Բաժիններ՝

Թերթով կարելի է և ճանճ սպանել

Սակայն թերթի հիմնական արժանիքը, այդուհանդերձ, այլ է

Երբ մտերիմներիցս մեկից հետաքրքրվում եմ` ընթերցե՞լ է այս կամ այն հոդվածը, սառնասրտորեն կրկնում է նույն տեքստը. «Թերթի կիրառության բազմաթիվ ձևեր կան: Թերթն ընթերցելը կիրառության վերջին, հուսահատ ձևն է»: Սա ցինիկ ու անարդար հայտարարություն է:

Որպես առարկությանս ապացույց` կարող եմ տալ իմ պրոֆեսիոնալ ու բարեխիղճ գործընկերների անունները` Էդիկ Բաղդասարյան, Արմեն Դուլյան, Աննա Իսրայելյան, Լուսինե Ստեփանյան, Սուսան Բադալյան, Հայկ Գևորգյան, Նունե Հախվերդյան, Դիմա Պիսարենկո…

Թեև ինքդ քեզ էլ չես խաբի` լրագրողական դաշտում առավել շատ են պատահական, ոչ պրոֆեսիոնալ ու իրենց մասնագիտությունը չհարգող լրագրողները:

Այսօր հոկտեմբերի 16-ը չէ (Հայկական մամուլի օրը) և ոչ էլ մայիսի 3-ը` Մամուլի ազատության միջազգային օրը: Պարզապես ընթերցեցի «Առավոտ» առցանցի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանի «Դեռ նոր մտած քաղաքական դաշտ, բայց հին մոտեցումներո՞վ» գրառումը` «Առավոտի» կայքում:

Սա էլ առիթ դարձավ` ևս մեկ անգամ անդրադառնալու մեր լրագրողական դաշտին: Երիտասարդ ինչ-ինչ գործիչ չի ցանկացել հարցազրույց տալ տվյալ դեպքում «Առավոտի» լրագրողին` իր մերժումը հիմնավորելով հոդվածների` իր համար ոչ ընդունելի վերնագրերով: Լրատվամիջոցների հետ գրագետ աշխատելու մշակույթն ակնհայտորեն չի ձևավորվել: Դա իրականություն է: Սակայն իրականություն է նաև այն, որ մեղավորը ոչ միայն հրապարակային մարդիկ են, այլև լրագրողները` գիտելիքի աղքատիկ պաշարով, մասնագիտական անբարեխղճությամբ:

Այսօր ինքս էլ, որպես ընթերցող, մամուլում հոդվածներն ընթերցում եմ ոչ թե վերնագրից կամ բովանդակությունից հետաքրքրված, այլ ստորագրությանը ծանոթանալուց հետո միայն:

Ունի՞ լրագրողն ինտելեկտ, գրագե՞տ է, բավականաչափ բարեկի՞րթ է, հարգո՞ւմ է իր աշխատանքը: Կարծում եմ, սրանք այն պարտադիր բաղկացուցիչներն են, որ թույլ են տալիս լրագրողին կատարել իր առաջ դրած ամենակարևոր խնդիրը` նյութը ներկայացնելիս` լինել անաչառ: Ինֆորմացիայի սով ունեն բոլոր կայքերը:

Սակայն անգամ տրիվիալ ասուլիսը կարելի է վիրտուոզ ներկայացնել և ամենահետաքրքիր թեման դարձնել ահավոր ձանձրալի: Բայց եթե միայն խոսքը լիներ նյութի գեղագիտական արժեքի մասին: Երբ տվյալ գործչին վարկաբեկելու համար գրում են, թե նա մազերը ներկում է, սա հարված է ոչ թե տվյալ քաղաքական գործչին, այլ լրագրությանը` առհասարակ:

Տակավին վերջերս ինքս բախվեցի մեր լրագրության դաշտի ամենամեծ խնդրին` ոչ օբյեկտիվ, ոչ գրագետ լրատվությանը:

Լրատվամիջոցներից մեկը պետական չինովնիկներից մեկի հետ հարցազրույց էր հրապարակել իր կայքում և թերթում: Հոդվածագիրն արծարծել էր ոլորտի հետ առնչվող ընկերություններից մեկի անունը` նրա ղեկավարին վերագրելով խոսքեր, որոնք երբևէ չի արտաբերել, որպես ճշմարտություն ներկայացնելով իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկություն:

Լրագրողն իր փոքրիկ նյութի մեջ երեք հղում էր արել: Հղում առաջին` «ըստ որոշ աղբյուրների»: Հղում երկրորդ` «ըստ շրջանառվող լուրերի»: Հղում երրորդ` «ըստ լուրերի»:

Ընկերության ղեկավարը նույն օրն իսկ ուղարկել էր հերքման տեքստը: Կայքը, որը նաև սեփական տպագիր միջոցն ունի, «սրբագրել» էր պատասխանը և արդյունքում` թերթում տպագրել կոնտեքստից դուրս մի տեքստ: Բացարձակ արհամարհելով «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքը` իր կայքում հերքման տեքստը այդպես էլ չի զետեղել: (Ինքս տիրապետում եմ այս գործի հետ կապված ողջ տեղեկատվությանը, գիտեմ բոլոր մանրամասները, հետևաբար` ինձ թույլ եմ տալիս գրել այս մասին):

Կարելի է դատի տալ լրատվամիջոցին, եթե ժամանակ ու լրացուցիչ էներգիա ունես: Եվ անմիջապես օրվա թեմա կդառնա, թե ինչպիսի քաղաքական հալածանքների և հետապնդումների է ենթարկվում տվյալ լրատվամիջոցը:

Հասկանալի է, որ այս պատմությունից տուժած, հետևաբար` զայրացած, հիասթափված մարդիկ կունենան լրագրողներին չվստահելու լուրջ հիմնավորում, կնախընտրեն հեռու մնալ լրատվամիջոցներից` առնվազն մի քանի մղոն: Ինչպես պետական չինովնիկներն են չարաշահում իրենց պաշտոնական դիրքը, այնպես էլ որոշ լրատվամիջոցներ են դառնում բութ գործիք, որոնցով կարելի է հարվածել այս կամ այն քաղաքական գործչի կամ ցանկացած մեկի արժանապատվությանը:

Ակնհայտ վիրավորանքները, զրպարտությունները մարդկանց կարող են հունից հանել: Սակայն մենք` լրագրողներս, ակնկալում ենք, որ անգամ վիրավորված արժանապատվությամբ, սակայն մեր հոդվածների հերոսները մեզ հետ բարեկիրթ վարվեն:

Վարվում ես բարեկիրթ` ներկայացնում ես հերքման տեքստը` օրենքին համապատասխան ձևով և ժամկետում, լրատվամիջոցը չի տպագրում: Զայրանաս, ինչ-որ ավել բան ասես, ողջ մամուլը կհեղեղվի լուրերով, թե այսինչը սպառնաց լրագրողինգ

Ինչպես բոլոր ոլորտներում` լրագրության ասպարեզում էլ կան բարեխիղճ մասնագետներ և սիրողական մակարդակը չգերազանցած լրագրողներ: Ցավոք, նրանք էլ պատճառ են դառնում, որ անգամ դասականները այդքան քամահրանքով վերաբերվեն մեր` այնքան հետաքրքիր ու կարևոր մասնագիտությանը: 1878 թվականին է գրել իր «Թղթակիցը» արձակ բանաստեղծությունը Իվան Տուրգենևը:

Երկու ընկեր նստած են սեղանի շուրջ ու թեյում են: Փողոցում անակնկալ աղմուկ է բարձրանում: Լսվում է նախ` թախանձագին խնդրանք, ապա քրքիջ ու պինդ հայհոյանք:

– Ինչ-որ մեկին ծեծում են,- ասում է ընկերներից մեկը` պատուհանից դուրս նայելով:

– Մարդասպա՞ն է: Հանցագո՞րծ: Լսի՛ր, ով էլ լինի, չպետք է թույլ տալ նման հաշվեհարդար: Գնանք օգնելու:

– Մարդասպանի՛ չեն հարվածում:

– Մարդասպան չէ՞: Ուրեմն գողի՞: Միևնույն է, գնանք, փրկենք նրան ամբոխից:

– Գող էլ չէ:

– Գող չէ՞: Ուրեմն գանձապահ է, երկաթուղային, ռազմական առաքիչ, բարեգործ, փաստաբանգ Ամեն դեպքում, գնա՛նք նրան օգնելու:

– Ո՛չ: ծեծում ենգ թղթակցի:

– Թղթակցի՞: Դե, գիտե՞ս ինչ, արի նախ մեր թեյը խմենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս