Գյումրի. ամենադժբախտ քաղաքը Հայաստանում
Գյումրին, թերևս, Հայաստանի ամենադժբախտ քաղաքն է՝ ոչ միայն այն պատճառով, որ այս քաղաքում միայն անցյալ դարում երկու աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել: Գյումրին ամենադժբախտն է, քանի որ, բացի բնության արհավիրքից, այս քաղաքին պատուհասում են մարդկային գործոնով պայմանավորված աղետներ ևս: Հազիվ էր Գյումրին համակերպվել Վարդան Ղուկասյանի հետ, ով սատանաներ քշելու սովորույթ ուներ և քաղաքը կառավարում էր կիսաքրեական-կիսաբարեպաշտ հասկացությունների խառնուրդով, երբ այս քաղաքը նոր փորձության ենթարկվեց`քաղաքապետ դարձավ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
Ինչո՞ւ ենք ասում՝ փորձություն, կամ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ Գյումրին հերթական անգամ ենթարկվել է նոր փորձության: Ներկայացնենք ընդամենը երեք փաստ:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամկետը լրանում էր նոյեմբերին, սակայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի պնդմամբ՝ հանրապետական իշխանությունները ստիպեցին, որ Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տա մեկ ամիս շուտ, և Բալասանյանը քաղաքապետ դարձավ հոկտեմբերի 12-ին:
Շատերին այդ ամիս-ամսաթիվը ոչինչ չի ասում, բայց դա Սամվել Բալասանյանի ծննդյան օրն ու ամիսն է: Բալասանյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին: Այսինքն՝ նա ցանկացել է քաղաքապետ դառնալ իր ծննդյան օրը, այդպիսով ինքն իրեն նվեր մատուցելով: Որևէ այլ քաղաքի կամ գյուղի համայնքապետի մտքով նման բան չէր կարող անցնել, քանի որ մարդիկ իրենց ծննդյան օրը սիրում են նշել մտերիմների և հարազատների շրջապատում, և, եթե նվերներ էլ ստանում են, ապա՝ կենցաղային, և ոչ մեկի մտքով չի անցնում քաղաքապետի պաշտոնը դիտարկել՝ որպես ծննդյան տոնի նվեր:
Բալասանյանը, թերևս, իրեն ներշնչել է, թե ծնվել է, որ քաղաքապետ դառնա: Դա նույնն է թե՝ նախագահ Սարգսյանը որոշի, որ իր երդմնակալության օրը պետք է որոշվի ոչ թե Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում, այլ կատարվի իր ծննդյան օրը:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Սամվել Բալասանյանը ստեղծել է հատուկ կազմավորում, որը զբաղվում է Գյումրիի փողոցների և շենքերի լուսա և տեսանկարահանմամբ: Նկարահանում են ամեն ինչ. բաց լյուկերը, քանդված փողոցներն ու մայթերը, վթարային շենքերը: Բալասանյանն ուզում է տեսաարխիվ ստեղծել` ցույց տալու համար, թե ինչ է ժառանգել իր նախորդից, որպեսզի հետո հնարավորություն ունենա ներկայացնել, թե ինչ է արվել իր օրոք:
Սա ևս, համաձայնեք, առողջ մտածելակերպի արդյունք չէ: Իհարկե, Գյումրիում բազմաթիվ վթարային շենքեր կան, քանդված փողոցներ և գողացված դիտահորերի լյուկեր: Դրանք կան Հայաստանի ցանկացած քաղաքում: Յուրաքանչյուր քաղաքապետ փորձում է քաղաքային բյուջեի հնարավորության սահմանում բարեկարգել քաղաքը:
Կան քաղաքապետեր, որոնք այդ բարեկարգման անվան տակ մեծ գումարներ են աշխատում, մյուսները՝ ավելի համեստ, բայց քաղաքապետի գործունեության գնահատականը տալիս են քաղաքի բնակիչները, և դրա համար ամենևին էլ կարիք չկա տեսանկարահանել ամբողջ քաղաքը: Քաղաքի բնակիչները կարողանում են առանց դրա էլ գնահատել կատարված լավն ու վատը:
Դա նույնն է, որ Տարոն Մարգարյանը նկարահաներ Մաշտոցի պողոտան մինչև ասֆալտապատումը և ասֆալտապատումից հետո, և հեռուստատեսությամբ ցույց տար, թե՝ տեսե՛ք, ինչ եմ ստացել Կարեն Կարապետյանից և ինչ եմ թողնում:
Երրորդը` Սամվել Բալասանյանի կողմից վարվող կադրային քաղաքականությունն է: Նա արդեն հասցրել է աշխատանքից ազատել քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական և մշակութային օջախների գրեթե 150 աշխատակցի: Հայաստանում քաղաքապետարանների և նրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն՝ իրենց ընտանիքներով հանդերձ, ՀՀԿ-ական են: ՀՀԿ-ական չլինեն՝ չեն աշխատի: Գյումրին թեև ամենադժբախտն է, բայց բացառություն չի կազմում: Ստացվում է, որ Բալասանյանն աշխատանքից ազատում է ՀՀԿ-ականների, և նրանք իրենց հարց են տալիս՝ եթե Բալասանյանին քաղաքապետի պաշտոնն առաջարկել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ինչո՞ւ է Բալասանյանն այդքան դաժան վարվում իր բարերարի կուսակիցների նկատմամբ: Հնարավոր է, որ Բալասանյանը հիմնավորի, թե ազատվում է Վարդան Ղուկասյանի կադրերից, քանի որ նրանք աշխատել են Ղուկասյանի օրոք, բայց գյումրեցիներից մեկն ասում է, որ այդ տրամաբանությամբ՝ պետք է քաղաքի բոլոր բնակիչներին դուրս քշի քաղաքից, քանի որ նրանք ապրել են Գյումրիում Ղուկասյանի պաշտոնավարման օրոք:
Երկրաշարժը մեծ աղետ է, այն խլում է հազարավոր մարդկային կյանքեր, հազարներին դարձնում է հաշմանդամ, իսկ մյուսներն ապրում են այդ աղետի պատճառած հետևանքների ցավով: Բայց երկրաշարժը մի աղետ է որը տևում է վայրկյաններ: Կան աղետներ, որոնք սկսվում են, ու չգիտես, թե երբ կավարտվեն:
Կամ, եթե ավարտվեն՝ չի սկսվի մի նոր, ավելի մեծ աղետ, որը թեև մարդկանց չի սպանում, շենքեր չի ավերում, բայց խաթարում է մարդու հոգևոր աշխարհը: Այս դեպքում գուցե ճիշտ է այն միտքը, որ սարսափելի վերջաբանը գերադասելի է անվերջ սարսափներից: