Բաժիններ՝

Թողած դարդը մեր

Մեր տնտեսական կյանքում ոչինչ չի կատարվում: Այսինքն` արտառոց ոչինչ չկա: Արդեն մի քանի շաբաթ է` հայրենի իշխանություններն անձնուրաց պայքարում են «ատկատի» դեմ: Ազգային վիճակագրական վարչությունն արդյունաբերական արտադրանքի երկնիշ աճ է նկարագրում (թե՞ նկարում)` 11.6 տոկոս: Սպառողական գնաճի համեստ` 2.3 տոկոսի պարագայում: Ավարտին է մոտենում գյուղատնտեսական ակտիվ տարին` կրկին երկնիշ աճի` 10.5 տոկոս ցուցանիշով: Պարզվում է` նույնիսկ արտահանումն է աճել: Աճել է միանիշ, բայց պատկառելի` ուղիղ 6 տոկոսի չափով:

Զարգացման հովվերգական պատկերը միայն ներմուծման թվերն են փչացնում: Ներմուծումը, ճիշտ է, ընդամենը մեկ տոկոսով է աճել, բայց իր ծավալով երեք անգամից ավելի գերազանցում է արտահանումներին: Այս տարի 1 մլն 32 հազար դոլարի ապրանք ենք արտահանել, բայց ներմուծել ենք 3 մլն 10 հազար դոլարի չափով: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Գյումրիի նախկին քաղաքապետին (ՀՀԿ անդամ) մեղադրում են, որ 100 հազար դրամով մեքենա է սեփականաշնորհել: Նա էլ պատասխանում է, որ ներկա քաղաքապետն էլ (ԲՀԿ անդամ) ժամանակին 400 հազար դրամով Գյումրիի գարեջրի գործարանն է սեփականաշնորհել: Պատասխանում ու ասում է, որ այդ ամեն ինչն իրականացվել է գործող օրենսդրության շրջանակներում` ավագանու որոշմամբ ու այլ անհրաժեշտ մանրուքների պահպանմամբ:

Մեքենան էլ գնել է` որպես մետաղի ջարդոն: Ջարդոնի տեղ գնել, բայց, չգիտես ինչու, տարել-պահել է պատվավոր ավտոտնակում: Հետո ի՞նչ կարևոր է` ի՞նքն է տարել, թե՞ եղբայրը: Կարևորն այն է, որ այդ ամենը եղել է օրենքի շրջանակներում: Որպեսզի տնտեսական շաբաթի պատկերը շատ տխուր չլինի, Վիճվարչությունը նույն օրենքի շրջանակներում կատարում է իր պարտավորությունը: Կատարում ու հրապարակում է, որ միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ է աճել 4.6-5.5 տոկոսով: Աճել ու համարյա 120 հազար դրամ է դարձել: Այսինքն` ամեն աշխատող ամսական աշխատավարձով կարող է «Չայկա» ավտոմեքենա գնել: Կամ չորս ամիս խնայելուց հետո կարող է որևէ գործարան գնել:

Գյումրիի գարեջրի գործարանի նման մի բան: Բայց այս լավատեսական ֆոնին բոլորովին համահունչ չէ հայրենի կառավարության վարքը: Նա նորից չի պատասխանել Հրանտ Բագրատյանի հարցապնդմանը` թե ինչի վրա են ծախսել Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլար վարկը: Դեպքն, ավելի ճիշտ, այսպես է եղել: Նախ` Հրանտ Բագրատյանն է վարկի օգտագործման մասին հարց տվել: Հետո կառավարությունն ասել է, որ վարկի մի մասը տվել է բանկերին, որ նրանք տնտեսությունը ֆինանսավորեն:

Հրանտ Բագրատյանն էլ զայրացել է, թե ինչո՞ւ է հոգեհարազատ կառավարությունը պետությանը, այսինքն` ժողովրդին, պարտքի տակ գցել ու բանկեր ֆինանսավորել: Զայրացել ու խնդրել է հրապարակել, թե որ բանկին որքան գումար է հատկացվել: Կառավարությունն էլ հորդորել է այդ հարցով դիմել Կենտրոնական բանկին: Հիրավի, պինդ տրամաբանություն է: Պարտքը վերցնի կառավարությունը: Այդ գործարքը հաստատի Ազգային ժողովը: Բայց հաշվետվություն պահանջվի ԿԲ-ից: Երբևէ իշխանությունների տարանջատում կոչվածը հենց սա է, որ մենք ու մնացած աշխարհը դեռ չենք հասկանում:

Մեր Կառավարության ու ԱԺ-ի մաս չկազմող աշխարհը: Բա հո անկեղծ-անկեղծ չե՞ն ասելու, թե որ բանկը տնտեսության վարկավորման անվան տակ ում և որքան վարկ է տվել: Հո բաց տեքստով չե՞ն խոստովանելու, որ խնդիրներ են առաջացել վարկերի վերադարձելիությունն ապահովելու հարցում: Հո ի մի չե՞ն բերելու լրատվամիջոցներում անջատ-անջատ հրապարակված փաստերը` «Հայաստան» հանրախանութի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գրավադրման դիմաց վարկավորման պատմությունները: Խոսքը կտուրը գցելն ու ժամանակ ձգելը հին հայկական սովորություն է: Երեկ համաշխարհային լրատվամիջոցներում հայտնված տնտեսական մի տեղեկատվություն բավական լուրջ հնարավորություն է ստեղծում շեղելու հասարակական հետաքրքրությունը: Շեղելու` ներքին խնդիրներից: «Այդ ես էլ կանեմ»,- Շեքսպիրի հանրահայտ հերոսին կրկնելով` ձեզ կառաջարկեմ ըմբոշխնել այդ տեղեկատվությունը:

ԱՄՆ-ը առաջիկայում դառնալու է նավթ արդյունահանող խոշորագույն պետությունը` առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից: Նավթային երկրներում ու դրանց շուրջ ապակայունություն ստեղծելու ԱՄՆ քաղաքականությունը տնտեսական հստակ պատճառներ ունի: Նավթի արդյունահանման առաջատար Սաուդյան Արաբիան 2011-ին արդյունահանել է` 11.2 մլն բարել, իսկ Ռուսաստանը` 10.2 մլն բարել օրական: Սաուդյան Արաբիայի ցուցանիշն ԱՄՆ-ը ունեցել է ռեկորդային 1985թ.: Հետագայում այն համարյա կիսով չափ կրճատվել էր:

Վերջին տարիներին, երբ համաշխարհային շուկայում աճեց նավթի գինը, ԱՄՆ-ը նորից սկսեց արդյունահանումն իր հյուսիսային շրջաններում: Նոր տեխնոլոգիաներն ու բարձր գինն առաջիկա տարիներին կնպաստեն նրան, որ ԱՄՆ հյուսիսը դառնա «Նոր Մերձավոր Արևելք»: Մեծ թափով իրագործվող այս ծրագիրը կարող է կանխվել միայն մի պարագայում` եթե ընկնի նավթի գինը:

Փորձագետների կարծիքով` ամերիկյան արդյունահանումը տնտեսապես աննպատակահարմար կդառնա, եթե մեկ բարելի գինը նվազի 75 դոլարից: Դա համարյա անհավանական է: 2012թ. նավթի միջին գինը կազմել է 107 դոլար` մեկ բարելի դիմաց: Ենթադրվում է, որ այս տարի ԱՄՆ-ը կարտահանի իր արդյունահանած նավթի 41 տոկոսը: Սրանք, իհարկե, համաշխարհային շուկայի մեծ խաղերն են:

Բայց նավթի ու մյուս էներգակիրների գնաճը, ուզես թե չուզես, ազդելու է մեր տնտեսության վրա: Գնաճ է ապահովելու: Կամ լուրջ փաստարկ մեր խիստ մոնոպոլիզացված տնտեսության մեջ գնաճը բացատրելու համար: Կարևորը դա է: Նույնիսկ այս` նախընտրական շրջանում մեր իշխանությունները չեն թաքցնում, որ եկող տարի վերանայվելու է բնակչությանը մատակարարվող գազի գինը: Այ այսպես` «թողած դարդը մեր, դարդը լեռ ու բեռ, հոգում ենք դարդը համայն աշխարհի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս