Հոկտեմբերի 27. մոռացվող տարելից

Հոկտեմբերի 27-ի 13-րդ տարելիցն այս անգամ, նախորդ տարիների համեմատ, մեկ առանձնահատկություն ուներ, որն առանձնապես ուշադրության չարժանացավ: Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից որևէ մեկը շաբաթ օրը չայցելեց Եռաբլուր և «Կոմիտասի» անվան պանթեոն: Ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձնապես չէին այցելել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շիրիմներին` հարգելու նրանց հիշատակը: Հայաստանի Հանրապետության իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ հոկտեմբերի 27-ին այցելել էր Եռաբլուր պանթեոն, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր:

Իհարկե, վերը նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրը կարող է որևէ հիմնավորում ներկայացնել, թե ինչու այդ օրը չէր այցելել Հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին: Ասենք, Սերժ Սարգսյանն այդ օրը Դիլիջանում էր, հանդիպում էր մտավորականների հետ, Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ի բակում էր հարգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, Տիգրան Սարգսյանի պաշտոնական կայքէջում այդ օրվա մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա:

Բնականաբար, Հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին այցելելով կամ չայցելելով չի արտահայտվում նրանց նկատմամբ վերաբերմունքը, և խոսքն անձնական, զգայական հարթության մասին չէ: Խնդիրն այն է, որ պետական-պաշտոնական արարողակարգը, բացի ձևականություններից, նաև որոշակի ուղերձներ` «մեսիջներ» պարունակող ինստիտուտ է: Եվ այդ առումով այս կամ այն այցը, ինչպես նաև՝ այցի բացակայությունը, որոշակի արձանագրումների տեղիք կարող է տալ:

Իսկ այդ արձանագրումն, ինչպես նշեցինք, այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը Հոկտեմբերի 27-ի տարելիցը ոգեկոչում է Էդուարդ Շարմազանովի մակարդակով: Կարելի է, իհարկե, դրա ետևում տարբեր ենթատեքստեր փնտրել, գուցե իսկապես կլինեն նաև ենթատեքստեր: Սակայն, կարծում ենք, դա վկայում է ոչ այնքան ինչ-ինչ ենթատեքստերի, որքան այն մասին, որ Հայաստանի իշխանությունը «Հոկտեմբերի 27-ի էջը փակված է համարում»:

Ֆորմալ առումով, դա, իհարկե, այդպես է, սակայն հանրային ընկալման, հավատի տեսանկյունից՝ Հայաստանում դժվար է գտնել մեկին, ում համար արժանահավատ է «կազմակերպիչների բացակայության» վարկածը: Անգամ իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է ասում, որ «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի այն ժամանակ, երբ Հայաստանը հզոր պետություն դառնա: Այսինքն` խոստովանում է, որ իրեն ևս չի բավարարում «Հոկտեմբերի 27»-ի գործի «պաշտոնական վարկածը»: Սակայն, այդքանով հանդերձ, իշխանությունը` ամենաբարձր մակարդակով, այդ էջը համարում է փակված: Հետաքրքիր է` ինչո՞ւ:

Ժամանակն, իհարկե, բուժում է վերքերը: Անձնային, անհատական մակարդակում գուցե ժողովրդական այս մխիթարանքը երբեմն գործում է: Սակայն պետական մակարդակով կատարված ու իրականում չբացահայտված հանցագործության պարագայում «ժամանակին տուրք տալը» ոչ թե՝ բուժում, այլ ավելի է խորացնում պետությանը հասցված վերքը: Հայաստանը ներկայիս, մեղմ ասած, անմխիթար վիճակում է նաև Հոկտեմբերի 27-ի պատճառով: Անմխիթար ասելով, տվյալ դեպքում, ամենևին սոցիալ-տնտեսական վիճակը նկատի չունենք: Խոսքը բարոյահոգեբանական մթնոլորտի, վստահության, հանդուրժողականության, հավատի մասին է:

 

Տեսանյութեր

Լրահոս