Բաժիններ՝

Կուտակային կենսաթոշակների փաթեթի քվեարկությունը հետաձգվում է

Այսօր Աժ-ն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքները: Առկախ մնաց վերջին օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների  ընդունման հարցը: Քվեարկությունները կիրականացվեն նոյեմբերի 12-ին մեկնարկելիք հաջորդ լիագումար նիստերում:

Քննարկվածների թվում էր նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով կառավարության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն, ինչպես և առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 13-ին քննարկելիս, այս անգամ ևս բուռն քննարկման առիթ տվեց:

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին ուղղված ընդդիմադիր պատգամավորների հարցերը, ինչպես նաև նրանց ելույթները հիմնականում վերաբերում էին ոչ այնքան առաջարկվող փոփոխություններին, այլ առավելապես կենսաթոշակային համակարգի բարեփոխումների և հատկապես` 2014-ից ներդրվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նպատակահարմարությանը:

Դեռևս 2010թ. ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, 2014թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը տարածվելու է 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց վրա: Այսինքն` այն անձանց վրա, ում 40 տարին կլրանա 2014թ., հետևաբար` այս նոր համակարգի արդյունքներն լավագույն դեպքում ի հայտ կգան 23 տարի անց, երբ կլրանա այդ անձանցից առաջինների կենսաթոշակի անցնելու տարիքը` 63 տարին:

Ընդդիմախոսներին հետաքրքրում էին պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության, հատուցման երաշխավորման և այլ հարցեր:

Մասնավորապես, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ այն պարագայում, երբ Հայաստանում «բիզնեսը և սեփականությունը կենտրոնանում են մի քանի իշխանավորների ձեռքում, կուտակային հիմնադրամների ինստիտուտի ներմուծումը նման միջավայրում կլուծի միայն մեկ խնդիր. այն կբացի նոր հնարավորություններ Հայաստանի այսօրվա իշխանավորների հարստացման և ժողովրդի ունեզրկման համար»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ կմտնեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ, և ովքեր հովանավորվում են իշխանությունների կողմից:

«Մրցակցության բացակայությունը թույլ չի տա քաղաքացիներին ընտրել իրենց միջոցների կառավարման համար ամենաարդյունավետ հիմնադրամային կառավարիչներին, որովհետև այդպիսիք ուղղակի չեն կայանա այսօրվա մենաշնորհային միջավայրում»,- վստահեցրել է Լ.Զուրաբյանը: Ըստ նրա, արդյունքում` «լավ գաղափարները կվարկաբեկվեն և միայն կբարդացնեն ապագայում նման բարեփոխումների անցկացումն իսկական բարեփոխիչների կողմից»:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս