Գալուստ Սահակյանը կտեսնի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումը
13 տարի առաջ այս օրը` հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում գնդակահարվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, կառավարության և խորհրդարանի ևս վեց անդամներ: Չնայած ահաբեկչության հեղինակները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, սակայն հանրության մեջ հիմնավոր կասկածներ մնացին, որ քննությունն այդպես էլ չկարողացավ բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկն է այն մարդկանցից, ով անընդհատ հայտարարում է, թե Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչները դեռ պետք է բացահայտվեն: Մեր զրույցը նրա հետ այդ հարցերի շուրջ է:
– Դուք անընդմեջ կրկնում եք, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ուներ կազմակերպիչներ, արդյոք նման բան հայտարարելու համար ունե՞ք հիմքեր, գուցե դուք ինչ-որ բան ձեզ համար պարզել եք, որը հիմք է տալիս նման հայտարարություն անելու:
– Նախ ասեմ, որ 1999թ. հավատի տարի էր մեր ժողովրդի համար, և այդ հավատի արդյունքում ձևավորված իշխանությունը գլխատվեց: Այո, բազմիցս եմ ասել, որ երբ կունենանք այն Հայաստանը, որը երազում էին կերտել մեր նահատակները, այդ օրը զոհվածները, այսինքն` ուժեղ Հայաստան, այն ժամանակ էլ հնարավոր կլինի պարզել թե օտար ափերից որ կողմից էր հարվածը, քանի որ ոճրագործներն ընդամենը գործիք էին ինչ-որ մեկի ձեռքին:
– Ուզում եք ասել, որ Հայաստանն այնքան թույլ է, որ հնարավորություն չունի բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին: Կամ ահաբեկչության կազմակերպիչներն այնքան ուժեղ են, որ Հայաստանը վախենում է նրանց մասին խոսել:
– Խնդիրը ոչ թե Հայաստանի թուլությունն է, քանի որ Հայաստանը և հայերը երբեք թույլ չեն կարող լինել, այլ խոսքը վերաբերում է այնպիսի պետություն ունենալուն, որն այնքան հզոր կլինի, որ կարողանա բացահայտել հզոր աշխարհներից եկած հարվածը:
– Ինչո՞ւ եք համոզված պնդում, որ կազմակերպիչները դրսում են, և ոչ թե ներսում:
– Կազմակերպիչները չէին կարող ներսում լինել, քանի որ դա ուղղված էր ոչ թե անձերի դեմ, այլ պետության դեմ, իսկ ներսում ոչ ոք չէր կարող շահագրգռված լինել պետության թուլացմամբ:
– Փորձե՞լ եք վերլուծել, հասկանալ, թե ո՞ր օտար ափերից, ո՞ր երկրից կարող էր լինել հարվածը:
– Միգուցե մտածել եմ, միգուցե հանրագումարի եմ եկել, բայց առանց լուրջ ապացույցներիչեմ պատրաստվում որևէ պետության մեղադրանք ներկայացնել: Համենայն դեպս, իմ համար պարզ է, թե հարվածը որ աշխարհից եկավ:
– Ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանն այդ աշխարհի հետ: Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ ահաբեկչություն կազմակերպած պետության հետ մենք կարող ենք այսօր բարեկամական հարաբերություններ ունենալ:
– Երևի ճիշտ չհասկացվեց, ես չեմ ասում, թե որևէ պետություն հենց պետական մակարդակով նման ոճրագործություն է պատվիրել: Ես ասում եմ, որ ինչ-որ երկրից, պետությունից եկած պատվեր էր: Պետության մեջ տարբեր կառույցներ կան և տարբեր ուժեր կան:
– Մոտավորապես ե՞րբ կամ ի՞նչ ժամկետներում եք ակնկալում կազմակերպիչների բացահայտումը:
– Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ: