվեց, որ Թերզանի հայտնաբերած այդ գալակտիկաները կազմում են Օձակրի համաստեղության գալակտիկաների կույտը, ինչպես նաև` Աղեղնավորի-Օձակրի գերկույտը, որն ըստ էության հայտնաբերվեց Թերզանի շնորհիվ:

Բոլորովին վերջերս եվրոպական աստղագետների կողմից կատարված դիտումների հիման վրա պարզվեց, որ Թերզան 5 աստղակույտը հանդիսանում է Մեր Գալակտիկայի կենտրոնի հիմնական գոյացություններից մեկը, որի հիման վրա «կառուցվել է» Գալակտիկան: Այն ըստ էության նախագալակտիկա է, որը միանալով Ծիր Կաթնին կազմել է նրա կենտրոնական մասը: Նշված աշխատանքների արդյունքում Թերզանը հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված կարևորագույն աստղագիտական հանդեսներում: Թերզանը լուրջ ներդրում ունի նաև աստղագիտական սարքերի մշակման գործում (խավարումների համեմատման սարքեր և լուսաչափեր):

Նա նաև զգալի ավանդ ունի խմբագրական և կազմակերպական աշխատանքներում: Թերզանը Միջազգային աստղագիտական միության (1967), Եվրոպական աստղագիտական ընկերության և Ֆրանսիայի աստղագետների ազգային միության (1964) անդամ է: 1968-1978-ին եղել է Լիոնի աստղագետների ընկերության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի (1977), Ֆրանսիայի կրթության նախարարության (1979) մրցանակների, Ֆրանսիայի ԳԱ պսակավոր դափնեկրի տիտղոսին (1988) և մի շարք մեդալների: Հակոբ Թերզանը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան, այդ թվում գործնական այցերով Բյուրականի աստղադիտարան 1971, 1973, 1977, 1984 և 1989 թթ.` դիտումների, գիտաժողովներին մասնակցելու և գիտական քննարկումների նպատակով:

 Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս