Հայաստանում կա՛ն «էլիտար» և «հիերարխիկ» կոռուպցիոն դրսևորումներ
Օրերս մամուլում հրապարակվել էր «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի տեսակետը, ուր նա կարծիք էր հայտնել, թե Հայաստանի քաղաքական էլիտան չպետք է օրենքից վեր դիտվի: Սակայն հարց է ծագում, թե արդյոք Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները շարունակու՞մ են մնալ կրթության և դատաիրավական համակարգի ոլորտները, արդյոք պատկերը փոխվե՞լ է և, ընդհանրապես, որոնք են կոռուպցիայի ընկալման առավել ժամանակակից ընկալումները:
Ըստ Վ. Հոկտանյանի՝ ԱՊՀ երկրների շարքում ամենակոռումպացված ոլորտները շարունակում են մնալ դատաիրավական, կրթական համակարգերը, ի տարբերություն Արևմուտքի: Արևմուտքում ներկայում առավել կոռումպացված են համարվում կուսակցությունները: Աշխարհի շատ երկրներում ի հայտ են գալիս կոռուպցիոն դրսևորումների նոր ընկալումներ, այսպես ասած` «էլիտար կոռուպցիա»:
Կա՞ արդյոք «էլիտար կոռուպցիա» Հայաստանում» հարցին «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պատասխանը միանշանակ է. «Իհարկե կա»:
2010-2011 թթ. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը էլիտար կոռուպցիայի մակարդակով 180 երկրների շարքում կիսում է 129-ից 133 տեղերը: «Վիճակը ծանր է, բայց անմխիթար չէ»,- ասում է Վ. Հոկտանյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար էլիտար կոռուպցիոն երևույթները բացահայտվում են հաջորդ իշխանությունների ժամանակ, չնայած կան երկրներ, որոնց հաջողվել է մնալ իշխանության ղեկին, բայց պայքար մղել էլիտար կոռուպցիայի դրսևորումների դեմ: Օրինակ` Սինգապուրի դեպքում, ուր հետևողական պայքարի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը անհամեմատ նվազեցին:
Էլիտար կոռուպցիայի հիմքում համակարգային կոռուպցիան է իր այսպես ասած՝ հիերարխիկ դրսևորմամբ: Որպես օրինակ նա մատնանշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեպքը: «Եթե համակարգը կառուցված չլիներ հիերարխիկ կոռուպցիոն դրսևորման մեխանիզմի վրա, ապա համակարգը լիարժեք չէր գործի, կսկսվեին թոշակների վճարումների ուշացումներ և այլ երևույթներ»,- ասում է Վ. Հոկտանյանը:
Ըստ բանախոսի՝ էլիտար կոռուպցիայի հիերարխիկ դրսևորումների ամենածանր երևույթը բյուջեի մսխումները, ատկատները, բյուջեի փոշիացումներն են, որոնց մասին այսօր մեր երկրում խոսվում է բարձրաձայն:
Չնայած դեռևս հստակ ուսումնասիրություն չկա, բայց մոտավոր հաշվարկներով՝ էլիտար կոռուպցիոն երևույթը ձևավորվել է 2005 թ., երբ գործարարներին հաջողվեց միջամտել օրենսդրական գործունեությանը և ընդունել տալ օրենքներ, որոնք բխում էին իրենց սեփական բիզնեսի շահերից:
«Աշխարհընկալման տեսանկյունից նախկին Խորհրդային Միության երկրներն ընկալվում են որպես ամենակոռումպացվածները այս տարածաշրջանում, բացի Էստոնիայից, և այդ ֆոնին Հայաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան Ռուսաստանում, Ադրբեջանում և Միջինասիական Հանրապետություններում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ անելիքներ չկան»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի ձևերին, ապա այն արմատախիլ անելու երկու ճանապարհ կա` ավտորիտար և ժողովրդավարական ճանապարհներով: «Հայաստանը, եթե գնա Սինգապուրի ճանապարհով, որը համարվելով ավտորիտար երկիր կարողացավ կտրուկ նվազեցնել էլիտար կոռուպցիայի մակարդակը, ապա պետք է պատժի նաև բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներին, մերձավորներին, որոնք ներգրավված են էլիտար կոռուպցիոն գործընթացներում և կարողանա պայքարել ու կանխել բյուջեի մսխումները, ատկատները, զսպել խոշոր տնտեսվարողների գործողությունները, որոնք սկսում են թելադրել օրենքներ և միջամտում երկրի կառավարմանը»,-համոզված է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: