Օպտիմալացում – 2
Եթե սրանից ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իշխող կուսակցությունը խոստանում էր հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ապա այսօր խոսք է գնում կրճատումների մասին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ տարբեր ոլորտներում զգացվում է աշխատուժի պակաս։ «Այսինքն, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ։ Այս խնդիրը մեր առջև սրությամբ դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Երկու օր առաջ անցկացրեցինք խորհրդի նիստ. ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ անհրաժեշտ է աշխատանքային ռեսուրսներ»,- ասել է Տ. Սարգսյանը։
Նա նաև նշել է նշել է, որ անցած շաբաթ այցելել է մարզեր և նույն խնդիրը բարձրացնում են նաև մարզպետներն ու համայնքների ղեկավարները. «Օրական 5-7 հազար դրամ վարձատրությամբ չեն կարողանում աշխատողներ ապահովել, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները կարողանան լուծել։ Քիմիական արդյունաբերությունում, քաղաքապետարանում ևս նմանատիպ խնդիրներ են դրվում մեր առջև, որ աշխատուժի պահանջարկ կա և մենք չենք կարողանում բավարարել այդ պահանջարկը։ Այս խնդիրը բոլորիս պետք է մտահոգի և մեզ համար դառնա առաջնային լուծում պահանջող խնդիրներից»։
Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, կապի, կանաչապատման, սանմաքրման, մոտ 300 աշխատողի պահանջ կա։ «Հիմնականը վարորդների, կանաչապատման և սանմաքրման աշխատողների։ Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ և այդտեղ մենք խնդիրներ ունենք»։ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն էլ տեղեկացրել է, որ հենց այժմ մոտ 150 տարբեր պրոֆիլի մասնագետների կարիք ունեն Վանաձորի քիմպրոմի թողարկման հետ կապված։
Այս ամենը լսելուց հետո Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տվել իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել՝ կապված աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ, որը պետք է զուգակցվի աշխատավարձերի բարձրացումով։ «Տարվա կտրվածքով այս պահի դրությամբ ամփոփելով սեպտեմբեր ամիսը՝ տեսնում ենք, որ աշխատավարձերի մոտ 5,3 տոկոսի իրական աճ ունենք, ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճը գերազանցում է պետական հատվածում աճին։ Բայց պետք է գնանք այն ճանապարհով, որ արտադրողականությունը բարձրացնենք, այսինքն, պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է»,- ասել է Տ. Սարգսյանը։
Այն, որ արտադրողականությունը բարձրացնել պետք է, և որ պետական հիմնարկների աշխատողների թիվը ուռճացված է, գաղտնիք չէ։ Բնական է նաև, որ որոշ դեպքերում պետությունը պետք է գնա ոչ պոպուլյալ քայլերի՝ օպտիմալացման, ինչի մասին խոսել է վարչապետը։ Սակայն այստեղ կա հակասություն։ Վարչապետը սկզբում խոսում է աշխատուժի, որակյալ կադրերի պակասի մասին, իսկ հետո որպես լուծում առաջարկում օպտիմալացումը։ Ստացվում է՝ աշխատուժ կա, սակայն պետության առաջարկած վարձատրության չափը նրանց չի գոհացնում։