«Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հնարավորություններով»
Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ
– Նախ հետաքրքիր է` նախկինում` որպես լրագրող, ներկայացնում էիք հանրության շահերը, կապող օղակ էիք հանրության և իշխանությունների միջև: Հիմա, փաստորեն, իշխանական թևի պատգամավոր եք: Դիսկոմֆորտ չե՞ք զգում:
– Բոլորովին, անհարմարություն չեմ զգում: Բարեբախտաբար, ինձ տրվեց ընտրություն կատարելու հնարավորություն, և ես` լրագրող աշխատելու տարիներս համարելով ինքնաբավ, մտածեցի, որ այն, ինչ կարող էի անել լրագրության մեջ, արդեն արել եմ, և այժմ տեղափոխվել եմ այլ աշխատանքի, որտեղ, կարծում եմ` բավական ասելիք և անելիք ունեմ, համոզված եղեք, որ այստեղ մեր հասարակությանը պակաս օգտակար չեմ լինի, քան լրագրողական տարիներին:
– Որպես օրինակ` կնշե՞ք, թե այս ընթացքում օրենքի ի՞նչ նախագծերով և առաջարկություններով եք հանդես եկել:
– Իմ ներկայացրած հանձնաժողովը` Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, առանձնապես նախագծերի հեղինակ չի եղել, և այդ հանձնաժողովի անդամները նախագծերի հեղինակ կամ համահեղինակ են դարձել` դրսևորելով իրենց անհատական ակտիվությունը: Ինքս առայժմ որևէ նախագծի հեղինակ չեմ դարձել, քանի որ գտնում եմ, որ օրինաստեղծ աշխատանքում դեռ սովորելու բաներ ունեմ, սակայն որոշակի առաջարկներ եմ արել Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովին, մասնավորապես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների հետ կապված: Կարծում եմ` դրանք կներառվեն, և այդ դեպքում ես կդառնամ համահեղինակ: Որոշակի առաջարկներ ունեմ` կապված Քրեական օրենսգրքում փոփոխությունների հետ` նկատի ունեմ վիրավորանքի և զրպարտության հոդվածները: Կան ևս մի մեծ շարք այլ օրինագծեր, որոնք ես դեռ ուսումնասիրում եմ, և չեմ բացառում, որ առաջիկայում դրանք կներկայացնեմ:
– Օրեր առաջ ԱԺ-ում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության տարեկան հաղորդումը, և Դուք առաջարկեցիք խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին` վերաբացել մանկական «Բարի գիշեր» հաղորդումը: Արդյոք իշխանության առաջարկը լսելի՞ էր:
– Կարծում եմ, իմ հարցերը շոշափում էին հասարակությանը հետաքրքրող շրջանակներ, և կոնկրետ «Բարի գիշերի» վերաբացման հարցիս պատասխանը, ցավոք, մխիթարական չէ, և անհասկանալի էր ինձ համար` արդյո՞ք կվերականգնվի այն, թե՞ ոչ: Հանրային հեռուստառադիոընկերության մասին հարցրեցիք, ուզում եմ մեկ հարցի մասին ևս խոսել: Հավանաբար, դատելով այդ հարցի քննարկման ժամանակ իմ ակտիվությունից, ինչ-որ մեկը, կամ` ոմանք, լուրեր էին տարածել, թե իբր այդտեղ ինձ պաշտոն են առաջարկելու:
Առիթն օգտագործելով` ուզում եմ կրկին, դարձյալ և նորից հերքել այդ լուրերը և նշել, որ գոնե այդ կարգի կեղծ լուրերի կամ շշուկների մակարդակով պետք չէ իմ անունը շոշափել, քանի որ ով` ով, ես, ինչպես բոլոր պրոֆեսիոնալ լրագրողները, շատ լավ հասկանում ենք, թե որոշակի լուրեր ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ նպատակով են ծնվում:
– Երեքշաբթի Ձեր կուսակից գործընկեր Կարեն Ավագյանն իր ելույթում խոսեց ընդդիմության մասին` նշելով, թե այսօրվա ընդդիմությունն ինքնիշխան չէ, այնտեղ էլ առկա են ինտրիգներ և պառակտումներ: Համամի՞տ եք այս կարծիքին, և ինչպե՞ս կգնահատեք այսօրվա ընդդիմությունը:
– Իսկ մի՞թե դա տեսանելի չէ անգամ անզեն աչքով, կարծում եմ` դա բավական ցայտուն իրականություն է: Պետք է կրկնեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի արտահայտությունը, որն արեց ներքաղաքական հայտնի բավականին լարված իրավիճակում, տարիներ առաջ` իշխանությունն իր թիկունքին պետք է զգա ընդդիմության շունչը: Համամիտ եմ: Տեսեք, թե այսօր ի՞նչ է կատարվում մեր ընդդիմության ներսում` և՛ ՀԱԿ-ում, և՛ «Ժառանգությունում», և՛ «Ազատ դեմոկրատներում» (միակ, բարեբախտաբար, նորմալ մթնոլորտը ՀՅԴ-ի ներսում է):
Այն վայրիվերումները, այն չհասկացվածության պատը, որ գոյություն ունի «Ժառագության», ՀԱԿ-ի և մյուսների ներսում, ուղղակի տխուր ենթադրությունների տեղիք է տալիս: Եթե մի քաղաքական ուժ իր ներսում չի կարողանում իր հարցերը լուծել, ապա այն ինչպե՞ս պետք է առաջնորդի ժողովրդին, ինչպե՞ս պետք է տանի մի տեղ, որտեղ ժողովուրդը և հասարակությունն ակնկալում է հասնել, այսօրվա ընդդիմության մեջ չեմ տեսնում այն առաջնորդող քաղաքական ուժը, որն ունի բավարար քաղաքական և մարդկային կամք և կապիտալ` հասարակությանը և ժողովրդին առաջնորդելու համար: Այլ կերպ ասած` այս պահին ընդդիմության մեջ չկա այն ուժը, որն իր ետևից կտանի հասարակությանը:
Թերևս, ճիշտ են այն տեսակետները, թե մի քանի մարդ եկել-տեղավորվել են Ազգային ժողովում` ժողովրդին և հասարակությանը թողնելով դրսում: Ցավոք, մենք այսօր ունենք այս իրականությունը: Շատ կցանկանայի տեսնել ուժեղ ընդդիմություն, և այդ ուժեղությունը չափվեր ոչ թե ԱԺ ամբիոնում բարձր բղավելով, կոկորդային ձայներ հանելով, այլ դրսևորվեր այն աշխատանքով, որն իրենք կիրականացնեն հասարակության հետ: 2008թ. ունեինք ուժեղ ընդդիմություն, որին հաջողվեց հասարակությանը հանել հրապարակ, մինչդեռ այսօր մենք չունենք այդ ընդդիմությունը: Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով:
– Ըստ Ձեզ` ի՞նչ փոխվեց:
– Ընդհանրապես, բոլոր հարաբերություններում, երբ կորչում է հավատն ու վստահությունը, ամեն ինչ փոխվում է: Հասարակության մեծ մասն այլևս չի հավատում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որովհետև չի տեսնում հեռանկար, ոչ հեռավոր անցյալում` անսալով ընդդիմության ձայնին` մարդիկ դուրս էին եկել հրապարակ, սրան հետևեցին հայտնի գործողությունները, և հասարակության մեծ մասը հիասթափվեց:
Ընդդիմությունն այս պահին ասելիք չունի իր ընտրազանգվածին, հակառակ դեպքում` տեղի կունենան և՛ հանրահավաքներ, և՛ բազմամարդ ակցիաներ: Սա չկա, սակայն, բարեբախտաբար, մենք այսօր ունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ ավելի արդյունավետ է աշխատում կոնկրետ հարցերի լուծման դեպքում:
– Բայց հասարակությունը չի հավատում նաև իշխանությանը: Հասարակության մեջ ձևավորվել է միայնակ մնալու զգացողություն:
– Որևէ ժամանակաշրջանում և որևէ երկրում հասարակությունը չի հավատացել իշխանությանը: Որպես օրինակ` կարող եք հետևել արտերկրում կատարվող իրադարձություններին` հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, վարչապետերի հրաժարականներ, և այլն:
Դա բնական գործընթաց է: Բայց եկեք ընդունենք, որ երբ հասարակությունը խնդիր է ունենում, գնում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության դուռը` իր այս կամ այն հարցը լուծելու համար: Որքան էլ ասում եք` չի հավատում, բայց իր խնդիրների լուծումն, այնուամենայնիվ, կապում է իշխանության հետ, քանի որ հասկանում է` առաջին. իշխանությունը պարտավոր է լուծել իր խնդիրները, և երկրորդ` միայն իշխանությունը կարող է լուծել այդ խնդիրները: Դա է պատճառը, որ, ինչպես դուք եք կարծում` չհավատալով, այնուամենայնիվ, հավատում է:
– Եվ միևնույն ժամանակ` հուսալքված թողնում-գնում են երկրից:
– Ցավոք, այո՛, մենք այսօր ունենք արտագաղթ, ինչի դեմն առնելու կոնկրետ և արդյունավետ քայլեր պետք է արվեն: Բարեբախտաբար, ռուսաստանյան «Համերկրացիներ» ծրագիրը փակվել է, և կարծում եմ` հիմա մեր ներսում կարող ենք լուծել մեր խնդիրները: Սա բավական նուրբ թեմա է, և ես իրավունք չունեմ մեղադրել երկրից գնացողներին, իսկ մնացողներին` փառաբանել: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ապրելու տեղն ու հնարավորությունները:
Ինքս երազում եմ ապրել այնպիսի Հայաստանում (և կարծում եմ` կամաց-կամաց գնում ենք դեպի այդ Հայաստանը), որտեղից մարդիկ չցանկանային հեռանալ, այսինքն` սոցիալական արդարության խնդիրը լուծված լիներ ամենաբարձր մակարդակով, բավարար չափով լուծված լինի աշխատեղերի, աշխատավարձերի խնդիրը: Այս օրերին ԱԺ-ում քննարկվում էր նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը, տարբեր քաղաքական գնահատականներ հնչեցին: Տեսեք, նախընտրական շրջան է, և սրանից ավելի լավ PR ակցիա, քան աշխատավարձերի բարձրացումը` դժվար է պատկերացնել:
Այսինքն` եթե կառավարությունն ունենար հնարավորություն` նվազագույն աշխատավարձը դարձնելու ոչ թե 35.000 դրամ, այլ 75 կամ 175.000 դրամ` անկասկած կաներ, քանի որ սրանից լավ PR ակցիա դժվար էր պատկերացնել: Ուրեմն` այսօր չկա այդ հնարավորությունը: Չեմ ուզում մտնել տնտեսագիտական քննարկումների դաշտ, բայց և չեմ ուզում հավատալ, թե կար ավելին անելու հնարավորություն, և չարվեց:
– Տիկին Եսայան, այնուամենայնիվ, պատգամավոր դառնալով` ի՞նչ կորցրեցիք:
– Պատգամավոր դառնալով` չկորցրեցի ամենակարևորը` իմ ընկերներին:
Լրագրող աշխատած տարիներից լրագրող ընկերներս այսօր դարձյալ իմ ընկերներն են, նաև բոլոր այն ընկերներս, որ քաղաքական դաշտում էին, երբ ես լրագրող էի, այսօր նույնպես մնում են իմ ընկերները: Այսինքն` ընկերական հարթությունում ոչինչ չեմ կորցրել, ինչն ինձ համար ամենամեծ արժեքներից է: Իսկ շահել եմ մեծ հնարավորություններ` ավելի շատ օգտակար լինելու մարդուն:
– Իսկ կարոտո՞ւմ եք լրագրությունը:
– Կարոտում եմ այն ամենօրյա ռիթմին, այն խելագար վազքին, որով ապրում էի լրագրողական ամեն օրս, իսկ զուտ գրելու իմաստով` առանձնապես կարոտի զգացողություն չունեմ, որովհետև ես ակտիվ եմ և՛ իմ բլոգն աշխատեցնելով, և՛ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, և՛ իմ սեփական գիրքն եմ պատրաստում տպագրության: Սա նովելների քառալեզու գիրք է, որը որոշել եմ կոչել «Թեժ աշուն»: Ստեղծագործելու իմաստով կարոտելու խնդիր չունեմ, սակայն երբեմն-երբեմն կարոտում եմ հարց տալու հնարավորությանը:
Հ.Գ. Այսօր մեր գործընկեր Մարգարիտ Եսայանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նրան: