Հայաստանի խնդիրը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ ագահ պաշտոնյաները
Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի հետ
– Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀԱՊԿ տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը: Հնչեցին տեսակետներ, որ դա վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին:
– Հայաստանը որոշում է կայացրել` իր անվտանգությունն ապահովել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով: Դա միանշանակ ճիշտ որոշում է, իսկ մնացած հարցերը պետք է համարել այս խնդրին ածանցյալ:
– Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ Հայաստանը կարող է այս արձանագրության պատճառով հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի հետ, եթե Ռուսաստանի հորդորով հակադրվի նրանց ռազմական համագործակցությանը:
– Ոչ, ես նման վտանգ չեմ տեսնում. եթե Հայաստանը հաշվարկի, որ իր ազգային շահերից է բխում ԱՊՀ անդամ որևէ երկրին համաձայնություն տալ իր տարածքում ոչ ՀԱՊԿ անդամ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղադրել, ապա Հայաստանը կարող է համաձայնություն տալ, ու վերջ: Կամ` եթե Հայաստանը հայտնվի այնպիսի վիճակում, որ այդ արձանագրության դրույթներն իրեն դնում են վատ վիճակի մեջ, ապա այնտեղ կա մեխանիզմ, ըստ որի` տեղեկացնում ես, որ չեղյալ ես ճանաչում արձանագրությունը: Այնպես որ` չի եղել իրավիճակ, որը վտանգել է Հայաստանի անկախությունը կամ ինքնիշխանությունը:
– Բայց ինքնիշխանության սահմանափակման փաստն ակնհայտ է, քանի որ Հայաստանն իր գործողությունները պետք է համաձայնեցնի ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ:
– Շատ լավ կլիներ, եթե Հայաստանն ընդունակ լիներ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը: Բայց Հայաստանի ոչ տնտեսական ներուժը, ոչ մարդկային ռեսուրսներն այսօր թույլ չեն տալիս ինքնուրույն լուծել այդ հարցը: Ճապոնիան, Գերմանիան և նման կարգի այլ երկրներ իրենց տարածքում ունեն օտարերկրյա ռազմական բազաներ, և խոսել, որ ռազմաքաղաքական դաշինքները սահմանափակում են երկրի ինքնիշխանությունը, այնքան էլ նոր բան չէ: Օտարերկրյա ռազմաբազայի ներկայությունը չի կարող չսահմանափակել երկրի ինքնիշխանությունը, բայց դու զիջում ես քո ինքնիշխանության մի մասը` հանուն քո անվտանգության ապահովման, և Հայաստանը դա արել է գիտակցված:
– Դուք ասում եք, որ Հայաստանն իր անվտանգության համակարգը կառուցել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության վրա, և դա մեզ համար ապահովում է անվտանգության բավարար երաշխիքներ: Սերբիան և Սիրիան էլ էին իրենց անվտանգության համակարգը կառուցել Ռուսաստանի հետ համագործակցության վրա, և մենք տեսանք և տեսնում ենք, թե ինչ կատարվեց այդ երկրների հետ, և որքանով է Ռուսաստանը պաշտպանում իր վրա հույս դրած երկրներին: Հնարավո՞ր է, որ Հայաստանն էլ մի օր հայտնվի այդ վիճակում:
– Երբ մենք ասում ենք, որ մենք մեր անվտանգության համակարգը կառուցել ենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության վրա, ապա դա նշանակում է` փուլեր. առաջին հերթին` պայմանագիր, որտեղ հստակ սահմանված են կողմերի պարտավորությունները: Սիրիան Ռուսաստանի հետ չուներ նման պայմանագիր, որ հարձակման ենթարկվելու դեպքում Ռուսաստանը պետք է պաշտպանի Սիրիային:
Երկրորդ, Սիրիան գտնվում է այլ տարածաշրջանում, Հայաստանը` այլ. Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները, այնպես որ, համեմատությունը կոռեկտ չէ: Մեր կարգավիճակը խիստ տարբերվում է թե Սերբիայից, թե Սիրիայից: Մենք ունենք պայմանագիր, որտեղ հստակ արձանագրված է, որ Հայաստանի դեմ ագրեսիան ագրեսիա է Ռուսաստանի դեմ: Վրաստանի դեպքերն ապացուցեցին, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կարևորագույն տարածաշրջանն է, և եթե նա չկարողանա ապահովել Հարավային Կովկասում իր ռազմավարական շահերի պաշտպանությունը, նա չի կարողանա ապահովել իր անվտանգությունը Հյուսիսային Կովկասում: Պատահական չէ, որ Ռուսաստանի ամենահզոր ռազմական օկրուգը հարավայինն է, քանի որ Ռուսաստանում հասկանում են, որ արտաքին ամենահավանական սպառնալիքը երկրին հենց հարավային ուղղությունից է:
– Ընդհանրացնելով` կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից է:
– Այո, Ռուսաստանն ինքն ապացուցել է, որ հուսալի դաշնակից է, և դրանում չարժե կասկածներ ունենալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցին մոտենանք նաև այլ տեսանկյունից: Մյուս ռազմաքաղաքական դաշինքը, որ կարող է պաշտպանել մեր անվտանգությունը, ՆԱՏՕ-ն է: Բայց արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի անվտանգության ապահովումը: Այս հարցին մենք լավ պատասխան ունենք. դա Վրաստանի օրինակն է: Մեր հարևան երկիրը, արդեն քանի տարի է, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ձգտում է անդամակցել այդ կառույցին, բայց դա նրա մոտ չի ստացվում: Իսկ ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիք չէ: Այնպես որ, այստեղ նույնիսկ մտածելու հարց չկա:
– Բայց Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէր, և եթե անդամ լիներ, այդ կառույցը հաստատ կպաշտպաներ իր անդամին:
– Իհարկե, եթե ՆԱՏՕ-ի անդամ լիներ, այլ մոտեցում կլիներ: Բայց հարցն այն է, որ Վրաստանին իր ամենամեծ ցանկության դեպքում իսկ չեն ընդունում ՆԱՏՕ և չեն էլ ընդունի: Այնպես որ, անտեղի է հնչում հարցը՝ Ռուսաստանը հուսալի՞ է, թե՞ ոչ: Ես էլ հարցնում եմ, իսկ այլ տարբերակ կա՞: Այս տարածաշրջանում ամենաապահովվածը Հայաստանի անվտանգությունն է:
Ոչ Ադրբեջանն ունի այդպիսի համակարգ, ոչ Վրաստանը: Մեր անվտանգությունը գլոբալ է ապահովված, քանի որ մենք գտնվում ենք Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո: Այսինքն, մենք գնում ենք ճիշտ ճանապարհով և առավելագույն կերպով ապահովել ենք մեր անվտանգությունը:
– Իրանի վրա հնարավոր հարձակումը կարո՞ղ է Հայաստանի անվտանգության համար լուրջ սպառնալիք դառնալ: Խոսվում է նաև այն մասին, որ Հայաստանը կարող է ենթարկվել հումանիտար աղետի՝ նկատի ունենալով այնտեղի հայ համայնքի բազմամարդությունը, որոնք որպես փախստականներ` կարող են գալ Հայաստան, ինչպես նաև` իրանցիները: Մեր անվտանգության համակարգը կարո՞ղ է պատասխանել նման մարտահրավերների, եթե մի քանի հարյուր սիրիահայերն են Հայաստանի համար լուրջ խնդիր դարձել:
– Իհարկե, տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց ազդում է Հայաստանի վրա: Սիրիայի դեպքերը, Լիբանանի, Իրանի ազդեցությունն ավելի մեծ է, քանի որ Իրանը մեզ համար շատ մեծ կարևորություն ունի թե՛ որպես տնտեսական գործընկեր, թե՛ որպես տրանսպորտային այլընտրանք: Պատմությունը ցույց է տվել, որ Իրանը մեր համար հուսալի դաշնակից է Ղարաբաղի հարցում իր ունեցած դերակատարմամբ, երբ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ էր: Այնպես որ, ցանկալի է՝ Իրան-Արևմուտք հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Իսկ եթե, այնուամենայնիվ, պատերազմ լինի, դարձյալ կան լուծումներ, որոնց միջոցով կարելի կլինի խուսափել լուրջ կորուստներից:
– Հնարավո՞ր է, որ Իրան-Արևմուտք պատերազմն Ադրբեջանն օգտագործի Հայաստանի հետ պատերազմ սկսելու համար:
– Չի կարելի բացառել ոչինչ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի: Այսօրվա իրավիճակում դա քիչ հավանական է. ես քիչ հավանական եմ համարում ինչպես լայնածավալ պատերազմը Իրանի դեմ, այնպես էլ հայ-ադրբեջանական պատերազմը: Բայց կա գլոբալ խնդիր. Արևմուտքի կարևորագույն խնդիրն է` թույլ չտալ, որ Իրանն ունենա միջուկային զենք, իսկ արևմտյան հետախուզությունների տվյալներով, մոտավորապես մեկ տարի հետո Իրանը կունենա միջուկային զենք, և այդ իմաստով չի կարելի բացառել, որ հնարավոր է ոչ թե պատերազմ, այլ լոկալ հարձակում այդ միջուկային օբյեկտների վրա: Դրա հավանականություն ես տեսնում եմ:
– Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և դրա սպառնալիքը բավական իրատեսական է: Դուք ունե՞ք ձեր պատկերացումները հնարավոր պատերազմի հետևանքների մասին:
– Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կար ժամանակ, երբ մարդիկ հայտարարում էին, որ Հայաստանը պատրաստ է զիջումների, որ պետք է ստեղծել Հարավային Կովկասի միասնական տարածաշրջան, որ ներկա թուրքերը այլևս նախկին թուրքերը չեն, որ պետք է մի կողմ դնել Ցեղասպանության ճանաչման պահանջը և պետք է գնալ հաշտեցման: Բայց ես մամուլով մի քանի անգամ եմ ասել, որ եթե մենք նույնիսկ գնանք զիջման և Ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ դնենք, դրանով հարցը չի լուծվի, որովհետև Թուրքիան ուզում է դառնալ տարածաշրջանային լիդեր:
Թուրքիան հայտարարեց, որ ուզում է ունենալ զրո խնդիր հարևանների հետ, բայց փաստացի պատերազմի մեջ է Սիրիայի և Իրաքի հետ, վատացել են հարաբերություններն Իսրայելի հետ, մյուս հարևանների հետ էլ բարելավում չկա: Խնդիրը ոչ թե մեր, այլ Թուրքիայի ամբիցիաների մեջ է:
Նույն վիճակն է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մենք մի պահ հայտարարեցինք, որ պատրաստ ենք տարածքային զիջումների, ինչին Ադրբեջանը պատասխանեց դիրքորոշման կոշտացմամբ: Գտնում եմ՝ զիջելու պատրաստակամությունը սխալ է ինչպես բանակցային, այնպես էլ պատմական և բոլոր առումներով: Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցի լուծման կամ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ոչ մի հնարավորություն չկա: Մենք հիմա պետք է զբաղվենք մեր պետության ուժեղացմամբ, ունենանք մարտունակ բանակ և մրցունակ տնտեսություն: Մեր խնդիրը հիմա այս հարթության մեջ է:
Պետք է լուծենք այս հարցերը և սպասենք հարմար պահի, երբ հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի հարցը վերջնականապես: Նորից եմ կրկնում, մեր խնդիրն արտագաղթի հարցը լուծելն է, որը ներքին հարց է, կապ չունի Ադրբեջանի կամ Ղարաբաղի հետ, դա իշխանության գործունեության հետևանքն է: Հայաստանի թշնամին և սպառնալիքը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ ագահ և ոչ կոմպետենտ չինովնիկներն ու պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում լուծել սոցիալական, տնտեսական հարցերը, ինչի պատճառով չկա արդարություն, և մարդիկ արտագաղթում են: Եթե մենք չկանգնեցնենք արտագաղթը՝ մնացած խնդիրների մասին խոսելն անիմաստ է:
– Ադրբեջանն էլ է ակտիվորեն զինվում և սպասում հարմար պահի, երբ ռազմական ճանապարհով կլուծի խնդիրը: Արդյունքում` մենք ունենք սպառազինության մրցավազք և անընդհատ շարունակվող պատերազմի սպառնալիք, որը քայքայում է Հայաստանը:
– Այո, Ադրբեջանը հասկանում է, որ այսօր ինքը հնարավորություն չունի հետ վերցնելու Ղարաբաղը, դրա համար նա պատերազմի սպառնալիքով, սահմանների վրա միջադեպեր հրահրելով` պահում է լարվածությունը, ուզում է մեզ վախի մթնոլորտի մեջ պահել` դրանով նպաստելով արտագաղթին: Նրանք չեն էլ թաքցնում և ասում են, որ 5 տարի հետո Հայաստանում կմնա 1 միլիոն մարդ, և այդ դեպքում պատերազմ սկսելը և հաղթելը կլինի շատ հեշտ:
Այսօր Ադրբեջանը զինվում է, բայց նա լրջագույն հակասություններ ունի` ինչպես Իրանի, այնպես էլ` Թուրքմենստանի հետ, և ինքն իր ռազմական բյուջեն բաժանում է այդ երեք ուղղություններով: Հայաստանն այդպիսի խնդիրներ չունի, քանի Հայաստանի սահմանները պաշտպանված են ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ ունեցած ռազմաքաղաքական պայմանագրերով: Ադրբեջանը երբեք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա: Դրա համար Հայաստանը կարող է իր ամբողջ ուժերը կենտրոնացնել Ղարաբաղի պաշտպանության վրա:
Նկատի ունեցեք, որ Հայաստանը հնարավորություն ունի վերացնել Ադրբեջանի բոլոր ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտները, իսկ Ադրբեջանը նման հնարավորություն չունի, որովհետև, եթե Ադրբեջանը փորձի հարված հասցնել Հայաստանի տարածքում գտնվող որևէ օբյեկտի, ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ի հետ ունեցած պայմանագիրը: Իսկ իրենք նման պայմանագիր չունեն:
– Ադրբեջանն էլ նման պայմանագիր ունի Թուրքիայի հետ:
– Թուրքիան կարող է պաշտպանել Ադրբեջանի տարածքը, բայց Թուրքիան չի կարող հակամարտության մեջ մտնել Հայաստանի հետ, քանի որ դա կնշանակի` ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակամարտություն, ինչը Թուրքիային ոչ ոք թույլ չի տա:
– Մի քանի ամսից Հայաստանում նախագահական ընտրություններ են: Տեսակետ կա, որ Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում:
– Դա ներքին սպառման ինֆորմացիա է, որը տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են առաջադրվել: Իմաստ չունի, որ այստեղ Ռուսաստանը որևէ մեկին հեռացնի իշխանությունից կամ որևէ մեկին իշխանության բերի, քանի որ Ռուսաստանն այստեղ ոչ մի խնդիր չունի: Ռուսաստանն ի՞նչ խնդիր ունի, որ այսօրվա իշխանությունների հետ չի կարող լուծել: Չկա այդպիսի խնդիր: Եթե գնահատելու լինենք վերջին 20 տարին, ապա Ռուսաստանը մինիմալ ձևով է խառնվել Հայաստանի ներքին կյանքին:
– Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է մասնակցելու նախագահական ընտրություններին, արդեն որոշում կայացրել եք:
– Մենք դեռ քննարկում ենք, ու, երբ որոշում կկայացնենք, անպայման կհայտարարենք:
– Հնարավո՞ր է` մասնակցեք սեփական թեկնածուով:
– Մենք նման հարց չենք քննարկել: Կուսակցությունում քննարկումներ են գնում, երբ ավարտենք, անպայման դրա մասին կտեղեկացնենք: